Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն ամփոփում է 2018 թ. պետական մարմիններում տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրության մասին պաշտոնական պատասխանները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ամփոփում է 2018 թ. պետական մարմիններում տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրության մասին պաշտոնական պատասխանները

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ պարտավոր է հրապարակել ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը:

ՀՀ պետական մարմիններում տեղեկատվության հարցումների մասին տվյալների գրանցման, դասակարգման, մշակման և պահպանման գործընթացը կարգավորվում է նաև ՀՀ Կառավարության 2015 թվականի N 1204-Ն որոշման 8-րդ կետով, որով տեղեկատվություն տնօրինողը նաև պարտավորվում է ամենամյա վիճակագրական տվյալները հրապարակել պաշտոնական կայքում:

Պետական կառույցներում տեղեկատվություն ստանալու հարցումների վերաբերյալ տվյալների մշակման, պահպանման և հանրայնացման իրավակիրառ պրակտիկայի ընդհանուր պատկերը ստանալու նպատակով 2018 թ.-ի դեկտեմբերի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 41 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել 2018 թ.-ի ընթացքում ստացված հարցումների վիճակագրությունը: Հարցման միջոցով ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել նաև տեղեկություններ, թե դիմողներից քանիսն են եղել քաղաքացի, ՀԿ և լրագրող։

Ուղարկված հարցումները բաշխված էին հետևյալ կերպ.

ՀՀ նախարարություններ – 17 հարցում,

ՀՀ Կառավարությանը/Վարչապետին առընթեր մարմիններ – 13 հարցում,

ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան – 11 հարցում:

41 հարցումներից անպատասխան են մնացել Կառավարությանը առընթեր մարմիններից 4-ի հարցումները (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Կրթության տեսչական մարմին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, Վիճակագրական կոմիտե): Լիարժեք պատասխան են ուղարկել հարցված 41 մարմիններից միայն 8-ը (4 նախարարություն՝ Արդարադատության, Գյուղատնտեսության, Մշակույթի, Տարածքային կառավարման և զարգացման նախարություններ, 3 մարզպետարան՝ Տավուշի, Արագածոտնի և Արարատի, 1 Կառավարությանն առընթեր մարմին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին):

Ստացված 37 պատասխանները թույլ են տալիս պետական կառույցներում տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության վերաբերյալ մի քանի ընդհանրացում անել:

  • Պետական մարմիններում տեղեկատվություն ստանալու հարցումների մասին տվյալների գրանցման, դասակարգման և պահպանման մեկ ընդհանուր ձևաչափ գոյություն չունի. գերատեսչություններից յուրաքանչյուրն իրականացնում է այն ըստ իր հայեցողության կամ պատկերացման:
  •  Պետական մարմիններում չկա տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրության մշակման և հանրայնացման մեկ ընդհանուր ձևաչափ, ինչը անհնար է դարձնում առկա տվյալների զգալի մասի համադրումը եւ միասնական արդյունքի ամփոփումը:
  •  Պետական մարմիններում չկա տեղեկատվություն ստանալու բանավոր հարցումների գրանցման հստակ և միասնական մեխանիզմ, ինչի հետևանքով կառույցները կամ չեն արձանագրում այդ տվյալները, կամ դրանք խիստ մոտավոր են:

Վերոհիշյալը հաշվի առնելով՝ ԻԱԿ-ն ամփոփել է համադրելի տվյալները՝ ըստ նախարարությունների և մարզպետարանների ներկայացրած 2018 թվականի 1-3 եռամսյակների վիճակագրության:

Ըստ հարցման պատասխանների՝ ՀՀ պետական կառավարման 15 մարմիններ (15 նախարարություն, 10 մարզպետարան) ստացել են 10218 գրավոր հարցում: Դրանցից 195-ը հասցեագրված է եղել մարզպետարանաններին, իսկ 10023-ը՝ նախարարություններին:

Հատկանշական է, որ գրավոր հարցումների հիմնական մասը բաժին է ընկնում ՀՀ արդարադատության նախարարությանը. այս գերատեսչությանն են ուղղված եղել հարցումների 80%-ից ավելին՝ 8311 գրավոր հարցում: Ամենից քիչ հարցումներ ստացել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ 26 գրավոր հարցում:

Տավուշի մարզպետարանը ստացել է ամենից շատ գրավոր հարցումները՝ 38 հարցում, իսկ ամենից քիչ՝ ընդամենը 8 հարցում ստացել է Արագածոտնի մարզպետարանը:

Պետական կառույց

Գրավոր հարցումների քանակը  

2018 թ.-ի 1-3 եռամսյակներում

Նախարարություններ

Ըստ 15 նախարարության տվյալների

10023

Մարզպետարաններ

Ըստ 10 մարզպետարանների տվյալների

195

Ընդամենը

10218

Պատասխաններում ներկայացված տվյալները հնարավորություն չեն տալիս հստակ արձանագրել թե ինչքան գրավոր հարցում են ուղարկել այս ժամանակահատվածում ԶԼՄ-ները, ՀԿ-ներն ու քաղաքացիները, սակայն հնարավոր է բաշխվածության ընդհանուր պատկերն ստանալ:

Եվ այսպես, եթե մի կողմ դնենք ընդհանուր պատկերից խիստ տարբերվող արդարադատության նախարարության՝ քաղաքացիների հարցումների տվյալները, ապա ընդհանուր պատկերը թե նախարարությունների, թե մարզպետարանների դեպքում նույնն է՝ հարցում ուղարկում են հիմնականում լրագրողները, սակայն ՀԿ ներկայացուցիչները հարցումների քանակով չեն զիջում:

Նախարարություններում գրավոր հարցումների մեծ մասը ստացվում է ԶԼՄ-ներից և ՀԿ-ներից, համապատասխանաբար 42% և 41% (տվյալները՝ ըստ 14 նախարարության):

Մարզպետարանների դեպքում ստացված հարցումների 45%-ը ուղարկում են լրատվամիջոցների ներկայացուցիչները: Փոխարենը ավելի մեծ է քաղաքացիների թիվը՝ 20% (տվյալները՝ ըստ 10 մարզպետարանների):

Skip to content