Չնայած ինտերնետային մամուլի լայն տարածմանը, Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասը շարունակում է մնալ անազատ: Նրանք վերահսկվում են իշխանության կամ քաղաքական ուժերի կողմից և շատ հաճախ որդեգրում համապատասխան քաղաքական գիծ: ԶԼՄ-ների նկատմամբ վերհասկողությունն իշխանության համար կարևոր է, քանի որ այն հանդիսանում է քաղաքական ղեկավարության հենասյուներից մեկը:
Բացի ավանդական լրատվամիջոցներից՝ հեռուստատեսություն և ռադիո, իշխանությունը սկսել է ակտիվորեն օգտագործել նաև ցանցային լրատվամիջոցները՝ սեփական կարծիքի տարածման և համացանցում ծավալվող քննարկումների ուղղվածությունը շեղելու համար: «Համացանցում տեղի ունեցող զարգացումները զավթողական մի իրավիճակ են հիշեցնում, որ փորձ է արվում լռեցնելու այն թեմաները, որ այսօր կարևոր են: Խոսքն այն լրատվամիջոցների մասին է, որոնք ամեն ինչ անում են միայն, թե գրավեն հասարակության ուշադրությունը, որպեսզի այն հետևի իրենց ինֆորմացիոն հոսքերին» , – նշեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:
Մամուլի ազատության օրվա կապակցությամբ «Մեդիա կենտրոնում» մայիսի 5-ին Սուրեն Դեհերյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը և ֆոտոլրագրող Անի Գևորգյանը քննարկեցին զարգացումները Հայաստանի լրատվական դաշտում՝ հիմքում ունենեալով հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությանը լրատվամիջոցների ազատության վարկանիշը, ինչպես նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը:
Համաձայն վերջերս հրապարակած Freedom House-ի լրատվամիջոցների ազատության վարկանիշի՝ Հայաստանը 135-րդ տեղում է գտնվում՝ մասամբ ազատ և անազատ մամուլի սահմանագծում: Ըստ հրապարակած զեկույցի՝ Հայաստանի լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան Թուրքիայի կամ Մեքսիկայի, և անհամեմատ ավելի ազատ են, քան Ադրբեջանի կամ Ռուսաստանի լրատվամիջոցները:
Իրավիճակը տխրեցնող է նաև լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման մասով: Միայն 2014 թ. լրագրողների նկատմամբ իրականացվել է 9 բռնության դեպք, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Խնդիրը կարևորվել է նաև միջազգային հարթակներում: Այս տարի Հայաստանին ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական զեկույցի շրաջանակներում արված 15 առաջարկից 13-ը հենց վերաբերվում են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:
Լրատվամիջոցները Հայաստանում մեծ հաշվով, նշում է Լևոն Բարսեղյանը, կտրված են հասարակական պատվերից և վերհասկվում են իշխանության կողմից: «Ա1պլյուսի» և «Նոյան Տապանի» եթերազրկումից հետո Հայաստանը մամուլի ազատության միջազգային վարկանիշերում սկսեց զբաղեցնել ստորին սանդղակները», – արձանագրեց բանախոսը՝ հավելելով, որ մինչև Freedom House-ի գնահատականին անդրադառնալը պետք է հարց հնչեցնել` արդյոք հայաստանյան լրատվամիջոցները, բացի մի քանիսից, արտացոլում են հանրության մեջ առկա գաղափաները: «ԶԼՄ-ների մեծ մասը մնում է անազատ: Նրանք վերահսկվում են իշխանության կողմից, քանի որ հանդիսանում են քաղաքական ղեկավարության համար հասարակական լայն շերտերի վրա ազդեցության ռեսուրս», – նշեց Բարսեղյանը:
Նրա կարծիքով, էական դրական փոփոխություն չկա նաև լրագրողների նկատմամբ բռնությունների և հետապնդումների մասով: «Վերջին 15 տարում լրագրողների նկատմամբ կիրառվել է մոտ 200 բռնության դեպք: Միայն 4 գործով է, որ քիչ թե շատ արդյունավետ հետաքննություն է իրականցվել, ինչը գոհացրել է լրագրողներին: Մնացած գործերով չկան արդյունավետ քննություններ», – հիշեցնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:
Շուշան Դոյդոյանի գնահատմամբ, վերջին մի քանի տարում և՛ լրագրողների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի և՛ մամուլի ազատության մասով Հայաստանում պահպանվում է կայուն իրավիճակ: «Լրագրողների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի թվով ո՛չ նվազում ենք գրանցել ո՛չ էլ աճ: Չկա որևէ առաջընթաց բռնությունների դեպքերի բացահայտման առումով», – նշեց Դոյդոյանը:
Անցած տարին, ըստ բանախոսի, աչքի ընկավ ևս մեկ բացասական միտումով, որը վերաբերում էր լրագրողների աղբյուրների պաշտպանվածությանը: Հայաստանում 2014 թ.-ին կայացված դատական որոշմամբ պարտադրվեց մի քանի լրատվամիջոցների բացահայտել ինֆորմացիայի սեփական աղբյուրները: Այդ առիթով մտահոգություն հայտնեցին նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ նշելով, որ նման որոշումները հնարավոր է կաշկանդող ազդեցություն ունենան լրատվամիջոցների վրա:
Ըստ փորձագետների՝ դատական ատյանները նման որոշմամբ անտեսեցին «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածը, որով սահմանվում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»։
Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը, ում նկատմամբ կիրառվել էր բռնություն և խոչընդոտվել նրա մասնագիտական գործունեությունը, համարում է, որ Մամուլի ազատության իրավունքը Հայաստանում «ամեն քայլափոխի ոտնահարվում և վեր է ածվում առևտրի քննություն իրականացնելու համար, սակայն ոչ մի արդյունք չի եղել: Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել», – հիշեցրեց Գևորգյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն, կարճելով գործը, գտավ որ ոստիկանները «ինձ հարվածելով, տեսախցիկը խլելով, փորձել են ինձ պաշտպանել»: Գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում և հայտնի չէ՝ այն վարույթ կընդունի, թե ոչ:
Ստեղծված իրավիճակը փոխելու համար Շուշան Դոյդոյանը կոչ արեց լրագրողներին ավելի ակտիվ լինել և իրավունքների խախտման դեպքում բողոքներ ներկայացնել: «Դատական գործեր պետք է հարուցվեն բոլոր դեպքերով, և լրագրողները չպետք է հաշտվեն այդ դեպքերի հետ: Բողոքարկման գործընթացը շատ ժամանակատար է, բայց ժամանակի ըթնացքում այն իր արդյունքը տալու է», – վաստահեց նա:
Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ հասարակական կազմակերպությունները պետք է բանակցեն իշխանությունների հետ, որպեսզի պետությունը ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական զեկույցի շրջանակներում իր վրա վերցնի պարտավորություն՝ քայլեր ձեռնարկելու լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման և մեղավորների պատժման ուղղությամբ:
Աղբյուրը՝ Մեդիա Կենտրոն
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր