Այսօր տեղի ունեցավ «Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014»-ը:
Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, լավագույն լրագրողական աշխատանքներն ընտրում է մասնագիտական ժյուրին, որում ընդգրկված են թրաֆիքինգի հարցերով փորձագետներ եւ լրագրողներ:
Մրցանակաբաշխությունն ամենամյա է, անցկացվում է արդեն երրորդ անգամ եւ նպատակ ունի թեմային անդրադարձող լրագրողներին եւ հեղինակներին խրախուսելու միջոցով նպաստել թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:
«Կառավարությունը կարեւորում է թրաֆիքինգ երեւույթի դեմ պայքարը: Վերջին տարիներին այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ են իրականացվում, որոնց ուղղություններից մեկն էլ հանրային իրազեկումն է, ինչը շատ կարեւոր է երեւույթի կանխարգելման հարցում»,-նշեց խորհրդի քարտուղար, Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:
Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, քանի որ գլոբալ սպառնալիք լինելու բացի նաև մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում: Այս մասին «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014»-ի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Նա նշեց, որ այս խնդրի առնչությամբ Հայաստանը բազմակողմանի պայքար է տանում: «Թրաֆիքինգի սպառնալիքներն արտաքին քաղաքականության մեջ լուրջ խնդիր են: Դրա դեմ պայքարը կարևորվում է նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հայաստանում այս խնդիրը դրված է լուրջ ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ստեղծվել է Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհուրդ, որի անդամ եմ նաև ևս»,- ասաց Հովակիմյանը: Նա թրաֆիքինգի դեմ պայքարում կարևորեց նաև լրատվամիջոցների դերը:
Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին խորհրդի եւ խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ լրագրողներ: Մրցանակները լրագրողներին հանձնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ` այս տարի «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել Հանրային հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդաշարի լրագրող Աննա Հայրապետյանը՝ «21-րդ դարի ստրկություն» հաղորդման համար, նույն անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Գոհար Արամյանը՝ «Թրաֆիքինգ տերմին. Կյանքի փակուղի» ռեպորտաժի համար: «Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Հետք» պարբերականի լրագրող Երանուհի Սողոյանը՝ «Նելիիին գյուղից ցանկանում են վտարել» հրապարակման համար: Մասնագիտական ժյուրին այս տարի երկու անվանակարգում էլ առաջին տեղեր չի շնորհել, «Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում նաեւ թափուր է մնացել երկրորդ մրցանակային տեղը:
Մրցանակային տեղերի համար սահմանված է նաեւ դրամական պարգեւ՝ 300, 200 եւ 100 հազար դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: