Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Երկու զավեշտալի պատասխան. Yerkir.am. մի հարցման պատմություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Երկու զավեշտալի պատասխան. Yerkir.am. մի հարցման պատմություն

Օրեր առաջ Yerkir.am-ի լրագրող Շուշանիկ Հակոբյանը փորձել է տեղեկություն ստանալու գրավոր հարցման միջոցով պարզել` ստրագրե՞լ է արդյոք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի՝ հավաքականը գլխավորելու հրամանը: Եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե այո՝ ե՞րբ:
Ինչպես գրում է Yerkir.am-ը`. «Մեր այս գրավոր, պարզ պաշտոնական հարցմանը նախարարության լրատվականից 4 աշխատանքային օր անց գալիս է մի պատասխան, որը զավեշտ անվանելը շատ մեղմ է: Գոնե մեր լրագրողական գործունեության ընթացքում նման բան չի պատահել:
«Ի պատասխան Ձեր 2014 թվականի հունվարի 31-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9.7 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը Ձեր հարցին գրավոր կպատասխանի 30-օրյա ժամկետում»,-ասված է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանում:
Հիշեցնենք, որ հարցմանը 30-օրյա ժամկետում պատասխանում են. «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ստացվում է` նախարարությունում «լրացուցիչ աշխատա՞նք» պետք է կատարեն, երեւի` հետաքննություն, պարզելու` նախարարը հրամանը ստորագրել է, թե ոչ:
Ի դեպ, նախարարությունը չի պարզաբանել նաեւ, թե որոնք են տեղեկատվության տրամադումը հետաձգելու պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Նախարարության ներքոհիշյալ պատասխանը դեռ երկար կհիշվի մեր լրագրողական գործունեության ընթացքում:
P.S. Ի դեպ, «Երկիր» օրաթերթը վաղուց լույս չի տեսնում, հարցումն ուղարկել էինք Yerkir.am կայքի անունից»:
Խմբագրությունը այս նյութը հրապարակելուց մոտ երկու ժամ հետո ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեկ այլ պատասխան է ստանում, որն իր բովանդակությամբ չի զիջում առաջինին: Yerkir.am-ը գրում է. «Քիչ առաջ նախարարության լրատվականից «պարզաբանում» եկավ` «Ինձ խնդրել են, որ չեղյալ համարեք նախորդ հաղորդագրությունը և ընդունեք այս տարբերակը»: Նախարարության նոր պատասխանը` ստորեւ` առանց մեկնաբանության»:
ԻԱԿ-ի կողմից հավելենք, որ ՏԱ մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ սահմանում է տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու ժամկետները: Ակնհայտ է, որ հրամանը ստորագրելու մասին հարցմանը պատասխանելու համար ամենևին էլ լրացուցիչ աշխատանքի կարիք չկա, ընդ որում օրենքի դրույթով նշված հիմնավորումն էլ նշված չէ պատասխանում:
Skip to content