Հրապարակումներ

Հրապարակումներ

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

2003 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունվեց  «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքը, որի կարգավորման խնդիրների թվում պետական մարմիններում լրագրողի հավատարմագրումն է. այն կարգավորվում է օրենքի 6-րդ հոդվածի, ինչպես նաև դրա հիման վրա կառավարության կողմից մշակված օրինակելի կարգի համաձայն: Նշենք, որ հավատարմագրման նպատակն է աջակցել լրագրողներին` սահմանելով նրանց և գերատեսչությունների երկարատև շփման և հասարակական կարևորության տեղեկատվություն տրամադրելու կարգ: Այն էական դեր է խաղում ոչ միայն լրագրողների համար մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, այլև հասարակության համար` ապահովելով պետական գերատեսչությունների աշխատանքի թափանցիկությունը: Անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին և կառավարության մշակած վերոհիշյալ կարգին` հարկ է նշել, որ նկատելի են երկու իրավական փաստաթղթերի որոշ կետերի անհամապատասխանություններ ու անհստակություններ: Մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետում ասված է, որ լրատվական գործունեություն իրականացնողը կարող է դիմել պետական մարմիններ իր լրագրողին հավատարմագրելու նպատակով, սակայն ոչինչ չի ասվում լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի մասին. արդյոք նա կարող է հավատարմագրվել, թե ոչ: Սակայն օրինակելի կարգի 6-րդ կետի համաձայն` պետական մարմնում հավատարմագրման կարող է ներկայանալ ոչ միայն հաստիքային լրագրող, այլև լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ: Բացի այդ, օրենքում որպես լրագրողի հավատարմագրման դադարեցման նախաձեռնող կողմ նշված է միայն լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, մինչդեռ օրինակելի կարգի 13-րդ կետի համաձայն` նախաձեռնող կողմ կարող է լինել նաև պետական գերատեսչությունը հետևյալ դեպքերում. եթե. ա)  լրագրողը անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով. բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. գ) տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով. դ) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվական բոլոր միջոցների տարածումը: Նկատի ունենալով վերոհիշյալ իրավական անհամապատասխանությունները` որոշեցինք դիմել ՀՀ մի շարք նախարարությունների` հաշվի առնելով նրանց առավել ակտիվ շփումները լրագրողների հետ` ի տարբերություն այլ պետական մարմինների, և փորձեցինք պարզել` արդյոք իրենք ունեն փորձ. 1.         ֆիզիկական անձ հանդիսացող (անկախ) լրագրողների հավատարմագրման և 2.         սեփական նախաձեռնությամբ լրագրողի հավատարմագրման դադարեցման: «Հայտնի է, որ աշխարհում գոյություն ունի անկախ լրագրողների հավատարմագրման պրակտիկա,- ասում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը,- սակայն մեր երկրում նման պրակտիկայի առկայության մասին տեղեկություններ չունեմ. ինչ վերաբերում է կոնկրետ մեր նախարարությանը, ապա մեզ հավատարմագրման խնդրանքով դեռ ոչ մի անկախ լրագրող չի դիմել, իսկ դիմելու դեպքում էլ մենք երբեք չենք մերժի» : Այն հարցին, թե արդյոք նախարարությունն ունի սեփական նախաձեռնությամբ լրագրողների հավատարմագրման դադարեցման փորձ, տկն Հայթայանը տվեց բացասական պատասխան: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նաիրա Եղիազարյանը հաստատեց, որ իրենց մարմնում կան հավատարմագրված անկախ լրագրողներ, սակայն իրենք ևս, ինչպես պարզվեց, որևիցե լրագրողի հավատարմագրում երբևիցե չեն դադարեցրել: Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Խեչոյանի հավաստմամբ` իրենք «դասական իմաստով» հավատարմագրում չեն իրականացնում. դա հիմանկանում արվում է լրագրողների մասին տվյալներ գրանցելով. բացի այդ բաժինը լիովին դեռ չի էլ կազմավորվել:  «Սակայն տեղեկատվություն տրամադրելու առումով մենք չենք մերժում որևիցե լրագրողի` լինի նա անկախ, թե որևէ լրատվամիջոցից. մեզ դիմում են և’ անկախ, և’ հաստիքային լրագրողներ, սակայն հավատարմագրման առաջարկ անկախ լրագրողների կողմից չի եղել»,- ասում է նա: Ըստ մամուլի քարտուղարի` հավատարմագրման դադարեցման որևէ օրինակ իրենց մարմնում ևս գրանցված չէ: Երբևիցե անկախ լրագրողի հավատարմագրման, ինչպես նաև իրենց ներկայացրած գերատեսչության կողմից դրա դադարեցման փորձի առկայության մասին ժխտեցին նաև Քաղաքաշինության և Բնապահպանության նախարարությունների հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները: Եվ վերջապես, վերադառնալով իրավական երկու փաստաթղթերի դիտարկմանը, նշենք, որ ո’չ օրենքում և ո’չ էլ օրինակելի կարգում չի պարզաբանվում, արդյոք պետական մարմնի կողմից լրագրողի հավատարմագրման դադարեցումը ընդմիշտ է լինելու, թե ոչ: Դիցուք, լրագրողի հավատարմագրումը դադարեցվել է օրինակելի կարգի «բ» կետի համաձայն, հնարավոր է` դատվածության ժամկետի ավարտից հետո լրագրողի վերահավատարմագրում տվյալ կամ մեկ այլ պետական մարմնում, պարզ չէ: Ահա մի քանի իրավական բացեր, որոնք, սակայն, մեծապես կազդեն երկու կողմերի հարաբերությունների լիարժեք և հավասարակշիռ կարգավորման վրա: Ընդհանուր առմամբ` շփվելով տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների կամ հասարակայնության հետ կապերի բաժինների ղեկավարների հետ, ականատես եղանք երկու իրավիճակի. կամ գերատեսչությունների ներկայացուցիչները չեն տիրապետում երկու իրավական փաստաթղթերին` նկատելու համար դրանց որոշ կետերի անհամապատասխանությունները, կամ էլ քաջատեղյակ են այդ մասին, սակայն ոչ մի կարևորություն չեն տալիս դրանց:   Կարծում ենք, որ անհրաժեշտ է վերոնշյալ բոլոր բացթողումներն որքան հնարավոր է արագ վերացնել` օրենքի նշված հոդվածը և կառավարության օրինակելի կարգը միմյանց համապատասխանեցնելու միջոցով, հակառակ դեպքում գերատեսչություն-լրագրող հարաբերությունների իրավական բավարար կարգավորումն անհնար է:                                                                                                                                                                                                                                   Կարեն Խասիկյան

Skip to content