Հրապարակումներ

Հրապարակումներ

Տեղեկություն ստանալու իրավունքը Նյու Յորք նահանգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկություն ստանալու իրավունքը Նյու Յորք նահանգում

Հարցազրույց ԱՄՆ-ի Նյու Յորք Նահանգի Բաց կառավարության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ֆրիմանի հետ։  Հարցազրույցը վարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Մանչեսթր, Մայիսի 23, 2006թ: Շ.Դ. – Ինչո՞վ է օգտակար ՏԱ մասին ակտը քաղաքացու համար։ Ռ.Ֆ. – Այս ակտի շնորհիվ մարդիկ կարողանում են օգտվել իրենց բոլոր մյուս իրավունքներից։ Բերեմ մի քանի օրինակ։ Ծնողները ցանկանում են իմանալ` իրենց երեխաների ուսուցիչն ունի համապատասխան որակավորում։ Նրանք կարող են հարցում ուղարկել դպրոցի տնօրենին եւ խնդրել տրամադրել ուսուցչի որակավորումը հավաստող փաստաթղթեր։ Մեկ այլ օրինակ. բոլորս հարկ ենք վճարում եւ ուզում ենք իմանալ` արդյոք պետությունը արդար է հարկ հավաքում, բոլորին հավասար վերաբերմունք է ցու՞յց տալիս։ Եվ կամ` կառավարությունը նախատեսում է մեծ ճանապարհ կառուցել։ Հետաքրքիր է` որքանով է արդյունավետ այդ շինարարական նախագիծը, ինչպիսի՞ն է դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, որքա՞ն է ծրագրի արժեքը։ Այս բոլոր հարցերի պատասխանները կստանաս ՏԱ մասին օրենքի միջոցով։ Շ.Դ.- Ինչո՞ւ է անհրաժեշտ ՏԱ հանձնակատարի գոյությունը, եթե արդեն գործում է  մարդու իրավունքների պաշտպանը` օմբուցմենը։ Ռ.Ֆ. – Երկուսի միջեւ տարբերությունը հաստակ է, քանի որ տարբեր են նրանց լիազորությունները։ Օմբուցմենը մարդու իրավունքների պաշպանն է եւ գործում է միայն այն դեպքում, երբ կա մարդու իրավունքի խախտում։ Նա մշտապես գործում է հօգուտ մարդու իրավունքների։ Մինչդեռ ՏԱ հանձնակատարը չեզոք մարմին է։ Նրան դիմում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ պետական մարմինները պաշտոնական խորհրդատվություն ստանալու նպատակով` ինչպես կիրառել ՏԱ մասին ակտը։ Հանձնաժողովը բանավոր կամ գրավոր կարծիք է տալիս` ինչպես վարվել։ Հանձնաժողովի կարգավիճակի եւ հեղինակության շնորհիվ պետական մարմինները հաշվի են նստում իմ կարծիքի հետ։ Փաստորեն, դատարանի գործը հեշտանում է, մարդիկ էլ փող ու ժամանակ են խնայում։ Տարեկան 1000-ից ավելի դիմումներ ենք ստանում միայն լրագրողներից։ Սակայն ամենից շատ մեզ դիմում են պետական պաշտոնյաները` կարծիք ստանալու խնդրանքով. ինչպես պետք է կիրառեն օրենքի դրույթները, արդյոք ճի՞շտ է այս կամ այն պաշտոնական փաստաթղթի տրամադրումը։ Շ.Դ.- Տեղեկատվության ազատության իրավունքը երբեմն բախվում է մարդու անձնական կյանքի իրավունքին։ Որպես հանձնակատար ինչպե՞ս եք հավասարակշռում մարդու այս երկու հիմնարար իրավունքները։ Ռ.Ֆ. –  Մարդու անձնական կյանքի մանրամասները չպետք է դառնան հանրության սեփականությունը։ Հայտնի է, որ պաշտոնյաների անձնական կյանքն ավելի սահմանափակ է, քան քաղաքացիներինը։ Պաշտոնյայի մասին կարելի է գրել անձնական կյանքի մանրամասներ, եթե դրանք կապվում են նրա պաշտոնական պարտականությունների կատարման որակի հետ։ Աշխատանքից դուրս պաշտոնյայի կյանքը պաշտպանված է օրենքով։ Նույնիսկ եթե պաշտոնյան կազինոյում տանուլ է տվել գումարներ, այդ մասին հասարակությունն իմանալու կարիք չունի, եթե պաշտոնյան իր պարտականությունները լավ է կատարում։ Անձնական գումարս կարող եմ ծախսել ինչպես ուզում եմ, բայց եթե պետության փողը տանուլ տամ, այ այստեղ արդեն լրագրողներն անելու բան ունեն։ Եթե պաշտոնյան ծեծում է կնոջը, դա կարող է հրապարակվել ոչ թե այն պատճառով, որ նա պաշտոնյա է, այլ որպես օրենքով արգելված արարք կատարած անձ։ Շ.Դ.- Հանձնաժողովի ստեղծման օրից` 1974թ.ից մինչ օրս Նյու Յորքի ՏԱ հանձնաժողովի նախագահի հաջողության երաշխիքը ո՞րն է։ Ռ.Ֆ. – Մենք հեռու ենք քաղաքական ազդեցություններից, հակառակ դեպքում մեր որոշումներն անկողմնակալ չէին լինի։ Տարիների ընթացքում ստեղծել ենք մեր հեղինակությունը։ Սա ամենակարեւորն է օմբուցմենի համար` կառուցել անկախ մարմնի համբավ։

Skip to content