Գեւորգ Հայրապետյան ԻԱ կենտրոնի փորձագետ Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են դատարաններն արդարադատություն իրականացնում: Հետեւաբար արդարադատությունը պետք է հրապարակային իրականացվի: Սակայն, ՀՀ դատարանների գործունեության ընթացքում երբեմն լինում են դեպքեր, երբ անգամ գործով շահագրգռված անձը` տուժողի ներկայացուցիչը, չի կարողանում իրեն անհրաժեaշտ տեղեկությունները ստանալ: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը «համապատասխան տեխնիկական միջոցներ չունի» պատճենահանման համար: Մերժման այսպիսի պատճառաբանություն էր ստացել Արման Քրմոյանը, երբ խնդրել էր դատարանին տրամադրել վիրահատության հետեւանքով իր կնոջ մահվան առիթով հարուցված քրեական գործի նյութերը: 2006թ.-ի ապրիլի 12-ին իր նորածին երեխային գրկելու փոխարեն միայնակ հայրը ստիպված էր գրկել պատճենահանման սարքը եւ տանել դատարան` տեղեկատվություն ստանալու իր իրավունքը իրականացնելու եւ դատարանի տեխնիկական սպառազինումը համալրելու համար: Արդարադատության հրապարակայնության եւ դատական ակտերի մատչելիության սկզբունքներն ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի……. իր գործի հրապարակային քննության իրավունք»: Քանի որ դատավճիռները, վճիռներն ու որոշումները գործի քննության անբաժանելի մասն են, ուստի սահմանադրական այս նորմը անմիջականորեն վերաբերում է նաեւ դրանց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է` որոշ բացառություններով: Օրենսգիրքը նախատեսում է, որ դատարանի վճիռը պետք է հրապարակվի դռնբաց նիստում: Հետեւաբար, գործին մասնակցող եւ այլ անձինք, որոնք ներկա են գտնվել դատական նիստին, լսում են դատարանի վճիռը եւ, բնական է, կարող են այն վերարտադրել` դարձնելով հասարակության սեփականությունը: Սակայն գործնականում լինում են նաեւ այսպիսի դեպքեր: Մանե Մադոյանից` ԻԱԿ-ի հետ համատեղ, 2 ամիս պահանջվեց «Երիտասարդության պալատ» ՓԲԸ-ն անվճարունակ ճանաչելու մասին ՀՀ տնտեսական դատարանի վճռի պատճենը ստանալու համար: Թեեւ տնտեսական դատարանի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված են բազմաթիվ որոշումներ, գործը քննած դատավոր Կարինե Պետրոսյանը գրավոր հայտնեց, որ դատարանի վճիռը չի տրամադրվի, քանի որ ՀՀ Քաղ. դատ օրենսգրքի 28-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիական գործի նյութի պատճեններն իրավունք ունեն ստանալ գործին մասնակցող անձինք: «Երիտասարդության պալատ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու մասին ՀՀ տնտեսական դատարանի վճիռը ԻԱ Կենտրոնին տրամադրվեց միայն դատավորին տնտեսական դատարանի ինտերնետային կայքի մասին հիշեցնելուց եւ 800 դրամ պետական տուրք վճարելուց հետո: Կարո՞ղ են արդյոք դատական գործի նյութերին ծանոթանալ գործին չմասնակցող անձինք: Օրենսդրությունը նման իրավունք տալիս է միայն գործին մասնակցող անձանց: Եթե գործին չմասնակցող անձինք կարող են ներկա գտնվել դատական նիստին, լսել վճիռը, ապա այլեւս ի՞նչ իմաստ ունի դատական ակտերը պահել փակի տակ, դրանք չտրամադրել գործին չառնչվող քաղաքացիներին` դատարանների աշխատանքի հրապարակայնությունը եւ դատական ակտերի մատչելիությունը կասկածի տակ դնելով: Թվում է, թե ՀՀ քաղաքացիական դատավարության 28-րդ հոդվածը հնարավորություն է տալիս մերժել դատական ակտերը ստանալու վերաբերյալ գործին չմասնակցող անձանց հարցումները` սահմանելով, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները: Սակայն գործին մասնակցող անձանց նման իրավունքը չի բացառում գործին չմասնակցող անձանց` գործի նյութերին ծանոթանալու, պատճեններ ստանալու իրավունքը: Օրենսգրքի 28-րդ հոդվածի մեկնաբանումն ի վնաս քաղաքացիների հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասին. «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները»: Քանի որ օրենսգրքով կամ օրենքով արգելված չէ գործին չմասնակցող անձանց ստանալ դատական փաստաթղթեր, ապա նրանք ունեն այդ իրավունքը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նույնպես չի նախատեսում գործի նյութերին ծանոթանալու` գործին չմասնակցող անձանց իրավունքը: Նման իրավունք վերապահվում է միայն դատավարության կողմերին: Այս դեպքում նույնպես չի սահմանափակվում գործին չմասնակցող անձանց` գործի նյութերին ծանոթանալու իրավունքը, եւ գործում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասը: Դատական գործի նյութերին ծանոթանալու յուրաքանչյուրի իրավունքը ամրապնդվում է նաեւ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասով. «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»: Իսկ ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն (ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2–րդ մաս): Դատական ակտերի մատչելիության մակարդակը պարզելու համար 2006թ.-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկեց ՀՀ առաջին ատյանի բոլոր դատարաններին: Մայրաքաղաքի 7 առաջին ատյանի դատարաններին խնդրել էինք տրամադրել ԶԼՄ-ի դեմ գործերով, ինչպես նաեւ վիրավորանքի եւ/կամ զրպարտության վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի պատճենները, իսկ մարզային դատարաններին` կաշառակերության գործերով կայացված դատական ակտերի պատճենները: Բոլոր դատարաններն էլ տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանեցին, սակայն դրանցից 4-ը` ավելի քան 2 ամիս ուշացումով: Ընդ որում` չորսն էլ Երեւանի դատարաններ են: Մարզային դատարաններն ավելի լավ եւ համակարգված են աշխատում: Արմավիրի եւ Տավուշի առաջին ատյանի դատարանները հարցումներին պատասխանեցին 5-օրյա ժամկետում, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ Արագածոտնի դատարանները` մինչեւ 10 օր լրանալը, Լոռու եւ Կոտայքի դատարանները` մինչեւ 20 օր լրանալը: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանից 5 օր անց ստացվեց գրություն, ըստ որի` ԻԱԿ հարցումն ուղարկվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Է. Սեդրակյանին` ի տնօրինություն: Դրանից 10 օր անց Արարատի դատարանից ստացվեց երկրորդ գրությունը, որին կցված էին կաշառակերության գործերով դատարանի կայացրած դատավճիռները: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանին մեկ այլ հարցում էլ էր ուղարկվել` տեղեկատվության ազատությանն առնչվող գործերով դատական ակտերը ստանալու համար, որին դատարանը պատասխանեց 10 օրվա ընթացքում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարաններն ավելի քան երկու ամիս ուշացրին տեղեկությունների տրամադրումը: Պարզվեց, որ դատարաններն անհրաժեշտ դատական ակտերի պատճենները տրամադրելու համար վճռաբեկ դատարանից համապատասխան գրության էին սպասում: ԻԱԿ-ը ստիպված էր դիմել Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Է. Սեդրակյանին, ինչպես նաեւ նշված դատարանների նախագահներին ներառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտած պաշտոնյաների «Սեւ ցուցակում»: Պարոն Սեդրակյանը մի քանի օրվա ընթացքում արձագանքեց հարցմանը` համապատասխան գրություններ ուղարկելով դատարաններին` խնդրելով «հնարավոր սեղմ ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկատվության տրամադրումը»: Է. Սեդրակյանի խնդրանքը դատարանները շատ արագ բավարարեցին: Անհասկանալի էր Մալաթիա Սեբաստիա, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանների կողմից տեղեկատվություն չտրամադրելը, քանի որ, ինչպես պարզ դարձավ նրանց պատասխանից, այստեղ զանգվածային լրատվության միջոցների դեմ գործեր եւ վիրավորանքի եւ/կամ զրպարտության վերաբերյալ գործեր չեն քննվել: Ընդհանուր առմամբ ՀՀ առաջին ատյանի դատարաններին ուղարկվել էր 18 հարցում` դատական ակտերի պատճեններ ստանալու համար: Հարցումներից 11-ի դեպքում դատարանները պատասխանել էին, որ նմանատիպ գործեր դատարանում մուտք չեն եղել եւ չեն քննվել, ուստի դատական ակտեր չկան: Մնացած 7 դեպքում տրամադրվել է 11 դատավճռի, վճռի կամ որոշման պատճեն: Արդարադատության հրապարակայնության եւ դատական ակտերի մատչելիության շնորհիվ կարող է մեծանալ դատավորների եւ դատական համակարգի հեղինակությունը: Դրանից է կախված նաեւ քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ: