Հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) կազմակերպել էր «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով «բաց զրույց» ձևաչափով պանելային քննարկում իրական շահառուների (ԻՇ) բարեփոխումն իրականացնող կանանց մասնակցությամբ։
Քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկան պետական և հասարակական ոլորտներում աշխատող այն կանայք, ովքեր մեծ ներդրում ունեն բիզնեսի ԻՇ բարեփոխման գործընթացը Հայաստանում իրականացնելու գործում (բանախոս կանանց ցանկը՝ օրակարգում)։ Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԻՇ գործընթացի խթանման ոչ ֆորմալ պատմությանը և անձամբ իրենց հարցերն ուղղելու բանախոսներին:
Պանելային քննարկման հյուրերն էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետ Տաթևիկ Մկրտչյանը, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության ապահովում (Opening Extractives) ծրագիր, հաղորդակցության փորձագետ Նյաշա Վերան, ՀՀ վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) քարտուղար, հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմ, Ադյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, Արդարադատության նախարարություն, իրական շահառուների ոլորտի փորձագետ Անի Վարդերեսյանը:
2018-ին ԻԱԿ-ի և գործընկեր կառույցների առաջարկով ՀՀ կառավարությունը Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների 4-րդ ծրագրում (2018-2020 թթ.) ներառել էր հատուկ հանձնառություն՝ ստանձնելով պարտավորություն ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։
Իրական շահառուներն իրական մարդիկ են, ովքեր կանգնած են ընկերության սեփականության շղթայի վերջում: Կազմակերպության իրական շահառուն այն անհատն է, ում սեփականության իրավունքով պատկանում են ընկերության բաժնետոմսեր (բաժնեմաս) կամ այն անհատը, ով այլ միջոցներով վերահսկում է կազմակերպությունը: ԻՇ թափանցիկության գործընթացը փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարի կարևոր գործիք է: Այն նպաստում է նաև բացահայտել քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների և հանրային կառավարման ոլորտում ներգրավված անձանց թաքնված օգուտներն ու բիզնես շահերը։
Հայաստանում գրանցված բոլոր իրավաբանական անձինք մինչ 2023թ. մարտի 1-ն արդեն ներկայացրած կլինեն ԻՇ հայտարարագիր։ ԻՇ թափանցիկության մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ԻԱԿ-ի մշակած «Իրական շահառուների թափանցիկություն. տեղեկատվական քարտեր լրագրողների համար» և «Իրական շահառուների թափանցիկություն և հայտարարագրում․ հարցուպատասխան»։
«Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ