Հրապարակումներ

Հրապարակումներ

«Մամուլի քարտուղարն անպայման պետք է լրագրող լինի»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

«Մամուլի քարտուղարն անպայման պետք է լրագրող լինի»

Կարեն Խասիկյան

Լրագրողների հետ Սահմանադրական դատարանի հարաբերությունների մասին պատմում է ՍԴ նախագահի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

-Պրն. Պապիկյան, ո՞ր թվականից եք աշխատում ՍԴ-ում` որպես դատարանի նախագահի մամուլի քարտուղար և Ձեր աշխատանքային փորձից ելնելով` լրագրողների հետ համագործակցության ինչպիսի պատկեր է ձևավորվել:

-Ընդհանրապես մամուլի քարտուղարի և լրագրողների միջև շփման որակը մեծապես կախված է այն բանից, թե ինչպիսի աշխատանքային փորձ է ունեցել տվյալ մարմնի լրատվական բաժնի ղեկավարը մինչև մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնելը: Կարծում եմ` նա պետք է անպայմանորեն լրագրողական գործունեության փորձ ունենա: Մասնագիտական փորձ ունենալով` նա ավելի լավ է գիտակցում լրագրողի աշխատանքը և երկկողմանի շփումն ավելի արդյունավետ է դառնում: Որպես մամուլի քարտուղար` Սահմանադրական Դատարանում ես աշխատում եմ 2000 թվականից, և ինքս, բարեբախտաբար, ունեմ լրագրողական գործունեության փորձ և’ թերթերում, և’ ռադիոյում ու հեռուստատեսությունում: Այսօրվա լրագրողներն ինձ գիտեն` որպես ոլորտի նախկին աշխատակցի, ինչը մեծապես նպաստում է, որպեսզի մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի վրա:

– Լինում են դեպքեր, երբ լրագրողները ժամանում են դատական նիստերը լուսաբանելու ուշացած, աղմկելով` այդպիսով խոչընդոտելով գործընթացին. ինչպե՞ս եք վարվում այդ դեպքում:

-Այո, նման դեպքեր լինում են. սակայն մենք ընդառաջում ենք նրանց, և հսկիչին էլ զգուշացնում, որ ուշացման դեպքում զիջի. մասնավորապես, հեռուստաընկերությունների դեպքում միշտ չէ, որ ծառայողական մեքենան ժամանում է նշված ժամին: Մենք զիջում ենք, թեև բավականին տգեղ երևույթ է, երբ նիստը սկսված` օպերատորը նոր-նոր բացում է իր շտատիվը` աղմկելով դահլիճում: Խնդիրները հիմնականում հենց նրանց հետ են կապված, քանի որ միայն հեռուստատեսության աշխատակիցներն են, որ գալիս են ծանր տեխնիկայով:

-Պրն Պապիկյան, մեդիա-ռիլեյշնսի շրջանակներում, սեմինարների, քննարկումների տեսքով ոչ պաշտոնական հարաբերություններ լրագրողների հետ ՍԴ-ն պահպանո՞ւմ է, թե՞ ոչ:

-Բոլոր այն լրագրողները, ովքեր առաջին անգամ են գալիս դատական նիստ լուսաբանելու, անպայմանորեն հանդիպում են մեր բաժնի աշխատակցուհու հետ` պարզաբանելու իրենց համար անհասկանալի այս կամ այն հարցերը. մենք բացատրում ենք նրանց դատական նիստերը ճիշտ լուսաբանելու կարգը, բացատրում ենք ՍԴ-ի գործառույթները և այլն: Իսկ ընդհանրապես, տարեկան մեկ անգամ մեզ մոտ տեղի են ունենում միջազգային գիտական սեմինարներ, երկու-երեք օր տևողությամբ, որին մասնակցում են երեսունից ավելի երկրների ներկայցուցիչներ: Դրանցից մեկ շաբաթ առաջ մենք նախապես լրագրողներին հրավիրում ենք մեզ մոտ հանդիպման. դրա ընթացքում իրենց բացատրում ենք նախորդ սեմինարների նրբությունները, երբեմն դա անելով նաև այդ սեմինարների ընթացքում պատրաստած ֆիլմերի միջոցով, որոնց նպատակն է բացատրել հաջորդ գիտաժողովի դերը:

-Լրագրող-գերատեսչություն հարաբերություններում մեծ դեր ունի լրագրողի հավատարմագրումը. Դուք որքանո՞վ եք կարևորում այն:

-Խոսելով տեխնիկական խնդիրների մասին` հասկանալի է, որ հավատարմագրումը հեշտացնում է լրագրողի մուտքը ՍԴ, սակայն դա կարևոր է նաև հետևյալ առումով. հավատարմագրված լրագրողները նրանք են, ում հետ մենք մշտապես աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել և եթե իրենց նյութերում սխալ լուսաբանում են թույլ տալիս, մենք իրենց նկատողություն անելու հնարավորություն ունենք: Սակայն երբեմն էլ գալիս են անծանոթ լրագրողներ, որոնք կամ ոլորտին դեռ գիտակ չեն կամ էլ ուղղակի մեզ են անծանոթ, որոնց թյուր լուսաբանման դեպքում մենք ոչինչ չենք կարող անել: Հավատարմագրված լրագրողները դառնում են դատարանի աշխատակցի նման մի բան:

-Պրն Պապիկյան, իսկ քաղաքական հնչեղ գործեր քննելիս լրագրողների հավատարմագրման ի՞նչ առանձնահատուկ կարգ է գործում ՍԴ-ում:

-Նման կարգ գոյություն չունի. մենք որևէ կերպ չենք սահմանափակում լրագրողների մուտքը դատարան. նման բան հնարավոր է միայն շենքային սահմանափակ հնարավորությունների պատճառով, քանի որ դատարանի դահլիճը փոքր է (ընդամենը հարյուր նստատեղ). սակայն այդ մասին մենք զգուշացնում ենք նրանց:

– Ի՞նչ հաճախականությամբ եք թարմացնում պաշտոնական կայքը:

-Մեր բաժինը պատասխանատու է միայն դատարանի նախագահի ունեցած հանդիպումների, ինչպես նաև ՍԴ-ում տեղի ունեցող դատական նիստերի մասին ինֆորմացիան հանրությանը հասցնելու համար: Այդ հանդիպումները կամ նիստերը տեղի ունենալու օրվա անմիջապես երեկոյան մենք լուրերը տեղադրում ենք կայքում:

 

Skip to content