2015թ.-ի սեպտեմբերի 15-ին` ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության դատական գործով առաջին դատական նիստը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատարանից խնդրել էր ոչ իրավաչափ ճանաչել ՃՈ այն անգործությունը, որով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի տրվել ԻԱԿ-ի կողմից հարցմամբ խնդրվող տեղեկատվության վերաբերյալ: Նիստի ժամանակ ԻԱԿ-ը պնդեց իր հայցապահանջը:
ՃՈ ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ` նշելով, որ անհայտ է, թե ՃՈ-ն երբ է փաստացի ստացել հարցումը, ուստի հնարավոր չէ պարզել, արդյոք իրոք ժամկետների խախտում եղել է, թե ոչ: ԻԱԿ-ի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց “ՀայՓոստ” ՓԲԸ-ից ստացված գրությունը, որով ապացուցվում է, որ ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը ստացել է 2015թ.-ի մայիսի 25-ին, այնինչ պատասխանն ուղարկել է մեկ ամիս անց (ՃՈ-ի պատասխանը թվագրված է 2015թ.-ի հունիսի 24)` խախտելով օրենքով սահմանված ժամկետները:
Դատարանը եւս մի նախնական դատական նիստ նշանակեց` ՃՈ-ից պատասխան գրության վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ ԻԱԿ-ից ՃՈ-ի պատասխան գրության ծրարի բնօրինակը ստանալու համար: