Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի ապրիլի 8-ին դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ը հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի` 2012թ.-ի առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
Դեռեւս 2012թ.-ի նոյեմբերի 22-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին եւ խնդրել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: Երեք ամիս ուշացումով Ազգային ժողովը ԻԱԿ-ին տրամադրել էր թերի պատասխան, քանի որ չէր ներկայացրել 12 կարգադրությունների պատճենները: 2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկին հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել չտրամադրված կարգադրությունների պատճենները, սակայն ԱԺ-ն հրաժարվեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, թե այդ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
Դիմելով դատարան՝ ԻԱԿ-ը խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները (այս դատական գործի մասին ավելի մանրամասն, ինչպես նաեւ հայցադիմումը տես` ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի:
Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում (319 դահլիճում):