2015 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի ստեղծման թեմայով առաջին հանդիպումը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համաֆինանսավորմամբ:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, այլ միջազգային կազմակերպություններից, ՀՀ Կառավարությունից, այլ պետական և տեղական մարմիններից, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից, հասարակական կազմակերպություններից և ԶԼՄ-ներից:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվեց և քննարկվելեց ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թ.թ.-ի միջոցառումների ծրագիրը, Կառավարություն – Քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի ստեղծման նպատակը և հետագա անելիքները:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ նման հարթակի ստեղծումը հենց միտված է ակտիվ համագործակցություն ծավալել քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ, քննարկել հակակոռուպցիոն 2015-18 թթ. ռազմավարությունից բխող հարցեր: Ս. Քրմոյանի խոսքով, հենց 2015-18 թթ. ռազմավարության մեջ հստակ նշված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է քննարկումներին քաղհասարակության, բիզնես ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:
«Այսօր հայտարարում ենք նոր հարթակի ստեղծման մասին: Պետությունն այս միջոցառումով ցույց է տալիս, թե ինչքանով է կարևորում հասարակական կազմակերպությունների մասնակցությունն այս գործընթացին»,- նշեց փոխնախարարը:
«Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ քաղհասարակությունը պետք է ակտիվ, առողջ երկխոսություն իրականացնի կառավարության հետ, արդյունքում ծնվեն գաղափարներ, այնուհետև ձեռնամուխ լինեն դրանց կատարմանը: «Այս հավաքի հիմնական նպատակն է, որ պետության հետ քաղհասարակությունը կնքի հուշագիր, որով կողմերը պարտավորվում են երկկողմանի հարթակ ստեղծել, որտեղ կքննարկվեն հակակոռուպցիոն ոլորտի ամենակարևոր խնդիրները, լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն հակակոռուպցիոն խորհրդին հետագա քննարկման համար՝ հույս ունենելով, որ լուծում կստանան»,- ասաց նա:
Եվրամիության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն նշեց, որ իրենք չեն եկել կոռուպցիայի դեմ պայքարի մասին դասախոսություններ կարդալու, այլ այստեղ են աջակցելու, օգնելու: «Պետք է միասին պայքարել, որպեսզի հասարակությունը կոռուպցիայի բացասական ազդեցությունից զերծ մնա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կոռուպցիան ցանկացած ասպարեզում բերում է կորուստներ, վնաս հասցնում հասարակության բոլոր խավերին:
Կողմերը աշխատանքային հարթակի ստեղծման վերաբերյալ համատեղ հայտարարություն ստորագրեցին,որին կարող են միանալ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները: