Մայիսի 20-21-ին տեղի ունեցավ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ երկօրյա աշխատանքային քննարկում ՀՀ արդարադատության նախարարության, իրավաբանների և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպել էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը, որը ներկայացրեց Տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ընթացքը: Նա նշեց, որ շուրջ մեկուկես տարի առաջ Արդարադատության նախարարությունը սկսել էր տեղեկատվության ազատության հայեցակարգի մշակումը, մի շարք հանրային քննարկումներ իրականացրել, որին հետևել էր Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի նախագծի և հարակից այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության փաթեթի մշակումը և հրապարակումը: Այնուհանդերձ ՀԿ-ների կողմից միանշանակ չէին ընդունվել ՏԱ մասին օրենքի նախագծի դրույթները, որի արդյունքում էլ նախաձեռնվել էր այս քննարկումը: Աշխատանքային քննարկման նպատակն էր ՏԱ մասին օրենքի նախագծի դրույթների մանրամասն քննարկումը և Արդարադատության նախարարությանը ներկայացնել նոր, վերամշակված նախագիծ, որը կարտացոլեր ՔՀԿ-ի առաջարկներն ու դիտողությունները:
Ներկա էին ԻԱԿ-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, «Թրանսփերանսի ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնի, Լրագրողների Ասպարեզ ակումբի, Իրավունքի գերակայություն ՀԿ-ի, Խոսքի ազատության կոմիտեի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ի ներկայացուցիչները:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը ներկայացրեց փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումները և նախագծում տեղ գտած հիմնական փոփոխությունները:
Մասնակիցները քննարկեցին նախագծի բոլոր հոդվածները: Քաղհասարակության ներկայացուցիչները հայտնեցին իրենց առաջարկությունները, մի շարք դիտարկումներ կատարեցին նախագծում առկա ձևակերպումների վերաբերյալ՝ փորձելով ձևակերպել օրենքի՝ առավել հստակ, ճշգրիտ և կամայական ընկալումներից զերծ նախագիծ, որը կխթանի ոլորտի բարելավումը:
Հատկապես կարևորվեց հստակեցնել նախ 3-րդ հոդվածում տեղ գտած հասկացությունների ձևակերպումները, մասնավորապես՝ տեղեկություն, տեղեկություն տնօրինող, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ հասկացությունները:
Առաջարկվեց մանրամասն ձևակերպել նաև 4-րդ հոդվածում թվարկված Տեղեկատվության ազատության սկզբունքները:
Առաջարկվեց հանել հոդված 6-րդի երկրորդ կետը, որով առանձնացվում է օտարերկրացիների՝ տեղեկություն ստանալու իրավունքը:
Մանրամասն քննարկվեց Նախագծի 9-րդ հոդվածը՝ Տեղեկությունների տրամադրման պայմանները, որտեղ ներկայացված են տեղեկությունների տրամադրման ծախսերի փոխհատուցման պայմանները:
Ներկաների կողմից միանշանակ ընդունվեց Նախագծի 14-րդ հոդվածը հանելու առաջարկը՝ Տեղեկատվության ազատության խորհուրդը, որով նախատեսվում է ՄԻՊ-ի կազմում ստեղծել Տեղեկատվության ազատության խորհուրդ: Բոլորի կողմից հաստատվեց, որ ՄԻՊ-ն առանց այս դրույթում տեղ գտած գործառույթների էլ ունի նույն լիազորությունները, և անիմաստ կրկնություն է այս օրենքով ևս մեկ անգամ ՄԻՊ-ի համար սահմանել նման գործառույթներ:
Կարծիքներ հայտնվեցին նաև, որ ընդհանրապես որևէ լիազոր մարմին պետք չէ ստեղծել, քանի որ նախ տեղեկատվության ազատությանը վերաբերող գործերի արտադատական մեխանիզմներ արդեն իսկ կան, անհրաժեշտ է դրանց օգտագործման պրակտիկան ուժեղացնել, իսկ անկախ մարմնի ստեղծումը երաշխավորված չէ, քանի որ ներկայումս դժվար է անկախության լիարժեք երաշխիքներ ապահովել պետական բյուջեից ֆինանսավորվող և իշխանության կողմից նշանակվող մարմնի համար: Առաջարկվեց հետագայում քննարկել ՔՀԿ-ի նախաձեռնությամբ մեկ անկախ մարմնի ստեղծման գաղափարը:
Երկօրյա քննարկման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները կամփոփվեն և կներկայացվեն ինչպես քաղհասարակությանը, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով դրանք ներառել Նախագծի մեջ: