Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազության` 2014թ.-ի մայիսի 22-ին տարածած “Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է” հաղորդագրության վերաբերյալ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտնում է իր մտահոգությունը ՀՀ գլխավոր դատախազության` 2014թ.-ի մայիսի 22-ին տարածած “Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է” հաղորդագրության վերաբերյալ:
Կազմակերպութունը գտնում է, որ այն խիստ խնդրահարույց է, չի բխում լրատվամիջոցների ազատության եւ լրատվության աղբյուրի գաղտնիության իրավունքներից, վտանգի տակ է դնում յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պատշաճ գործունեության իրականացումը, արդյունքում նաեւ` հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մտահոգության պատճառաբանությունները հետեւյալն են. “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` “Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի”: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` “Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ”:
Այսպես, “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի իմպերատիվ պահանջ է, որ լրատվության աղբյուրի բացահայտումը կարող է լինել բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով: ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի իմաստով, որը սահմանում է հանցագործությունների տեսակները, 342-րդ հոդվածում նկարագրված արարքը ոչ ծանր, ոչ էլ առանձնապես ծանր հանցագործություն է: Ընդ որում, հանցագործության ծանր կամ առանձնապես ծանր տեսակի առկայության հետ մեկտեղ անհըրաժեշտ է հետեւյալ չափանիշի պարտադիր առկայությունը` “հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները”: Հետեւաբար, խիստ մտահոգիչ է դատախազության հայտարարությունը յուրաքանչյուր հրապարակման, այն է` առանց բացառության բոլոր հրապարակումների դեպքում լրատվության աղբյուրը պարզելու վերաբերյալ:
Բացի այդ, “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի իմպերատիվ պահանջ է, որ լրատվության աղբյուրի բացահայտումը կարող է լինել բացառապես դատարանի որոշմամբ: Հետեւաբար, խիստ մտահոգիչ է դատախազության հայտարարությունը հսկողություն իրականացնող դատախազների կողմից լրատվության աղբյուրը պարզումն ապահովելու համար քրեադատավարական ներգործության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
“Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` “Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ”: Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը պարունակում է ակնարկ լրագրողին հրապարակման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, անգամ եթե ոչ միտումնավոր, սակայն նման ակնարկը ենթադրելի է, ընկալվում է որպես այդպիսին հաղորդագրության ձեւակերպումներից, քանի որ հաղորդագրությունն ընկալվում է որպես հենց լրագրողին եւ/կամ լրատվամիջոցին ուղղված, ուստի հարկ ենք համարում նշել, որ լրատվության աղբյուրից ստացված եւ բարեխղճորեն ներկայացված հրապարակման համար, անգամ եթե դա պարունակում է սահմանափակումներ, “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լրագրողը չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Վերոնշյալ պատճառաբանություների համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ընկալվում է ոչ թե որպես օրինականության ապահովմանն ուղղված գործողություն, այլ ուղղակի սպառնալիք ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացմանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գտնում է, որ տարածված հաղորդագրությունը հակաիրավական է` խախտում է լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը եւ հասարակության տեղյակ լինելու իրավունքը: Այն նաեւ հակաօրինական է` հակասում է մասնավորապես “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազությանը վերանայել նշված հաղորդագրությունը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն