Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Պետք է իսկապես դռները բացել քաղաքացիական հասարակության համար. Շուշան Դոյդոյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Պետք է իսկապես դռները բացել քաղաքացիական հասարակության համար. Շուշան Դոյդոյան

Առաջիկայում հանրությանը կներկայացվի Հայաստանի 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության վերջնական նախագիծը: Դրա կոնցեպցիայի և քաղհասարակության առաջարկությունների քննարկման համար կազմակերպվել է աշխատանքային հանդիպում ՔՀԿ-Կառավարություն ձևաչափով: Այս ձևաչափով սա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած թվով երկրորդ միջոցառումն է Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: «Մեր ծրագրի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ուղարկվել են առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման, ինչպես նաև ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ: Առաջարկությունների հեղինակները մեր ծրագրի տեղական և միջազգային փորձագետներն են»,- բացման խոսքի ժամանակ նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: «Այսօրվա քննարկումներից մենք մեծ ակնկալիքներ ունենք, քանի որ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն արդեն մոտենում է ավարտական փուլին և ակնկալում ենք մեր գործընկերների կարծիքները, մեկնաբանությունները: Ինչպես ամրագրված է մեր հայեցակարգում հասարակության վստահությունը, հասարակության մասնակցությունը այն կարևոր և անփոխարինելի գործոնն է, որը հնարավորություն կտա արդյունավետ ձևով իրականացնել ռազմավարությունը»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: «Իմ կարծիքով այս հայեցակարգը հրաշալի վերլուծում է ներկայիս իրավիճակը Հայաստանում և հուսով ենք, որ ռազմավարության նախագիծը կօգնի առաջ ընթանալ: Ժամանակն է գործելու, ժամանակն է առաջ ընթանալու: Մենք գիտենք, որ Հայաստանը կարող է շատ լավ պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Այս անգամ, ի տարբերություն նախորդ հակակոռուպցիոն ռազմավարությունների, Կառավարությունը հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ է նախանշել` կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության` քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտները: Կառավարության տեսլականն է ավելի ընդլայնել, կատարելագործել գործող կառույցները, քան ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Հակակոռուպցիոն տեղական փորձագետ Մարատ Ատովմյանն ու միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտն այլ կարծիքի են: Նրանք առաջարկում են օրենքի հիման վրա ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի բազմաֆունկցիոնալ անկախ մարմին, քննարկել Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման հնարավորությունները: Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգով նախատեսվել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին, դրա կազմում ընդամենը 2 տեղ հատկացնելով ՔՀԿ-ների ներկայացուցիչներին: Հարցը քննարկվեց տարբեր ասպետկներից և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն առաջարկեց ներկայացրեց Սուրեն Քրմոյանին. «Անհրաժեշտ է մեծացնել քաղաքացիական հասարակության ներկայացվածությունը խորհրդի կազմում 2-ից 3, 4, 5, քննարկման այլ թեմա է: Եթե թողնում ենք նրանք մասնակցեն այդ խնդիրների լուծմանը, ապա այդ թողնելը չպետք է լինի փոքր դոզայով, այլ պետք է լինի համարձակ, ռիսկերից չվախենալով, պետք է իսկապես դռները բացել քաղաքացիական հասարակության համար»: Աշխատանքային հանդիպման շրջանակներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերը շատ էին ուղղված Կառավարության ներկայացուցչին ու փորձագետներին:

Աղբյուրը՝ iravaban.net կայք 

Skip to content