2014թ. սեպտեմբերի 26-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությունը:
Բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան և ԻԱկ նախագահ Շուշան Դոյդոյանը:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.
- Արմավիրի մարզպետարանին` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական ինքնակառավարման մարմին,
- ՀՀ Ոստիկանության` www.police.am կայքին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
- ԲԿԳ Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացման համար Հատուկ մրցանակ տրվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը,
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,
- yerkir.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրատվամիջոց,
- Հայաստանի հանրային ռադիոյին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց,
- Փաստաբան Կարեն Մեժլումյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվեց.
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ որպես ՏԱ տեսանկյունից ամենազավեշտալի պատասխանի հեղինակ-գերատեչություն,
- Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:
Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի ինտերնետային կայքում՝ https://www.foi.am/hy/award-standards/։ Նախորդ տարիների արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ https://www.foi.am/hy/awards-winners/:
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ “Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում” ծրագրի շրջանակներում: