ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը 2015 թ.-ի հոկտեմբերի 20-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: Մասնավորապես Ամալյա Սարիբեկյանը խնդրել էր տրամադրել.
- Գիտական աշխատանքները փորձաքննության ուղարկելը կարգավորող իրավական ակտի պատճենը (փորձաքննության ուղարկելու կարգ, կանոնակարգումներ, չափանիշներ կամ այլ փաստաթուղթ),
- իր գիտական աշխատանքն առաջին անգամ փորձաքննության ուղարկելու մասին ԲՈՀ-ի որոշման պատճենը,
- իր գիտական աշխատանքն առաջին անգամ փորձաքննության ուղարկելու (փորձագետի հետ կնքված) պայմանագրի պատճենը,
- իր գիտական աշխատանքը երկրորդ անգամ փորձաքննության ուղարկելու մասին ԲՈՀ-ի որոշման պատճենը,
- իր գիտական աշխատանքը երկրորդ անգամ փորձաքննության ուղարկելու (փորձագետի հետ կնքված) պայմանագրի պատճենը:
Հանձնաժողովը մերժել էր տրամադրել քաղաքացու խնդրած տեղեկությունները՝ գտնելով, որ դրանց տրամադրումով կխախտվի փորձաքննության կազմակերպման գաղտնիությունը ու փորձագետների անանունության ապահովումը («Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթաբաժին): 2015 թ.-ի հոկտեմբերի 27-ին Ամալյա Սարիբեկյանը կրկնակի հարցմամբ դիմեց ԲՈՀ-ին՝ նշելով, որ անգամ եթե իր գիտական աշխատանքները փորձաքննության ուղարկելու (փորձագետի հետ կնքված) պայմանագրերի պատճենը պարունակում է սահմանափակման ենթակա անձնական տվյալ` փորձագետի անունը, ապա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԲՈՀ-ն ամեն դեպքում պարտավոր է տրամադրել պահանջված տեղեկությունը` առանց սահմանափակման ենթակա տվյալի (փորձագետի անձնական տվյալները փակելու, ջնջելու, սեւացնելու միջոցով), քանի որ պայմանագրում առկա են նաեւ տեղեկություններ, որոնք սահմանափակման ենթակա չեն «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքներով:
Կրկնակի հարցմանը տրված պատասխանով Հանձնաժողովը հաշվի չէր առել եւ չէր կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը՝ չեր տրամադրել պահանջված փաստաթղթերը:
Ուստի, 2015 թ.-ի դեկտեմբերի 7-ին ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը ԻԱԿ-ի աջակցությամբ ԲՈՀ-ի գործողությունը (պահանջված տեղեկության տրամադրումը մերժելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան: 29.12.2016 թ.-ի վճռով դատարանը մերժել է քաղաքացու հայցը: