Կարեն Խասիկյան
PR-ը` որպես մասնագիտական առանձին ոլորտ, ձևավորվեց Միացյալ Նահանգներում: Կարևորելով հանրության հետ հարաբերություների ձևավորումն ու պահպանումը` առաջին անգամ երկրի Դեմոկրատական կուսակցությունում ստեղծվեց PR-խորհրդատուի պաշտոն:
Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներում, հանրային կապերի ձևավորմանը և զարգացմանը հիմք դրվեց միայն Խորհրդային Միության փլուզումից հետո. նոր-նոր վերացել էր խորհրդային քարոզչական համակարգը, ինչը պարտադրում էր հանրության հետ պետության միակողմանի շփում: Մոտ յոթ տասնամյակ անց, տոտալիտար իշխանական համակարգին ընտելացած արդեն նախկին Խորհրդային Հանրապետությունների ժողովուրդները զգացին պետության հետ երկկողմանի հարաբերությունների, պետության կառավարմանը վերաբերող հրապարակման ենթակա տեղեկատվության ազատ շրջանառության անհրաժեշտությունը, ինչի իրագործմանը նպաստում են լրագրողները:
Այն մասին, թե ինչպիսին են տեսնում լրագրողների հետ իրենց հարաբերությունները պետական և հանրային նշանակության մարմինների PR-մասնագետները, փորձեցինք պարզել: Մեր հարցերին պատասխանում են ՀՀ Մշակույթի և Տարածքային կառավարման նախարարությունների հասարակայնության հետ կապերի բաժինների ղեկավարներ Գայանե Դուրգարյանն ու Անահիտ Հայթայանը և ՀՀ Սահամանադրական Դատարանի նախագահի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
-Լրատվական ծառայության աշխատակցի մասնագիտական փորձից ելնելով` լրագրողների հետ համագործակցության ինչպիսի՞ պատկեր է ձևավորվել:
Հ.Պ. –Ընդհանրապես, մամուլի քարտուղարի և լրագրողների շփման որակը էապես կախված է մարմնի լրատվական ծառայության ղեկավարի աշխատանքային փորձից նախքան լրատվականի պատասխանատուի պաշտոնը ստանձնելը: Ըստ իս` լրատվության համար պատասխանատու աշխատակիցն անպայմանորեն պետք է ունենա լրագրողական աշխատանքի փորձ: Դա նպաստում է երկկողմ հարաբերությունների հնարավորինս արդյունավետ լինելուն: Ես ինքս նախքան ՍԴ նախագահի մամուլի քարտուղար լինելը, աշխատել եմ որպես լրագրող: Այսօրվա լրագրողներն ինձ գիտեն` որպես ոլորտի նախկին աշխատակցի, ինչն էականորեն նպաստում է, որպեսզի մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի վրա:
Ա.Հ. –Ընդհանուր առմամբ դրանք նորմալ են, աշխատանքային. լինելով նախկին լրագրող` ես, իհարկե, գիտակցում եմ տեղեկատվության կարևորության չափը լրագրողի համար, և որ ոչ պակաս կարևոր է, դրա` ժամանակին տրամադրումը: Այդ ուղղությամբ աշխատանք մշտապես տարվում է. այնուամենայնիվ, եթե ինչ-ինչ պատճառներով դժվարանում եմ ինֆորմացիա տրամադրել, փորձում եմ ուղղորդել լրագրողին` ՙցույց տալով այն պաշտոնյային, որից նա կարող է ստանալ անհրաժեշտ նյութը:
Գ.Դ. -Եթե խնդիրներ առաջանում են, ապա միայն այն պատճառով, որ հաճախ լրագրողները և, հատկապես, սկսնակները դաշտին չտիրապետելու պատճառով ճիշտ չեն կարողանում կողմնորոշվել, չեն կարողանում ճիշտ ձևակերպել իրենց հարցադրումները. երբեմն նույնիսկ չեն գիտակցում, թե ինչ է իրենց ուզածը: Լինում են դեպքեր, երբ գալիս են ինֆորմացիա ստանալու արդեն կանխակալ վերաբերմունքով` ցանկանալով ստանալ իրենց հարցի այն պատասխանը, որն իրենք նախապես մտածել են:
– Արդյոք Ձեր ներկայացրած մարմինը մեդիա-ռիլեյշնսի շրջանակներում, սեմինարների, քննարկումների տեսքով պահպանո՞ւմ է լրագրողների հետ ոչ պաշտոնական հարաբերություններ:
Ա.Հ. –Ոչ պարբերաբար, սակայն ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ լինում են, երբ լրագրողները տարածքային կառավարմանն առնչվող թեմաներով լուսաբանումներ են իրականացնում և դիմում են ինձ ինչ-ինչ անհասկանալի ՙպահեր պարզաբանելու, բացատրելու, երբեմն էլ` ուղղորդելու համար:
Հ.Պ. – Բոլոր այն լրագրողները, ովքեր առաջին անգամ են գալիս դատական նիստ լուսաբանելու, անպայմանորեն հանդիպում են մեր բաժնի աշխատակցուհու հետ` պարզաբանելու իրենց համար անհասկանալի այս կամ այն հարցերը. մենք բացատրում ենք նրանց դատական նիստերը ճիշտ լուսաբանելու կարգը, բացատրում ենք ՍԴ-ի գործառույթները և այլն: Իսկ ընդհանրապես, տարեկան մեկ անգամ մեզ մոտ տեղի են ունենում միջազգային գիտական սեմինարներ, երկու-երեք օր տևողությամբ, որին մասնակցում են երեսունից ավելի երկրների ներկայցուցիչներ: Դրանցից մեկ շաբաթ առաջ մենք նախապես լրագրողներին հրավիրում ենք մեզ մոտ հանդիպման. դրա ընթացքում իրենց բացատրում ենք նախորդ սեմինարների նրբությունները, երբեմն դա անելով նաև այդ սեմինարների ընթացքում պատրաստած ֆիլմերի միջոցով, որոնց նպատակն է բացատրել հաջորդ գիտաժողովի դերը:
Գ.Դ. –Ֆինանսական սուղ հնարավորությունների պատճառով նման միջոցառումները պարբերաբար բնույթ չեն կրում, սակայն այս տարվա իմ աշխատանքային հաշվետվության մեջ ես առաջարկ եմ ներկայացրել Մշակույթի նախարարին հնարավորության դեպքում նախարարությունում կազմակերպել դասախոսություններ, կլոր սեղաններ, ոչ ֆորմալ հանդիպումներ` ոլորտի մասնագետների գլխավորությամբ երիտասարդ, սկսնակ լրագրողների համար: Նախարարությունը հարաբերությունների կարիք է զգում ոլորտին տեղյակ լրագրողների հետ. մենք շահագրգռված ենք, որպեսզի նախարարության գործունեության մասին ինֆորմացիան գրագետ ներկայացվի հանրությանը:
-Լրագրող-գրատեսչություն հարաբերություններում մեծ դեր ունի լրագրողի հավատարմագրումը: Դուք որքանո՞վ եք կարևորում այն:
Ա.Հ. – Հավատարմագրումը ճիշտ է այն առումով, որ լրագողը, երկար ժամանակ աշխատելով նույն գերատեսչության հետ, ավելի լավ է պատկերացնում տվյալ մարմնի լիազորությունները, գործառույթները: Սակայն արդարացիորեն պետք է նկատել, որ երկարատև շփումների ընթացքում, երբ ձևավորվում են մտերմական հարաբերություններ տվյալ գերատեսչության հետ, երբեմն կարող է տուժել հավասարակշիռ լուսաբանումը:
Գ.Դ -Հավատարմագրումը ֆիկտիվ բնույթ է կրում. եթե հղում անենք օրենքին, ապա այնտեղ ասվում է, որ լրատվականի աշխատակիցը իրավունք չունի մերժելու տեղեկատվության տրամադրումը անկախ նրանից, հավատարմագրված է լրագրողը, թե ոչ:
Հ.Պ. – Խոսելով տեխնիկական խնդիրների մասին` հասկանալի է, որ հավատարմագրումը հեշտացնում է լրագրողի մուտքը ՍԴ, սակայն դա կարևոր է նաև հետևյալ առումով. հավատարմագրված լրագրողները նրանք են, ում հետ մենք մշտապես աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել և եթե իրենց նյութերում սխալ լուսաբանում են թույլ տալիս, մենք իրենց նկատողություն անելու հնարավորություն ունենք: Սակայն երբեմն էլ գալիս են անծանոթ լրագրողներ, որոնք կամ ոլորտին դեռ գիտակ չեն կամ էլ ուղղակի մեզ են անծանոթ, որոնց թյուր լուսաբանման դեպքում մենք ոչինչ չենք կարող անել: Հավատարմագրված լրագրողները դառնում են դատարանի աշխատակցի նման մի բան: