2014թ.-ի ապրիլ 5-ից ՀՀ կառավարությունը սկսում է Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների ծրագրի շուրջ հանրային քննարկումների և խորհրդակցությունների կազմակերպումը՝ նպատակ ունենալով հանրությանն իրազեկել բաց և մասնակցային կառավարման ապահովմանն ուղղված առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվող պետական միջոցառումների մասին:
ԲԿԳ հայաստանյան աշխատանքային քննարկումների և Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված հանդիպումների նպատակն է բարձրացնել հասարակության ներգրավվածությունը, համախմբել քաղաքացիների կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները համապատասխանեն քաղաքացիների կարիքներին: Հանդիպումների կազմակերպիչները կարձանագրեն քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունները, գաղափարներն ու տեսակետները 2014-2016թթ. ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկամյա ծրագրում ներառելու համար:
Հանդիպումները կազմակերպվելու են ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:
Նշենք նաև, որ ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները քաղաքացիները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու լրագրողները հնարավորություն ունեն ներկայացնել www.ogp.am կայքի միջոցով: ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի նախագիծը կազմվել է աշխատանքային խմբի անդամների առաջարկների հիման վրա: Այնուհանդերձ, այն դեռևս ամբողջական չէ, և ողջունելի են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումները, առաջարկները:
Ինֆորմաց՚իայի ազատության կենտրոնի կողմից ստեղծված այս կայքը Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվության և նյութերի հարուստ ռեսուրս կարող է ծառայել յուրաքանչյուրի համար։ Այստեղ կգտնեք նաև ԲԿԳ սկզբունքների և գերակայությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ԲԿԳ հայաստանյան ՀՀ Գործողությունների առաջին ծրագրին և դրա կատարման հաշվետվությանը: