Հրապարակումներ

Հրապարակումներ

Նամակ. Էլեկտրոնային, թե՞ավանդական

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Նամակ. Էլեկտրոնային, թե՞ավանդական

Անահիտ Ստեփանյան

 

Պատեհ թե անպատեհ, մեր գործադիր իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում գլուխ գովելու, որ իրենք աշխատում են ժամանակի պահանջներին համահունչ, որ կառավարությունքաղաքացիներ շփման նոր արդյունավետ էլեկտրոնային մեխանիզմ է գործում:

Բայց առ այսօր կառավարությունում չեն գործում էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող նամակների ստացման, դասակարգման եւ պատասխանելու մեխանիզմներ։ Դրանց կարգավորումն ապահովող որեւէ օրենք կամ որոշում չի ընդունված, հետեւապես դրա իրականացումը կամայական բնույթ է կրում եւ թողնված է չինովնիկների քմահաճույքին: Բացի այդ, տարբեր նախարարություններում տարբեր ստորաբաժանումներ ու աշխատակիցներ են նշյալ գործառույթն իրականացնում` տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ընդհանուր բաժինը, միջազգային կապերի ստորաբաժանումը եւ այլն: Չի գործում միասնական համակարգ, մոտեցում։

Գործադիր իշխանության ներկայացուցիչները դեռեւս նախընտրում են նամակի ավանադական ձեւը: Ինչպես ինձ խորհուրդ տվեց Բնապահպանության նախարարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Հակոբյանը, հետագայում իմ հարցերն ուղարկեմ «ավանդական նամակի տեսքով, քանի որ կապի այդ միջոցն ավելի հուսալի է եւ անճշտություններից զերծ»:

Ներկայումս մեր հանրապետությունում գործող 16 նախարարություններից 14-ն են, որ կարող են քաղաքացիների հետ շփվել նաեւ էլփոստի միջոցով: Իսկ էլեկտոնային փոստով շփվելու §շքեղությունից¦ զուրկ են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարը:

Իսկ թե ինչպես է գործում գործադիր իշխանությունքաղաքացիներ փոխհարաբերությունները կապի այս միջոցով, փորձեցինք ստուգել` ներկայանալով նախ որպես շարքային քաղաքացի, ապա նոր միայն` լրագրող: Կարծում եմ երկակի ստանդարտի կիրառումը որեւէ մեկի մոտ տարակուսանք չառաջացրեց, քանի որ իրականությունը ամեն անգամ փաստում է եւ հաստատում, որը պետական որոշ կառույցների աշխատակիցներ շատ մեծ տարբերություններ են դնում ու պատրաստակամություն ցուցաբերում իրենց շփումներում` նայած թե ով է դիմացինը` լրագրո՞ղ, թե՞ իրեն հուզող հարցի պատասխանին հետամուտ ՀՀ քաղաքացի:

Եվ այսպես, մեր հարցախույզը, ինչպես կարգն է թելադրում, սկսեցինք ՀՀ կառավարությունից: Ի դեպ, նշենք, որ բոլոր հարցումները եղել են միայն էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարության վեբ կայքի «Հետադարձ կապ» բաժնում զետեղված է. §ՀՀ կառավարության էլեկտրոնային հասցեով ուղարկվող բոլոր նամակները ստանում է ՀՀ կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժինը, որտեղ պարտադիր գրանցվում, այնուհետ վերլուծվում է այդ ամբողջ թղթակցությունը: Աշխատակազմի ստորաբաժանումներում այդ նամակներում պարունակվող առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկվում են, զեկուցվում ՀՀ վարչապետին: Որոշ առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ հանձնարարականի տեսքով ուղարկվում են այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասության շրջանակում է տվյալ հարցի լուծումը: Ուղարկվելուց հետո, համաձայն §Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին¦ ՀՀ օրենքի, դիմողին այդ մասին անմիջապես ծանուցվում է:

Նամակներին պատասխան տրվում է դրանք ստանալուց հետո մինչեւ մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները՝ 15 օրվանից ոչ ուշ: Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների, բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը: Գրանցված բոլոր նամակները պահպանվում են տվյալների շտեմարանում:

Էլեկտրոնային փոստով Ձեր նամակը ՀՀ կառավարություն ուղարկելու համար անհրաժեշտ է առաջարկվող սյունակում լրացնել Ձեր անունը, ազգանունը, փոստային հասցեն եւ էլեկտրոնային փոստի հասցեն՝ Ձեզ հետ հետադարձ կապ պահպանելու համար¦:

Սակայն ՀՀ վարչապետին ուղղված մեր հարցը ամիսներ շարունակ մնաց անպատասխան: Իսկ երբ §Ինֆորմացիայի ազատության կենտրոնի¦ կողմից գրություն ուղարկվեց ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մ. Հարությունյանին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարի տեղակալ Ա. Բադալյանից ստացանք պատասխան, որում ասվում էր, որ իմ կողմից §ՀՀ կառավարության ինտերնետային կայքի հետադարձ կապով հարցում չի ստացվել, որը կարող է տեխնիկական պատճառներ ունենալ¦:

Միաժամանակ տեղեկացնելով, որ §ՀՀ կառավարությանը կամ ՀՀ կառավարության աշխատակազմին հասցեագրված գրություններին, դիմումներին, բողոքներին սահմանված կարգով ընթացք է տրվում` հիմք ընդունելով §Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաեւ «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության եւ «ՀՀ կառավարության գործավարության մասին¦ ՀՀ կառավարության որոշումների պահանջները¦:

Նամակագրության էլեկտրոնային տարբերակի առավելությունները թվարկելիս վերեւում մոռացանք նշել, որ այս տարբերակը ունի նաեւ մի մեծ եւ էական թերություն: Այն է` բացակայում են ապացուցման մեխանիզմները, որն էլ պատասխանող կողմին հնարավորություն է ընձեռում իրենց աշխատանքի թերակատարումները կամ բացթողումները վերագրել տեխնիկային` անվանելով տեխնիկական պատճառներով §օդում մնացած¦:

Ինչեւէ, շարունակելով մեր հարցախույզը` իրենց ոլորտին առնչվող, ինչպես եւ հանրության կողմից մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, էլեկտրոնային նամակի տեսքով ուղղեցի այն 14 նախարարություններին, որոնք ունեն էլփոստի հասցեներ` տեղադրված ՀՀ կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում: Կարծում էի, տրամաբանության շրջանակներում է, որ էլփոստի հասցե ունենալը ենթադրում է նաեւ նամակի ստացում, որին էլ միանշանակ ակնկալվում է պատասխան: Սակայն այս հարցի հետ կապված ոչ բոլոր պատասխաններն են տեղավորվում տրամաբանության շրջանագծում:

Ամիսներ առաջ տեղեկատվության ազատության եւ մատչելիության հետ կապված մի քննարկման ժամանակ նախարարություններից մեկի մամլո քարտուղարը հավաստիացնում էր, որ ինքն անձամբ է զբաղվում էլեկտրոնային փոստով ստացվող նամակագրությամբ եւ այն գործում է շատ օպերատիվ ձեւով: Անկեղծ ասած, թերահավատորեն մոտեցա այդ հայտարարությանը: Սակայն, իրոք, ՀՀում կա նման աշխատաոճ որդեգրած նախարարություն: Այն ՊՆ նախարարությունն է, որի մամլո քարտուղար պրն. Շահսուվարյանը հաջորդ օրն իսկ պատասխանեց մեր հարցմանը, որում ավելի ճշգրիտ տեղեկատվություն հայտնելու համար հավելյալ պարզաբանումներ էր պահանջում: Ի դեպ, պատասխանը շատ գրագետ եւ հարգալից էր:

Հաջորդ գերատեսչությունը, որը պատասխանեց մեր հարցին, Արտաքին գործերի նախարարույթունն էր: Եկել էր կարճ ու լակոնիկ ոճով գրված մի պատասխան: Հարցրել էի, թե երբ է սկսվելու Ֆրանսիայում Հայաստանի տարին, պատասխանել էին` §September 2006¦:

Մյուս 12 նախարարություններից երկար սպասեցինք պատասխանի, որն այդպես էլ չեկավ: Ստիպված զանգահարեցինք` պարզաբանումներ ստանալու նպատակով: Պարզվեց, որ որոշ նախարարությունների էլեկտրոնային փոստի հասցեները չեն գործում: Այդպիսիք են` ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տրանսպորտի եւ կապի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, առողջապահության նախարարությունները: Մյուսներում էլ, եթե իհարկե մեծ դժվարությամբ հաջողվում էր գտնել տվյալ հարցին պատասխանող որեւէ իրավասու պաշտոնյայի, ընտրում էին պատասխանի ամենահեշտ տարբերակը` նման հարցում չենք ստացել:

Այս հարցախույզի ընթացքում հետաքրքիր դրվագներ էլ պատահեցին: Երբ զանգահարեցի Էներգետիկայի նախարարության ընդհանուր բաժին` հետաքրքվելու էլեկտրոնային նամակիս §ճակատագրով¦, այդ ստորաբաժանման աշխատակիցներից մեկը շատ կոպիտ կերպով փորձում էր պարզել, թե որտեղից եմ զանգահարում: Երբ ներկայացա իբրեւ ՀՀ քաղաքացի, վիճակն ավելի սրվեց: Հետաքրքրվեց, թե ինչպիսի բովանակություն ուներ ուղարկածս գրությունը: Դա էլ իմանալուց հետո, կրկին վրդովվեց եւ լսափողը կախեց:

Հաջորդ նախարարությունը, որտեղ որոշեցինք §փորձել¦, արդարադատության նախարարությունն էր: Ընդհանուր բաժնի ոմն աշխատակից մեր հարցը լսելուց հետո, շատ զարմացած հարցրեց, թե ընդհանուր բաժինն ի՞նչ կապ ունի էլփոստի միջոցով ուղարկված հարցման հետ: Իսկ երբ բացատրեցինք, որ դա եւս նամակ է, միայն թե ինտերնետ ցանցի միջոցով ուղարկված, զրուցակիցս անկեղծորեն պատասխանեց, որ չի կարող ասել, թե ում դիմենք: Մի քանի րոպե մտորելուց եւ բաժնի մյուս աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո մեզ ուղղորդեց զարնգահարել նախարարի ընդունարան` պատասխան որոնելու: Այնտեղից պատասխանեցին, որ զանգահարեմ մեկ ժամ անց: Հեռաձայնեցինք ասված ժամին: Անահիտ անունով աշխատակցուհին, ով նախարարության ինտերնետային կայքի պատասխանատուն է, հարցս լսելուց հետո նախ հետաքրքրվեց, թե որտեղից ինձ ԱՆի էլփոստի հասցեն: Պատասխանեցինք, որ այն վերցրել ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, պատասխանը ավելի քան շշմեցուցիչ էրԻսկ մեր սայթում որեւէ տեղ գրվա՞ծ է, որ մենք ձեր նամակին կպատասխանենք¦: Երբ երկարբարակ բացատրություններ եւ համոզիչ փաստարկներ ներկայացրեցինք, որ իրենք պետք է պատասխանեն իմ նամակին, նա իր անձնական էլփոստի հասցեն հայտնեց եւ առաջարկեց հարցումս ուղղել անձամբ իրեն` խոստանալով պատասխանել:

Նման հաջողակ վերջաբանը, սակայն, չհասավ իր ավարտին, քանի որ երբ Անահիտ անունով աշխատակցուհին իմացավ, որ ես լրագրող եմ, բոլոր պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելով` ինձ խնդրեց կրկին մեկ ժամից դիմել Ան մամլո քարտուղար Արա Սաղաթելյանին (արդեն նախկին,- Ա. Ս.): Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ չկարողացա զանգել Ա. Սաղաթելյանին: Բայց ի զարմանս ինձ, օրեր անց նա անձամբ փորձում էր ինձ գտնել, անգամ իր էլփոստի հասցեն էր փոխանցել` պատրաստակամություն հայտնելով անձամբ պատասխանել ինձ հետաքրքրող հարցերին: Եվ, իրոք, մի քանի օրից հանգամանալից եւ սպառիչ կերպով ստացա իմ հարցման պատասխանը:

Զանգեցինք գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարություններ: Այդտեղ եւս ինձ հավաստիացրեց, որ նմանատիպ հարցում չեն ստացել: Սակայն երկու գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ինձ փոխանցեցին իրենց էլփոստի հասցեները, որոնց միջոցով ստացա նամակիս պատասխանները:

Այսպիսով, որոշ պետական կառույցներ` նախարարություններ, փորձում են ժամանակին եւ համընդհանուր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց քայլել, որոշ մասն էլ դեռեւս գտնվում է «հայկական ավանդական» դիրքերում` ընդունելի է համարում միայն սպիտակ թղթի վրա գրչով գրված եւ ծրարված ուղարկված նամակները:

Skip to content