Ապրիլի 5-ին մեկնարկեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» քառօրյա աշխատաժողովների շարքը, որը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակությամբ։ Նախաձեռնության նպատակն է բարելավել պաշտոնյաների՝ փաստերի ստուգման գիտելիքն ու հմտությունները։

Ողջունելով մասնակիցներին՝ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, խոսեց աշխատաժողովի անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ ապատեղեկատվությունը սպառնում է բոլոր բարեփոխումներին․ «Տեղեկատվության ազատությունն ու պրոակտիվ թափանցիկությունը ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցներն են։ Ես համոզված եմ, որ փաստերի ստուգման հմտությունները կօգնեն պաշտոնյաներին ավելի արդյունավետ պետական տեղեկատվական քաղաքականություն մշակել և իրականացնել՝ նվազեցնելով նաև ապատեղեկատվության ծավալները»։

Աշխատաժողովների շարքի առաջին փուլը նախատեսված էր ԱԺ ներկայացուցիչների համար։ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ողջունելով ներկաներին՝ նշեց․ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արդեն բավական չէ ճշտել՝ արդոք ճիշտ, թե կեղծ է տվյալ տեղեկությունը։ Մենք պետք է ավելի լայն նայենք խնդրին ու փորձենք հասկանալ՝ ինչ է այս տեղեկությունը, ինչու է այն տարածվում, ինչու հիմա, ինչու այստեղ, ինչ նպատակով և ում կողմից և այլն։ Այս հարցերի պատասխանների փնտրտուքը ծանրաբեռնում է մեր կյանքը, սակայն առանց դրա այսօր արդեն հնարավոր չէ»։

Մասնակիցերին ողջունեց նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը․ «Ի պատասխան կեղծ, ապակողմնորոշիչ և ոչ էթիկական տեղեկատվության փոխանակման աճի՝ կարևոր է, որ պետական պաշտոնյաները ստանան հիմնական գործիքն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղեկությունները մանրամասնորեն վերլուծելու և փաստերի ստուգում իրականացնելու համար նախքան սոցիալական ցանցերում հրապարակային գրառումներ անելը կամ ԶԼՄ-ների հետ հաղորդակցման դուրս գալը»։
Աշխատաժովին որպես բանախոս հանդես կգան ոլորտի փորձագետներ Շուշան Դոյդոյանը, Սավել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, Հարություն Ծատրյանը և Դավիթ Սանդուխչյանը։ Դասընթացները կկրեն շարունակական բնույթ՝ ներգրավելով ԱԺ և պետական կառավարման շուրջ 120 ներկայացուցիչ։
