Կարևորելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և լիարժեք մասնակցությունը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Տեղեկատվության ազատության շաբաթվա շրջանակներում, սեպտեմբերի 22-ին կազմակերպելէր հանրային քննարկում Նախագծի շուրջ, որին հրավիրված են ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ, պետական գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուներ, փաստաբաններ, ԱԺ պատգամավորներ:
Քննարկման նպատակն էր հանրությանը ներկայացնել Տեղեկատվության ազատության ոլորտի օրնեսդրական փոփոխությունների գործընթացը, Նախագծի քննարկվող տարբերակները, քաղհասարակության առաջարկներն ու դիտողությունները:
ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը բացման խոսքում նախ ներկայացրեց Տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքը: Նա նշեց, որ շուրջ մեկուկես տարի առաջ Արդարադատության նախարարությունը սկսել էր տեղեկատվության ազատության հայեցակարգի մշակումը, մի շարք հանրային քննարկումներ իրականացրել, որին հետևել էր Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի նախագծի և հարակից այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության փաթեթի մշակումը և հրապարակումը: Այնուհանդերձ ՀԿ-ների կողմից միանշանակ չէին ընդունվել ՏԱ մասին օրենքի նախագծի դրույթները, որի արդյունքում էլ նախաձեռնվել էր այս քննարկումը:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հիմնարար այն օրենքներից է, որը բոլորինն է, որն ապահովում է բաց, թափանցիկ և հրապարակային կառավարության գործունեություն, հանրային միջոցների տնօրինման և օգտագործման հանրային վերահսկման, հանրային հաշվետվողականության բազային գործիք է: «ՏԱ մասին» ՀՀ օրենքը գործում է 2003թ. սեպտեմբերի 23-ից, եւ այն ԶԼՄ օրենքի հետ զսպաշապիկի դեր խաղաց 14 տարիների ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարվա մարտին «e-draft.am» կայքում հանրային քննարկման էր ներկայացրել տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որն իր մեջ ներառում է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ: Ըստ ներկայացված հիմնավորման՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մինչ այդ, ԻԱԿ-ի նախաձեռնությամբ արդարադատության նախարարության հետ մշակել էր, կառավարությունն էլ վերջապես ընդունել էր «Տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը», որով լուծում տրվեցին նաև ՏԱ մասին օրենքում առկա մի քանի բացերի՝ ինչպես, օրինակ, էլեկտրոնային հարցումների կարգավիճակի, վճարների խնդրի հստակեցմանը, ՏԱ պատասխանատուների աշխատանքի կարգավորմանը: 2016 թվականին ՀՀ արդարադատությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ սկսեց մշակել ՏԱ ոլորտի արդիականացման հայեցակարգը, որի հիմնական նպատակն էր, ըստ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, տեղեկատվության ազատության ոլորտի հիմնախնդիրների վերհանումը և տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման համար երաշխիքների ամրագրումը: Հայեցակարգը, սակայն, կառավարությունը չհաստատեց, իսկ նախարարությունը, չգիտես ինչու, սահուն անցավ ՏԱ մասին նոր օրենքի մշակմանը:
Երբ կառավարությունը նման կարևոր ոլորտի օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում, խիստ կարևոր է գործընթացն առավելագույնս հրապարակային և մասնակցային դարձնել, հատկապես, երբ օրենքը լավագույնս կիրառվել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների, լրատվամիջոցների կողմից, ձևավորված է տեղեկություններ ստանալու իրավունքի պաշտպանության դատական դրական պրակտիկան, օրենքի օգտագործմամբ հետաքննական լրագրության, չարաշահումների բացահայտման լրագրողական փորձ և այլն: Օրենքի փոփոխությունները նախաձեռնելիս խիստ առաջնային է հաշվի նստել վերոնշյալ պրակտիկան ձևավորած կառույցների հետ, համատեղ մշակել նոր նախագիծ, եթե դրա կարիքը կա:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտնեց. «Հաշվի առնելով, որ նախագիծը կառավարություն ներկայացնելու ժամկետը մոտենում էր (հոկտեմբերի 1), ՀՀ արդարադատության նախարարությունից պաշտոնական արձագանք չկար, ՔՀԿ առաջարկներին որևէ կերպ արձագանք չէր տրվել, ԻԱԿ-ը սեպտեմբերի 22-ին նախաձեռնեց աշխատանքային քննարկում քաղհասարակության ներկայացուցիչների, փաստաբանների, պետական մարմինների ՏԱ պատասխանատուների մասնակցությամբ, նաև հրավիրվեցին արդարադատության նախարարության ներկայացուցիչներ՝ ներկայացնելու և նախագծի մշակման գործընթացը, և վերջնական նախագիծը, ինչպես նաև՝ թե քաղհասարակության առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք մերժվել և ինչ հիմնավորմամբ:
Անհանգստությունը մեկն էր՝ փոփոխության է ենթարկվում ՏԱ մասին ՀՀ օրենքը, իսկ գործընթացից հեռու են մնում քաղհասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցները, հանրությունն ընդհանրապես»: Ի դեպ, քննարկմանն արդարադատության նախարարությունից նոր պատասխան չէր ստացվել, իսկ նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության» փորձագետ Էմիլ Մարգարյանն էլ նշել է, որ նախագիծը դեռ լրամշակման փուլում է, իսկ կառավարություն ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2017թ. դեկտեմբեր, որի մասին, սակայն, պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա:
ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը տեղեկացրեց. «Արդարադատության նախարարությանը բազմիցս թե գրավոր, թե բանավոր առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հավասարապես ներգրավելով հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Սակայն այսպես էլ խումբ չի ստեղծվել»:
Արդարադատության նախարարությունում ստեղծված չէ աշխատանքային խումբ: Հայտնի չէ, թե ովքեր են նախագծում ՏԱ ոլորտի օրենսդրական փոփոխությունները, ՔՀԿ կողմից ներկայացված առաջարկություններին հստակ պատասխան, մեկնաբանություն չի տրվում: Վերջնական նախագիծ չի ներկայացվում: Ըստ էության, աշխատանքային կարգով տրամադրված նախագծի տարբերակում առաջարկվող փոփոխությունները հետադիմական են, խիստ վտանգավոր: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել և նախարարությանն է ուղարկել առաջարկությունների մեծ փաթեթ:
Ըստ ԻԱԿ-ի. «Առաջարկություններին, սակայն, պատասխանը եղել է նույնը՝ լրամշակում ենք, մինչ հոկտեմբերի 1-ը ժամանակ ունենք: Շուրջ երկու ամիս լռությունից հետո ԻԱԿ-ը ստանում է նախագծի մեկ այլ տարբերակ, որի վերաբերյալ խնդրում են տալ կարծիք: Այս տարբերակը պաշտոնապես հրապարակված չէ: ԻԱԿ-ն իր կարծիքում նշում է, որ առաջարկվող մի քանի փոփոխություններ հետադիմական են գործող կարգավորումների համեմատ, հակասում են տեղեկատվության ազատության ոլորտում ձևավորված դրական պրակտիկային, և Ինֆորմացիայի ազատության կենտրոն հ/կ-ի համար անընդունելի են:
Դրանք վտանգավոր են ինչպես տեղեկատվության ստացման իրավունքի սահմանափակման համար, այնպես էլ հիմք են ստեղծում կոռուպցիայի զարգացման, տեղեկությունները ոչ իրավաչափորեն սուբյեկտիվ գնահատմամբ թաքցնելու համար»:
Քննարկման ժամանակ «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանը իր ելույթում նշեց. «Ես ապշած եմ այս անհեթեթ փոփոխություններից: Սրա նպատակն է ուղղակի օրենքի գործունեությունը պաշտոնյայի կամքի տակ դնել: Պաշտոնյան ուզեց՝ օրենքը կգործի, չուզեց՝ չի գործի: Եթե նա չուզեց որևէ տեղեկություն տրամադրել, կասի՝ գիտեք, ձեր անհատական հետաքրքրությունը դեռևս հանրային հետաքրքրություն չէ: Պաշտոնյայի դուրը չեկավ, ժամանակ չունեցավ, կամ կոռուիպցիա, չարաշահում բացահայտող հարց եղավ, նա չի պատասխանի: Երևի, պետք է Հայաստանի 3 մլն բնակչությունը ստորագրի, նոր կհամարեն հանրային հետաքրքրություն առաջացնող: Ընդհանրապես այս բառակապակցությունը օրենքում չի բացված և հնարավոր էլ չէ բացել: Ոչ մեկը չի կարող սահմանել, թե որն է հանրային հետաքրքրությունը, դա մոտավորապես ճաշակ սահմանելու պես բան է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Լևոն Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ եթե Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոփոխվի, հարցումների իննսուն տոկոսը մերժվելու է: Նրա հավաստմամբ, հասարակությունը պետք է հասկացնի օրենքը գրողներին, որ ինքն է նրանց ռոճիկ տալիս, մինչդեռ փոխարենը սեղաններին «քանդակած» օրենքներ է տեսնում:
Քննարկմանը ներկա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն իր հերթին նկատեց՝ ինքը մնում է այն համոզմանը, որ նոր օրնեքը կոչված է այլ քաղաքական խնդիր լուծել, քան տեղեկատվական ազատություն ապահովելն է: Իշխանությունները ջանում են տպավորություն ստեղծել, որ իբր ավելի թափանցիի են դարձնում պետական մարմինների աշխատանքը:
«Այստեղ, սակայն, թափանցիկության մասին խոսք չի կարող լինել: Եթե անգամ ի սկզբանե նման ցանկություն է եղել, ոմանք թափանցիկությանն ուղղված աշխատանքները տարել են բոլորվին այլ ուղղությամբ: Որևէ կերպ չարժե կասկածել, որ Տեղեկատվության ազատության օրենսդրական փոփոխությունները չեն քննարկվի»,- ասաց բանախոսը:
«Սա խայտառակ օրինագիծ է, որի դեմը պետք է առնել հանրային ըմբոստացմամբ: Այլապես այս փաստաթղթով տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարվում է»,- ամփոփեց ԽԱՊԿ նախագահը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշում է, որ փոփոխությունների նախագծում կան դրույթներ, որոնք անընդունելի են: «Օրինակ, եթե մենք ուզում ենք իմանալ, թե ինչ-որ գրադարան պետությունից ստացած իր բյուջեն ինչպես է տնօրինում, գրադարանը կարող է ասել՝ մենք 50-ից քիչ աշխատակից ունենք և ձեր հարցմանը չենք պատասխանում»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս օրենքը 14 տարի է ինչ գործում է և խնդիրներ չէր առաջացրել: Ըստ նրա՝ միակ փոփոխությունը, որն արժեր անել այս օրենքում, էլեկտրոնային հարցման ինստիտուտը մտցնելը կարող է լինել. «14 տարի առաջ էլեկտրոնային հարցումներ գրեթե չկային, բայց տեխնոլոգիաները զարգացել են: Այս օրենքում ուրիշ որևէ փոփոխության կարիք չկար, բայց իշխանությունը որոշեց ոչ թե ինչ-որ դրույթներ փոխել, այլ ամբողջությամբ նոր օրենք գրել»,- նշեց նա:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ համոզված է, որ եթե հարցումը տեղեկատվությունը տնօրինողի համար «ցավոտ» կամ անցանկալի լինի, կասվի, որ դա հանրային հետաքրքրություն առաջացնող հարց չէ. «Ո՞վ է որոշելու, սա հանրային հետաքրքրություն առաջացնող է, թե ոչ: Ո՞վ է դատավորը»,- նկատեց Դանիել Իոաննիսյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով ՏԱ մասին օրենքի նախագիծը շատ վատ է ձևակերպված և ՏԱ ոլորտում կարող է հանգեցնել ոչ թե առաջընթացի, այլ ընդհակառակը: Նա նշում է, որ շատ հաճախ պետական մարմինները տեղեկություն տրամադրելիս դժգոհություն են հայտնում տեղեկատվության տրամադրման պատճառով ժամանակի կորստի վերաբերյալ, ուստի անհրաժեշտություն կա պետական մարմիններին ապահովելու օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներով: Հերիքնազ Տիգրանյանը հանդես եկավ տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագծով զբաղվող աշխատանքային խմբի հստակեցման պահանջով. «անհրաժեշտ է իմանալ, թե որ հասարակական կազմակերպություններն են ներառված աշխատանքային խմբում, որպեսզի արդյունավետ լինի հետագա համագործակցությունը»:
«Մեդիա Նախաձեռնությունների» կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքը տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագծի մասին
«Մեդիա Նախաձեռնությունների» կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ չնայած ՏԱ գործող օրենքի հետ կապված իմպլիմիտացիոն խնդիրներ առկա են, այնուամենայնիվ, բովանդակային առումով գործող օրենքը բավարարում է քաղհասարակության պահանջները, և, ամբողջացնելով քաղհասարակության բոլոր ներկայացուցիչների կարծիքը, նշեց, որ անհրաժեշտ է հրաժարվել ՏԱ օրենքի նախագծից, դադարեցնել այդ գործընթացն ու սկսել մեկ ուրիշը:
- զրոյացնել ՏԱ մասին օրենքի նախագծի մշակման ընթացիկ գործընթացը,
- ստեղծել օրենսդրական փոփոխության աշխատանքային խումբ՝ հավասարապես բաղկացած պետական մարմինների և ՔՀԿ ներկայացուցիչներից:
- Մշակել ոչ թե Նոր օրենքի նախագիծ, այլ՝ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որն ուղղված կլինի միմիայն լրացնելու և ընդլայնելու օրենքի կիրառման արդյունքում տեղ գտած բացթողումները: