ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 11-ին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ խնդիրները:
Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ-ի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծերին, ինչպես նաև ՀՀ միջազգային պարտավորություններին՝ այդ թվում՝ ՏՀԶԿ կողմից տրված հանձնարարականներին:
Սուրեն Քրմոյանը նշել է, որ խորհուրդը պետք է քննարկի և մշակի հակակոռուպցիոն ռազմավարություն, իսկ դրա արդյունավետության և հանրային շահերի ներառման ու արտահայտման համար կարևոր է ՀԿ-ների ներգրավվածությունը: Դա կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարն առավել համակարգված, թափանցիկ և վերահսկելի դարձնելուն: Այս առումով, նախարարի տեղակալը ընդգծել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ուժեղացման անհրաժեշտությունը: Նա ՀԿ ներկայացուցիչներին խնդրել է ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ, ինչպես նաև իրենց կատարած հետազոտություններն ու վերլուծությունները, որպեսզի դրանք ուսումնասիրվեն, մշակվեն և ներառվեն ռազմավարության մեջ: Փոխնախարարը կարևորել է համագործակցությունը գործնական հիմքի վրա և փոխշահավետ ու արդյունավետ աշխատելու պատրաստակամություն հայտնել:
“Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խորհուրդն իրապես աշխատի և դառնա խնդիր լուծող մարմին”,- ընդգծել է նա՝ խնդրելով ՀԿ ներկայացուցիչներին խորհրդի աշխատանքների հետ կապված նույնպես ներկայացնել իրենց մոտեցումներն ու տեսակետները: Անդրադառնալով ռիսկերի առաջացմանն ու դրանց գնահատմանը՝ Սուրեն Քրմոյանը նշել է, որ կա համագործակցություն միջազգային գործընկերների հետ, որպեսզի նրանց գնահատականների ու վերլուծությունների հիման վրա մշակվեն ռիսկերի նվազեցման առավել գործուն մեխանիզմներ: Քննարկվել են նաև ՀՀ միջազգային պարտավորությունները և դրանց կատարման ուղղված առաջիկա քայլերը: