2015թ.-ի սեպտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի դատական նիստերի թիվ 325 դահլիճում (հասցեն` ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության դատական գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2015թ.-ի մայիսի 22-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տեղեկություններ ճանապարհային տեսախցիկների եւ լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ:
ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 2015թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության այն գործողությունները կամ անգործությունը, որով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի տրվել ԻԱԿ-ի կողմից հարցմամբ խնդրվող տեղեկատվության վերաբերյալ, ինչպես նաեւ պարտավորեցնել ՃՈ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015 թվականի մայիսի 22-ի գրավոր հարցմամբ փնտրվող տեղեկատվությունը:
Այն բանից հետո, երբ ԻԱԿ-ն արդեն հայցով դիմել էր դատարան, ՃՈ-ն տրամադրել էր 2015թ.-ի մայիսի 22-ի հարցման պատասխանը, ուստի, ԻԱԿ-ը հրաժարվեց ՃՈ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու մասին հայցապահանջից` շարունակելով պնդել ՃՈ-ի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին հայցապահանջը: