2015 թ.-ի հուլիսի 28-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Նիստին հրավիրված էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրել է Տեղեկատվության ազատությանը վերաբերող խնդիրներն ու առաջնահերթությունները:
Տեղեկատվության ազատությունը որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք
Տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ.
- այն ապահովում է կառավարության աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունը,
- այն ապահովում է մարդկանց մյուս բոլոր իրավունքների իրականացումը։ եթե քաղաքացիները բավարար իրազեկված են, ուրեմն կարողանում են օգտվել իրենց իրավունքներից,
- ՏԱ-ը բերում է կառավարության հանդեպ վստահության ձեւավորման։ եթե մարդիկ տեղյակ են, թե ինչ է անում կառավարությունը, արդյունքում վստահում են նրան։
Ի վերջո, այս ամենն իր հերթին հանգեցնում է կոռուպցիայի կանխարգելմանն ու նվազմանը։ Չէ՞ որ կոռուպցիան ծաղկում է մթության մեջ։ Հետեւապես, Տեղեկատվության ազատության ու հրապարակայնության զարգացումն ապահովում են կոռուպցիայի դեմ ջանքերի եւ պայքարի արդյունավետությունը։
ՏԱ ներկա վիճակը.
2003թ.-ին ընդունված “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման 12 տարիների ընթացքում տեղեկատվության ազատության ոլորտում բազմաթիվ հաջողություններ են գրանցվել, նաեւ` վերհանվել են ՏԱ խնդիրները եւ մարտահրավերները:
Հայաստանում ՏԱ վիճակը լավագույնս ներկայացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (այսուհետ՝ ԻԱԿ) տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրությունը: ԻԱԿ-ը տարեկան հարյուրավոր հարցումներ է ուղարկում տեղեկություն տնօրինող մարմիններին, որոնց վերլուծության արդյունքում ի հայտ են գալիս հիմնական ձեռքբերումներն ու թերությունները։
Եթե 2004թ.ին մարդկանց տեղեկություն ստանալու հարցումների ընդամենը 41 տոկոսն էր բավարարվում, 2012թ.-ին՝ 59 տոկոս, ապա օրենքի ընդունումից 12 տարի անց՝ 2014-ին մենք արձանագրում ենք, որ լիարժեք բավարարված հարցումները կազմում են արդեն 77 տոկոսը։
2014-2015թ.թ.-ի ընթացքում ՏԱ ոլորտում լուրջ առաջընթաց գրանցվեց, երբ Արդարադատության նախարարությունը 2014թ. հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին նախաձեռնեց եւ հաջողությամբ ավարտին հասցրեց ՀՀ բոլոր նախարարություններում, բոլոր մարզպետարաններում եւ կառավարությանն առընթեր մարմիններում ՏԱ պատասխանատուների նշանակման գործընթացը: ՏԱ պատասխանատուների նշանակմամբ ապահովվեց “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի կատարումը, որն ըստ էության անտեսված էր օրենքի ընդունումից ի վեր:
Հաջորդ կարեւոր առաջընթացը ՏԱ մասին օրենքով նախատեսված` կառավարության նախագծի մշակումն է քաղ հասարակության անմիջական մասնակությամբ։ Անցյալ տարի Արդարադատության նախարարության եւ ԻԱԿ—ի համատեղ ջանքերով մշակվեց “Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եվ պահպանման, ինչպես նաեվ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին” կառավարության որոշման նախագիծը: Անցնելով հանրային քննարկումների լրջագույն փորձությունը՝ նախագիծն արդեն վերջնական տեսք է ստացել եւ պատրաստ է ընդունման։
Այս ենթաօրենսդրական ակտի ընդունումը կլուծի ՏԱ ոլորտի բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես.
• Կկարգավորվի էլեկտրոնային հարցումների խնդիրը:
• Երկրորդ` կլուծվի տեղեկության տրամադրման համար գանձվող վճարների խնդիրը:
• Երրորդ` կամրագրվի տեղեկություն տնօրինողի կողմից ՏԱ պատասխանատու պաշտոնյա նշանակելու պարտականությունը:
• Կխթանվի տեղեկատվության պրոակտիվ հրապարակումը՝ ապահովելով հանրությանը հուզող, հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետական մարմինների սեփական նախաձեռնությամբ։
Այս եւ մի շարք այլ հարցերի լուծումը էապես կխթանի ՏԱ զարգացումը։
Նշեցինք վերջին տարիների հիմնական ձեռքբերումները։ Խոսենք նաեւ այն խնդիրների մասին, որոնք դեռեւս առկա են եւ խոչընդոտում են կառավարման թափանցիկությանը.
¬- Լուռ մերժումներ Թեեւ էապես բարելավվել է, բայց դեռեւս խնդիր է մնում լուռ մերժումների հարցը, երբ պետական մարմիններն ընդհանրապես չեն պատասխանում քաղաքացիների եւ լրագրողների գրավոր հարցումներին (2004-ին այդ ցուցանիշը 36 տոկոս էր, 2014ին՝ 12 տոկոս)։ Սա նշանակում է, որ հարյուրավոր հարցումներ մնում են չպատասխանված։
Թերի պատասխաններ – Լուռ մերժումների թվի նվազմանը զուգահեռ աճել է թերի եւ անհիմն պատասխանների ցուցանիշը։ 2004ին այդ թիվը 3 տոկոս է եղել, 2014ին արդեն՝ 11%)։ Վերջին դեպքում հարցումները ստանում են ոչ պատշաճ, լղոզված, թերի պատասխաններ:
Էլ. Հարցումները կարգավորված չեն. Լուծված չէ էլեկտրոնային հարցումների խնդիրը: Տեղեկություն տնօրինող մարմինները տարբեր կերպ են ընթացք տալիս էլեկտրոնային հարցումներին, ինչը դիմողին շփոթության մեջ է գցում, դիմողը չի հասկանում, թե իր էլեկտրոնային հարցմանը ինչ ճակատագիր է սպասվում:
Վճարներ. Լուծված չէ տեղեկություն ստանալու համար վճարների խնդիրը, ինչը հնարավորություն է տալիս տեղեկության տրամադրման համար ոչ ողջամիտ վճար սահմանել:
Անելիքներ.
1. Վերոնշյալ խնդիրների լուծման ամենաարդյունավետ լուծումը ՏԱ հանձնակատարի ինստիտուտի ներդնումն է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ SԱ հանձնակատարը պետք է հանդիսանա ՏԱ մասին օրենքում նշված՝ ՏԱ իրավունքի խախտումների բողոքարկման արտադատական մարմինը` լիազորված պետական կառավարման մարմին: Մեր համոզմամբ այս ինստիտուտը կարող է միավորվել բոլորովին վերջերս հիմնված Անձնական տվյալների պաշտպանության հանձնակատարի ինստիտուտի հետ։
2. Ինչպես նշեցի` ՏԱ ոլորտի մի շարք խնդիրների լուծման հնարավորությունները տալիս է “Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին” որոշումը: Ուստի կարեւոր է առանց անհարկի հետաձգման ընդունել նշված որոշումը: Մեծարգո վարչապետ, հայցում ենք ձեր աջակցությունը ՏԱ ոլորտում այս առանցքային որոշման ընդունման հարցում։
3. Վերոնշյալ կարգի մշակման ընթացքում պարզ դարձավ, որ ՏԱ ոլորտի մի շարք խնդիրներ հնարավոր չէ լուծել ենթաօրենսդրական ակտով, այլ պետք է կարող են լուծել միայն օրենքով: ՏԱ մասին օրենքը 2003թ.-ին ընդունվելուց հետո երբեւէ որեւէ փոփոխության չի ենթարկվել: Թեեւ ժամանակին օրենքը ճանաչվել է ՏԱ ոլորտի լավագույն օրենոներից մեկը Եվրոպայում, սակայն այն այսօր արդեն բարեփոխման կարիք ունի, քանի որ չի բավարարում ՏԱ նոր մարտահրավերներին: ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն սկսել է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակելու նախապատրաստական աշխատանքները: Ուստի, կարեւոր է չանտեսել այս գործընթացը եւ հնարավորինս շուտ քաղաքացիական հասարակության համաձայնությամբ եւ նրա հետ համագործակցությամբ ընդունել ՏԱ մարտահրավերներին համահունչ ՏԱ իրավունքի զարգացում եւ պաշտպանություն ապահովող նոր օրենք կամ համապատասխան փոփոխություններ:
4. ԻԱԿ-ի փորձը եւ 2015թ.-ի հարցումների վիճակագրությունը վկայում են, որ ինչքան էլ օրենսդրական դաշտը կատարյալ լինի, միեւնույն է անհնար կլինի իրավունքի պատշաճ իրացումն առանց պաշտոնյաների կողմից օրենքի պահանջների հստակ պահպանման: Այս առումով խիստ կարեւորում ենք տեղեկություն տնօրինող մարմնի համապատասխան պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածությունը եւ իրազեկվածությունը ՏԱ վերաբերյալ: Ուստի, առաջարկում ենք նաեւ հետեւողականորեն իրականացնել հանրային ծառայողների համար ուսուցումներ ՏԱ իրավունքի դերի, նշանակության, ՏԱ ոլորտում իրենց պարտականությունների վերաբերյալ, ՏԱ որպես հակակոռուպցիոն գործիք թեմաներով:
ԻԱԿ-ն առաջարկում է իր պատրաստակամությունը, ներուժը եւ ռեսուրսները այս գործընթացում։ Սրանք կոնկրետ քայլեր են, որոնք իրենց անհետաձգելի արդյունք են տալու կոռուպցիայի դեմ պայքարում։
Իր ելույթի վերջում ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանն ասաց, որ ունի չորս բալիկ, եւ ուզում է, որ նրանք ապրեն կոռուպցիայից զերծ երկրում: