Հրապարակումներ

Հրապարակումներ

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

«Տեղեկատվությունը լրագրողի «հացն» է»,- բավական հաճախ սիրում են կրկնել լրագրողները: Առանց տեղեկատվության ազատության լրագրողի գործունեությունն անիմաստ է և անհնարին: Սա ընդունելի է թերևս բոլոր լրագրողների, ինչպես նաև տարբեր մարմինների կողմից, որոնց լրատվական ծառայությունների հետ լրագրողները պարբերաբար հարաբերվում են տեղեկատվություն ստանալու ակնկալիքով: Այս իմաստով, հատկապես, կարևոր են լրագրողների և պետական կառավարման մարմինների միջև հարաբերությունները, որոնց լրագրողները դիմում են առավել հաճախ:

Սակայն գերատեսչությունների հետ գործնական շփումը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, լրագրողը «ապահովագրված» չէ հանրային հրապարակման ենթակա անգամ պարզագույն տեղեկությունների տրամադրման մերժումից. քիչ չեն նաև  օրենքով սահմանված ժամկետներում  այն չտրամադրելու դեպքերը: Պատճառները բազմազան են: Ցանկանալով ճշտել դրանք` դիմեցինք մի շարք լրագրողների` պարզելու պետական կառավարման գերատեսչությունների հետ շփման նրանց  փորձի մանրամասները:

Գերատեսչությունների  լրատվական ծառայությունների հետ շփումների մասին խոսելիս լրագրողները հաճախ նշում են լրատվական ծառայությունների կողմից լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության մասին` ասելով, որ տեղեկատվություն ստանալու օպերատիվությունը շատ դեպքերում կախված է նրանից, թե որ լրատվամիջոցն ես ներկայացնում` ընդդիմադիր մամուլի լրագրող ես, թե կառավարամետ, ինչպես և էական է այն, թե այնուամենայնիվ ներկայացնում ես որևիցե լրատվամիջոց, թե հանդես ես գալիս որպես անկախ լրագրող: «Շատ բան է կախված լրագրողի պատրաստվածությունից,-ասում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Գալուստ Նանյանը: -Եթե դու գնում ես հարցազրույցի, ճիշտ պատրաստված լինելով, ճիշտ ձևակերպելով քո հարցերը, ընդունելությունը նորմալ է: Բացի այդ, կարևոր է այն, թե ինչ լրատվամիջոց ես ներկայացնում. եթե պետական լրատվամիջոցից ես, ապա լավ ձևով են ընդունում,-ասում է նա,-ես ժամանակին աշխատել եմ «Օր» թերթում. այն ժամանակ, երբ դիմում էի որևէ պետական մարմնի` իմանալով իմ ներկայացրած լրատվամիջոցի անունը, տեղեկատվության տրամադրումը հետաձգում էին «այսօր-վաղը» մեթոդով»: «Ես, լուսաբանելով կրթության ոլորտի թեմաներ, մշտապես շփվում եմ Կրթության և գիտության նախարարության հետ, որի լրատվական ծառայությունը մշտապես աջակցում է ինձ, իսկ ինֆորմացիա չունենալու դեպքում ուղղորդում, թե ում կարող եմ դիմել ինձ հետաքրքրող հարցով,-ասում է Հանրային ռադիոյի լրագրողուհի Հասմիկ Ղարսելյանը,- այդ իմաստով դժվար է հիշել այնպիսի դեպք, երբ ես որևէ հարցով դիմեմ ու ինձ մերժեն»: Մյուս կողմից` «Շատ վատ է աշխատում Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը,-հավատացնում է ռուսալեզու «Նովոյե Վրեմյա» պարբերականի լրագրողուհի Մարիետա Մալումյանը: -Շատ դեպքերում զանգահարում ես իրենց, ասում, որ այսինչ ինֆորմացիան է քեզ շտապ հարկավոր, իսկ իրենք պատասխանում են, թե «մենք այդ խնդրի մասին չենք լսել, տեղյակ չենք» կամ էլ հետաձգում են դրա տրամադրումը, հաստատումը կամ էլ հերքումը. լրատվական ծառայությունն իրավունք չունի նման պատասխան տալու»,- ասում է լրագրողուհին: Փոխարենը, սակայն, ըստ նրա, բավական պրոֆեսիոնալ է աշխատում ՀՀ Անշարժ գույքի Պետական Կադաստրի, Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունները. «Ցանկացած դեպքում պատրաստ են օպերատիվ և ամբողջական ինֆորմացիա տրամադրել»,- ասում է նա: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողուհի Վարդուհի Մանուկյանի հավաստմամբ` մարմինների հիմնական մասը, որոնց նա դիմում է տեղեկություն ստանալու համար, համարյա մշտապես պատրաստ են իրեն հետաքրքրող թեմաների վերաբերյալ պարզաբանումներ տալ: «Ես հաճախ շփվում եմ քաղաքապետարանի հետ, որը երևի թե եզակի կառույցներից է, որ մշտապես պատրաստակամ է: Նույնիսկ, եթե ինձ հետաքրքրող պաշտոնյայի հետ տվյալ պահին ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով անհնար է խոսել, իրենք ինձ տրամադրում են իր անձնական հեռախոսահամարը անձամբ կապ հաստատելու համար»,- ասում է նա: Փոխարենը, ըստ Վ. Մանուկյանի, խնդիրներ են առաջանում Ոստիկանության լրատվական ծառայության հետ աշխատելիս. «Չենք կարողանում կապնվել, իսկ կապնվելիս էլ, հաճախ է պատահում, խնդրում ենք հաստատել կամ ժխտել արդեն տարածված կոնկրետ տեղեկատվություն, իսկ իրենք պատասխանում են, որ այդ մասին տեղյակ չեն կամ էլ թե` «Կես ժամից կայքում կտեղադրենք, կիմանաք», մինչդեռ լուրերն արդեն տարածվել են, իսկ կես ժամ հետո արդեն հնացած լուրը հեռուստատեսության ինչին է պետք»,- բողոքում է Վ. Մանուկյանը: Նույն հեռուստաընկերության մեկ այլ լրագրողուհի Աննա Դավթյանը ևս հաստատում է, որ միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է անցնում, սակայն լավ աշխատանքի օրինակներ, այնուամենայնիվ կան. ՙԵս հիմնականում աշխատում եմ առողջապահական ոլորտում և օրինակ շփվելով Առողջապահության նախարարության հետ` պետք է ասեմ, որ լավ են աշխատում. եթե ծառայության ղեկավարը ինչ-որ պատճառներով տեղում չի լինում, միշտ կա մեկը, որն անպայման փոխարինում է նրան ու ինձ տրամադրում հետաքրքրող ինֆորմացիան»: Նույնը հաստատում է Վ. Մանուկյանը` աշխատանքի դրական որակով աչքի ընկնող մարմինների շարքում դասելով նաև Աշխատանքի և սոցիալական ապահովության, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունները: «Երբ դիմում եմ իրենց հարցազրույցի խնդրանքով, անմիջապես կազմակերպում են, հրավիրում»,- նշում է լրագրողուհին: «Բազմաթիվ խնդիրներ են առաջանում «Երևան Ջուր» ընկերության հետ հարաբերությունների ընթացքում. իրենց հետ կապնվել հնարավոր է միայն նամակագրության շնորհիվ,- ասում է Վարդուհի Մանուկյանը,- նամակում պետք է շարադրես հարցերդ, իրենք ընթերցեն, վերլուծեն և հետո նոր միայն պատասխանեն, այն էլ կրկին նամակագրության միջոցով, բայց չէ որ ես հեռուստատեսության համար եմ նյութ պատրաստում. ինձ պետք է կենդանի խոսք»,- պարզաբանում է նա: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրողուհի Գայանե Գասպարյանն էլ առանձնացրեց  Խորհրդարանի լրատվական ծառայության բաժնի աշխատանքը. «7-8 տարի է, ինչ աշխատում եմ միայն ԱԺ-ի հետ, որի ընթացքում լրատվական բաժնի աշխատողների հետ ստեղծվել են նորմալ աշխատանքային հարաբերություններ»: «Այնուամենայնիվ շփումներն ավելի դյուրին են հասարակական և այլ կազմակերպությունների հետ, քան պետական մարմինների»,- միահամուռ հաստատում են Վ. Մանուկյանն ու Մ. Մալումյանը: Տեղեկատվություն չտրամադրելու կամ այն ուշացնելու պատճառը լրագրողներից շատերը համարում են այն, որ շատ հաճախ մամուլի կամ հասարակայնության հետ կապերի բաժինների ղեկավարները կամ աշխատակիցները կոմպետենտ չեն, չեն գիտակցում օպերատիվության կարևորությունը կամ էլ ուղղակի «թափթփված են»: Նույնը նշում է նաև «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի լրագրող Արա Մելիքսեթյանը. «Եթե նրանց հետ շփման ընթացքում ինչ-ինչ խնդիրներ լինում են, ապա պատճառը իրենց աշխատանքի անկազմակերպվածությունն է»: Այնուամենայնիվ սակայն, ինչպես նշում է Ա. Մելիքսեթյանը. «Ես չեմ կարծում, որ այն ինֆորմացիան, որ հետաքրքրում է մեր ընթերցողներին, կարող է տալ որևէ պետական մարմնի լրատվական ծառայություն»:   

2008 թվականին լույս տեսավ ՀՀ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուսումնասիրությունը «Լրագրողի տեղեկատվություն ստանալու իրավունքը» թեմայով: Ուսումնասիրության շրջանակներում Կենտրոնը հարցումներ է իրականացրել երևանյան ԶԼՄ 60 ներկայացուցիչների, ՀՀ մարզային 40 լրագրողների և Հայաստանում օտարերկրյա լրատվամիջոցներ ներկայացնող 5 թղթակիցների  հետ (ընդհանուր առմամբ 105 հոգի): Հարցումներից մեկի նպատակն էր պարզել, թե որ մարմիններից է լրագրողների կարծիքով առավել հեշտ և որոնցից առավել դժվար ստանալ տեղեկատվություն: Արդյունքում ձևավորվել է հարցման պատասխանների հետևյալ պատկերը.

Որ մարմիններից է հեշտ ստանալ տեղեկատվություն:

• նախարարություն                                       67 հոգի կամ 64%

• հասարակական կազմակերպություն          62 հոգի կամ 59%

• բարենործական կազմակերպություն          45 հոգի կամ 43%

• կառավարություն                                       44 հոգի կամ 42%

• կուսակցություն                                         42 հոգի կամ 40%

• Ազգային Ժողով                                         40 հոգի կամ 38%

• մարզպետարան                                         35 հոգի կամ 33%

• ԿԸՀԸնտրական հանձնաժողովներ           35 հոգի կամ 33%

• հանրային նշանակության կազմակերպություն         30 հոգի կամ 29%

• մաղաքապետարան                                  27 հոգի կամ 26%

• թաղապետարան                                      24 հոգի կամ 23%

• համատիրություն                                    18 հոգի կամ 17%

• առևտրային կազմակերպություն             12 հոգի կամ 11%

• կադաստր                                                10 հոգի կամ 10%

 

Որ մարմիններից է դժվար ստանալ տեղեկատվություն:

• հարկային                                                   58 հոգի կամ 55%

• մաքսային                                                   56 հոգի կամ 53%

• կադաստր                                                   55 հոգի կամ 52%

• դատարան                                                  51 հոգի կամ 49%

• թաղապետարան                                        42 հոգի կամ 40%

• քաղաքապետարան                                   35 հոգի կամ 33%

• մարզպետարան                                         30 հոգի կամ 29%

• համատիրություն                                       28 հոգի կամ 27%

• նախարարություն                                      22 հոգի կամ 21%

• առևտրային կազմակերպություն                21 հոգի կամ 20%

• կառավարություն                                      19 հոգի կամ 18%

• ԿԸՀԸնտրական հանձնաժողովներ           17 հոգի կամ 16%

• պետական հիմնադրամ                             12 հոգի կամ 11%

Լրագրողների հետ մեր զրույցների ընթացքում ստացանք բազմազան, իսկ երբեմն էլ հակասական պատասխաններ, ինչը թերևս բնական է. ավելացնելով դրան մեր ստացած տպավորությունները  պետական կառավարման մարմինների հետ շփումների մասին, պետք է նշենք, որ լրագրող-տեղեկատվության աղբյուր հարաբերությունների ընթացքում կարևորագույն նշանակություն ունի անհատի գործոնը. դա վերաբերում է թե’ լրագրողին, և թե’ մամուլի ծառայության աշխատակցին: Մի դեպքում զանգահարում ես՝ որոշակի ինֆորմացիա ճշտելու և տեսնում ես, որ հեռախոսագծի մյուս ծայրին մեկն է, որ պատրաստ է աջակցելու քեզ իրականացնել մասնագիտական պարտականությունդ (Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն), մեկ այլ դեպքում զարմանում են, թե «էս որերորդ անգամն է արդեն զանգահարում եք, մենք քանի անգամ ենք խոսել պրն Խասիկյան. արդեն երեք անգամ. Դուք մեզ նամակ էլ եք գրել», (Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն), կարծես` յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ցանկացած մարմնի լրատվական բաժնի հետ հարաբերվել միայն մեկ անգամ:

                                                                                                                                                               Կարեն Խասիկյան

Skip to content