2013թ.-ի դեկտեմբերի 28-ին ավարտվեց ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործը տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` պարտավորեցնելով ՀՀ Ազգային ժողովին տրամադրել դատական գործի հիմքում ընկած տեղեկությունները:
Հիշեցնենք, որ դեռ 2012թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրելՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: Սակայն, ԱԺ-ն տրամադրել էր թերի պատասխան. ԱԺ-ն ներկայացրել էր ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունները` ըստ հերթական համարների չներկայացնելով 12 կարգադրությունների պատճեն:2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկին հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել նաեւ չտրամադրված կարգադրությունների պատճենները: Սակայն, ԱԺ-ն մերժեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
2013թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով ՀՀ ԱԺ-ի մերժումը: Արդյունքում 2013թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը վճիռ կայացրեց` բավարարելով ԻԱԿ-ի հայցը: