Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Որ պետական մարմիններն են փակ լրատվամիջոցների կարծիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Որ պետական մարմիններն են փակ լրատվամիջոցների կարծիքով

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Լրագրողներին եւ լրատվամիջոցնեի խմբագիրներին տրվել է հետևյալ հարցը. “Որոնք են լրագրողներին տեղեկություն տրամադրելու տեսանկյունից ամենափակ և ամենաբաց մարմինները”: Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը:

Հարցմանը մասնակցել է 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4 ռադիոկայան (լրատվական թողարկման խմբագրություն), 14 տպագիր մամուլ, 22 առցանց պարբերական։ Ընդգրկված 52 ԶԼՄ-ից 10-ը մարզային են։

Ընդհանուր առմամբ տրվել է 62 պատասխան (որոշ ԶԼՄ-ների դեպքում, կախված լրագրողների քանակից, հարցմանը մասնակցել է 2 լրագրող): Արդյունքում ստացվել է 186 բաց և 186 փակ մարմնի տարբերակ (յուրաքանչյուր պատասխանող բաց և փակ կառույցների երեքական տարբերակ է առաջարկել): Քանի որ հարցման մասնակիցները յուրաքանչյուր տարբերակը կարող էին նշել միայն մեկ անգամ ուստի ստորև ներկայացված քանակական տվյալները հաշվարկված են մասնակիցների ընդհանուր թվի հիման վրա (62 լրագրող =100%):

Նշենք, որ հարցումն անցկացվել է անանուն՝ առավել վստահելի պատասխաններ ստանալու նպատակով։

Այսպիսով, հարցված լրագրողների կարծիքով՝ ՀՀ-ում 3 ամենաբաց և 3 ամենափակ պետական կառույցները հետևյալն են.

Փակ մարմիններ

Փակ կառույցների ցանկում ընդհանուր առմամբ արձանագրվել է 42 տարբեր կառույցների անվանում, որոնցից 11-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած փակ կառույցներն են.

1. Երևանի քաղաքապետարան – 48.4% (30 լրագրող)

2. Ազգային անվտանգության ծառայություն – 27.4% (17 լրագրող)

3. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն- 16.1% (10 լրագրող)

4. ՀՀ կառավարություն – 14.5% (9 լրագրող)

5. Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն – 12.9% (8 լրագրող)

6. ՀՀ ոստիկանություն – 12.9% (8 լրագրող)

7. Արտաքին գործերի նախարարություն – 11.3% (7 լրագրող)

8. ՀՀ նախագահի աշխատակազմ – 3.2% (6 լրագրող)

9. ՀՀ դատախազություն – 9.7% (6 լրագրող)

10. Պետեկամուտների կոմիտե – 9.7% (6 լրագրող)

11. Մշակույթի նախարարություն – 8.1% (5 լրագրող)

12. Էկոնոմիկայի նախարարություն – 6.5% (4 լրագրող)

13. Բնապահպանության նախարարություն – 6.5% (4 լրագրող)

14. Արդարադատության նախարարություն – 4.8% (3 լրագրող)

15. Ազգային ժողով – 4.8% (3 լրագրող)

Բաց կառույցներ

Բաց կառույցների ցանկում արձանագրվել է 43 տարբեր կառույցների անվանում, որոնցից 14-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած բաց կառույցներն են.

1. Կրթության և գիտության նախարարություն – 40.3% (25 լրագրող)

2. Առողջապահության նախարարություն – 38.7% (24 լրագրող)

3. ՀՀ ոստիկանություն – 32.3% (20 լրագրող)

4. Ազգային ժողով – 24.2% (15 լրագրող)

5. Արտակարգ իրավիճակների նախարարություն – 21% (13 լրագրող)

6. Պաշտպանության նախարարություն – 17.7% (11 լրագրող)

7. Գյուղատնտեսության նախարարություն – 11.3% (7 լրագրող)

8. Տարածքային կառավարման նախարարություն – 9.7% (6 լրագրող)

9. ՀՀ կառավարություն – 8.1% (5 լրագրող)

10. ՀՀ դատական դեպարտամենտ – 6.5% (4 լրագրող)

11. Մշակույթի նախարարություն – 6.5% (4 լրագրող)

12. Երևանի քաղաքապետարան – 6.5% (4 լրագրող)

13. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ – 4.8% (3 լրագրող)

Հարկ է նշել, որ փակ կառույցների 186 տարբերակից 18-ի դեպքում (տարբերակների 9.7%) հարցման մասնակիցը չի նշել որևէ կառույցի անուն` հավաստիացնելով, որ պետական մարմինների հետ աշխատանքն իրեն բավարարում է: Բաց կառույցների պարագայում 186 տարբերակից 5-ի դեպքում (տարբերակների 2.7%) հարցման մասնակիցը չի նշել որեւէ կառույցի անուն` հավաստիացնելով, որ բաց աշխատող կառույց չի կարող առանձնացնել:

Հետքրքրական է, որ մի քանի գերատեսչություններ հայտնվել են ինչպես փակ, այնպես էլ բաց կառույցների ցանկում (ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, Ազգային ժողով, Ոստիկանություն): Հետաքրքրական է հատկապես 20 ձայնով բաց կառույցների 3-րդ տեղում հայտնված ՀՀ ոստիկանության օրինակը, որը փակ կառույցների սանդղակում 6-րդ տեղում է՝ հավաքելով 8 ձայն: Աչքի է ընկնում նաև ՀՀ մշակույթի նախարարության օրինակը. վերջինս երկու ցանկում էլ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը (որպես փակ` 5 լրագրող, որպես բաց` 4):

Երեսուն լրագրողի կողմից որպես փակ կառույց առանձնացված Երևանի քաղաքապետարանը հայտնվել է նաև բաց մարմինների ցանկում՝ ստանալով 4 ձայն։

Սակայն բաց կառույցների ցանկի առաջատար Կրթության և գիտության և Առողջապահության նախարարությունները որպես փակ կառույց չեն նշվել որևէ լրատվամիջոցի կողմից։

Skip to content