Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: 

«Մեր այս հանդիպումը դարձել է ավանդական, քանի որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն աջակցում է այս նախաձեռնությանը: Մենք հասարակական կազմակերպությունների հետ միասին հետևում ենք, թե ինչ վիճակում է գտնվում տեղեկատվության հասանելիության աստիճանը մեր քաղաքացիների համար: Ժամանակակից աշխարհը նորագույն հնարավորություններ է ստեղծում տեղեկատվության տրամադրման համար և մեր քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն՝ վերահսկելու իշխանություններին: Դա նշանակում է, որ իշխանություններն, օգտվելով այդ հնարավորություններից, պարտավոր են իրենց գործունեության մեջ լինել բաց և թափանցիկ, իսկ հասարակությունն իրավունք ունի վերլուծել այդ տեղեկատվությունը, պահանջել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում» ,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ հասարակական նախաձեռնությունները Հայաստանի Հանրապետությունում ունենան հաջողություն, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հենց այս նախաձեռնությունն ունի էական դերակատարություն: «Մյուս կողմից կարևոր է ուղղորդել ՀԿ-ներին, որպեսզի նրանք նույնպես զգան պատասխանատվություն մեր պետության ապագայի նկատմամբ և իրենց բնագավառներում լինեն տեղեկատվության տարածման պատասխանատու, քանի որ նրանք են ձևավորում հասարակական կարծիք և արժեքներ, որոնք կերտում են մեր ժողովրդի ապագան: Պետության և հասարակության կապը տեղի է ունենում տեղեկատվության միջոցով, դա նշանակում է, որ այն պետք է լինի օբյեկտիվ և անաչառ»,- ընդգծել է վարչապետը:
Մրցանակաբաշխության արդյունքներով ՀՀ Կառավարության աշխատակազմին շնորհվել է հատուկ մրցանակ՝ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի Գործողությունների պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով մրցանակի կապակցությամբ՝ նշել է, որ ՀՀ կառավարությունն այս տարի ևս Մեծ Բրիտանիայում մասնակցելու է այդ նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող կոնֆերանսին: «Դա այն հետևողական քաղաքականությունն է, որը մենք իրականացնում ենք վարչապետի ղեկավարության ներքո»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:
Հատուկ մրցանակի է արժանացել նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին, որը խորհրդանշում է բաց և հրապարակային աշխատանքը, շնորհվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել է Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններ են ճանաչվել ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, ինչպես նաև «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:
Skip to content