2015 ապրիլի 29-30 -ին ԻԱԿ-ի և ՀՀ քաղծառայության խորհրդի հետ համատեղ կայացան ՏԱ պատասխանատու 15 քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին ՀՀ նախարարությունների և Կառավարությանն առընթեր մարմինների՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու քաղաքացիական ծառայողները, որոնք ներկայացնում էին գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության բաժինները:
Դասընթացի առաջին հատվածում մասնակիցները ծանոթացան տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտին, ոլորտում առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև տեղեկատվություն (այդ թվում նաև էլեկտրոնային) ստանալու և տրամադրելու եղանակներին, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցները գործի բերումով ծանոթ են թեմայի հիմնական դրույթներին ԻԱԿ փորձագետներ Մարինե Հակոբյանը և Գևորգ Հայրապետյանը իրենց զեկույցներում շեշտը դրեցին հիմնականում մասնակիցների պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրների վրա, ներկայացրին դրանց լուծման իրավական ճանապարհներն ու դրանց ապահովման հիմնական սկզբունքները: Բանախոսները տվյալ խնդիրների լուծման գործում ունեցած սեփական հաջող փորձը գործընկերներին ներկայացնելու հնարավորություն տվեցին նաև մասնակիցներին:
Դասընթացի երկրորդ հատվածը վերաբերում էր հանրային կապերի պլանավորմանն ու քաղաքացիների հետ հաղորդակցման ուղղակի և անուղղակի ձևերին: Խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը ներկայացնում էր քաղաքացիական ծառայության զարգացման միտումները, իսկ ավելի ուշ քննարկման թեման միջանձնային հարաբերություններն էին (քաղաքացիների հետ հաղորդակցում, ղեկավար-ենթակա հարաբերություններ):
ԻԱԿ փորձագետ, ԲԿԳ-Հայաստան քաղաքացիական ցանցի համակարգող Լիանա Դոյդոյանը դասընթացի վերջին հատվածում մասնակիցներին ներկայացրեց Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության հիմնական սկզբունքները, ԲԿԳ հայաստանյան գործընթացները և Հայաստանի Գործողությունների ծրագիրը:
Երկօրյա վերապատրաստման դասընթացն իրականացվում էր ԻԱԿ-ի կողմից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Խորհրդի ապրիլի 17-ի N 305-Ա որոշմամբ հաստատված ուսումնական ծրագրի համապատասխան։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացել են պետական նմուշի վկայականներ: