Oգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Լրագրողներին ու օպերատորներին չի թույլատրվել մտնել նոր մասնաշենք, ուր տեղի են ունենում հանձնաժողովների նիստերը, նրանք չեն կարողացել անցնել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակները, ինչպես նաև՝ օգտվել որոշ նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից:
Դեռևս անցած երկու շաբաթվա ընթացքում լուրեր էին շրջանառվում նման սահմանափակումների կիրառման մասին, և այս առնչությամբ մտահոգությունները որոշ չափով փարատվեցին, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հուլիսի 30-ին հայտնեց, որ լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։ Մինչդեռ, հաջորդ իսկ աշխատանքային օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչները բախվեցին ճիշտ հակառակ իրականությանը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ խորհրդարանում վերոնշյալ սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացվելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշում։
Դատապարտելով այս կամայականությունները՝ մենք պնդում ենք, որ ձեռնարկված միջոցները ոչ թե կանոնակարգում, այլ անհիմն արգելքներ են ստեղծում խորհրդարանում ԶԼՄ-ների ազատ գործունեության համար, խոչընդոտում դրանց մասնագիտական աշխատանքը։ Այս քայլերը միտված են պատգամավորներին սուր հարցերից և մամուլի քննադատությունից զերծ պահելուն և ակնհայտորեն կարող են խաթարել ԱԺ աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև։
Մենք տեղյակ ենք և բազմիցս մտահոգություն ենք արտահայտել առ այն, որ Ազգային ժողովում լինում են տհաճ միջադեպեր, երբ թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները հատում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմաններն ու ստեղծում են անիմաստ կոնֆլիկտային իրավիճակներ։ Սակայն այդ խնդիրը անհրաժեշտ է լուծել օրինականության, ողջամտության, փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա, որպեսզի ապահովվի ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների աշխատանքի արդյունավետությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից․
- անհապաղ վերացնել Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ս․ թ․ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները,
- կասեցնել նույն օրը հրապարակված ԱԺ նախագահի՝ «Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՕ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 5-րդ կետը, որը վերաբերում է վերոհիշյալ սահմանափակումներին,
- նախաձեռնել լայն քննարկումներ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդարանում ԶԼՄ-ների գործունեությունը լավագույնս կանոնակարգելու և առկա խնդիրները հիմնովին լուծելու համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ