Տեղեկատվության ազատության “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2015 թվականի սեպտեմբերի 28-ին, Երևանում, Մարիոթ հյուրանոցում՝ ժամը 15:00-ից մինչև 17:00: Միջոցառումը նվիրված է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա կգտնվեն և ողջույնի խոսքով հանդես կգան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, դեսպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ:
Ոսկե բանալի մրցանակներ կշնորհվեն հետեւյալ անվանակարգերում.
- Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը,
- ՏԱ ոլորտում լավագույն բարեփոխիչ
- ԲԿԳ Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացրած մարմին
- Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
- Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպան:
- Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն
- Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրագրող/լրատվամիջոց
- «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող/լրատվամիջոց
Բացասական մրցանակը կշնորհվի հետեւյալ անվանակարգերում.
- Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 ՀԿ-ների ներկայացուցիչներից և փորձագետներից բաղկացած անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց և ԻԱԿ-ի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաև կենտրոնի եռամսյակային Սև ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները: Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.foi.am/hy/award-standards/։
Նախորդ տարիների մրցանակակիրների մասին տեղեկությունները հասանելի են այստեղ՝ https://www.foi.am/hy/awards-winners/:
2002 թ.-ից վեր աշխարհի ավելի քան 100 երկրներում սեպտեմբերի 28-ը նշվում է որպես ՏԱ միջազգային օր: 2003 թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ԻԱԿ-ը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգել
091435136 կամ 010560360 հեռախոսահամարներով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն