Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՏԱ ենթաօրենսդրական ակտի նախագծի հանրային քննարկում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ ենթաօրենսդրական ակտի նախագծի հանրային քննարկում

Այսօր՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արդարադատության նախարարության հետ համատեղ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ կազմակերպել է  ՏԱ ենթաօրենսդրական ակտի նախագծի հանրային քննարկում, որը վերաբերում է տեղեկատվություն տրամադրելու կարգին և տեղեկությունների պահպանմանն ու դասակարգմանը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ 2003 թվականին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվությունը տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումն իրականացվում է Հայաստանի կառավարության սահմանած կարգով: Միաժամանակ, նույն օրենքի մեկ այլ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է Հայաստանի կառավարության սահմանած կարգով: Սակայն մինչ օրս կառավարության կողմից նման կարգ սահմանված չէր: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով` 11 տարվա ընթացքում քաղհասարակության կողմից բազմիցս բարձրացվել է այս հարցը, սակայն որևէ քայլ չէր ձեռնարկվել, ինչը գործնական դժվարություններ էր առաջացրել: «Արդարադատության նախարարության գործելաոճը հույս է ներշնչում, որ ունենալու ենք լավ, որակյալ փաստաթուղթ»,- քննարկման ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով, որոշման նախագիծը դեռ պատրաստ չէ ընդունում, անելիքներ կան: Դոյդոյանը հույս հայտնեց, որ քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկները կնպաստեն, որպեսզի նախագծի վերջնական տարբերակը լինի որակյալ և հետագայում խնդիրներ չառաջացնի: Քննարկմանը ներկա արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ նախագիծը մինչև տարեվերջ կամ հունվարի սկզբին կներկայացնեն կառավարության քննարկմանը: «Մեր խնդիրն է ապահովել, որ բոլոր պետական մարմինների աշխատանքը լինի թափանցիկ և արդյունավետ, որպեսզի մեր քաղաքացիները հանրավորություն ունենան մանրամասն տեղեկատվություն ունենալ յուրաքանչյուր պետական մարմնի աշխատանքի մասին՝ այդկերպ ձևավորելով իր կարծիքը տվյալ մարմնի գործունեության արդյունավետության վերաբերյալ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նման կարգավորումները կարևոր են քաղաքացիների իրավունքների տեսանկյունից: «Հանրապետության գործադիր մարմինների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Հայաստանի գործադիր մարմինների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման կարգը, տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումը, ինչպես նաև կապահովվի յուրաքանչյուր անձի՝ իր փնտրած տեղեկատվությանը ծանոթանալու և դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ տեղեկատվության տնօրինողին դիմելու և այդ տեղեկատվության ստանալու իրավունքների առավել արդյունավետ իրականացումը: «Քայլ առ քայլ այս դաշտն ամբողջությամբ կարգավորելու ենք: Ներկայումս չենք ուզում հետաձգել կոնկրետ այս հարցի լուծումը: Մեր խնդիրը վերաբերում է հիմնականում գործադիր մարմիններից տեղեկատվության ստանալուն»,- ասաց Ս. Քրմոյանը: Նախագծի վերաբերյալ ձեր առաջարկներն ու դիտողությունները կարող եք ուղարկել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին foi@foi.am էլ. փոստի հասցեով:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՔՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ (ՊԱՏՃԵՆԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Skip to content