2012թ.-ի օգոստոսի 7-ին` ժամը 11:45-ին և 2012թ.-ի սեպտեմբերի 25-ին` ժամը 16:30-ին, ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենան համապատասխանաբար ԻԱԿ-ն ընդդեմ “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ի և ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի գործերով դատական նիստերը:
Հիշեցնենք, որ “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ և “Դուստր Մարիաննա” ՍՊԸ կազմակերպությունների դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Վարչական դատարան հայց էր ներկայացրել 2011թ.-ի դեկտեմբերի 19-ին, քանի որ “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ն չէր պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը՝ կազմակերպության կողմից արտադրվող կաթնամթերքի վերաբերյալ, իսկ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ն տրամադրել էր անհիմն պատասխան: Նշենք, որ հայցադիմումը ներկայացնելուց հետո “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ն պատասխանել էր ԻԱԿ-ի հարցմանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատարան էր դիմել 2 պահանջով՝ պարտավորեցնել կազմակերպություններին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև խնդրված տեղեկությունները չտրամադրելու համար կազմակերպությունների տնօրեններին ենթարկել վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատարանը, երկու գործերի դեպքում էլ, որոշում էր կայացրել մերժել ԻԱԿ-ի հայցադիմումը վարույթ ընդունել՝ գտնելով, որ հայցերը ենթակա չեն վարչական դատարանում քննության:
ԻԱԿ-ը բողոքարկել էր Վարչական դատարանի որոշումը: 05.03.2012թ.-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ԻԱԿ-ի բողոքները բավարարել էր մասնակիորեն: Դատարանը կազմակերպություններին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու մասով մերժել էր ԻԱԿ-ի հայցապահանջը, իսկ կազմակերպությունների տնօրեններին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով՝ բավարարել: Ուստի, ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԻԱԿ-ի հայցապահանջները և պետք է քննի “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ին և ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
ԻԱԿ-ի ընդդեմ “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ի դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի դատական գործին կարող եք ծանոթանալ այստեղ: