Հուլիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների ղեկավարներին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու հայցերով:
Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱԺ ընտրություններին մասնակցող ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀԴԿ, ՀԿԿ, ՀՀԿ, ՄՀԿ, ՕԵԿ կուսակցություններին ու ՀԱԿ դաշինքին 25.04.2012թ-ին նախընտրական քարոզարշավ իրականացնելու ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցումներ է ուղարկել, որին պատասխանել են վերոնշյալ բոլոր կուսակցությունները՝ բացառությամբ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների, ինչպես և ՀԱԿ դաշինքի: Հարցումներին չպատասխանած կուսակցություններին և ՀԱԿ դաշինքին ԻԱԿ-ն ուղարկել է նաև կրկնակի հարցումներ, որոնք նույնպես մնացել են անպատասխան:
ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ խնդրելով Բարգավաճ Հայաստան և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրելու հայցված տեղեկատվությունները հետևյալի մասին.
1. Իրենց կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար են ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
2. Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:
Հիշեցնենք, որ 2008թ. ԻԱԿ-ը դիմել էր դատարան ընդդեմ ՀԱԿ դաշինքի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, սակայն, չնայած այն բանին, որ, համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, դաշինքը որոշակի իրավունքներով և պարտականություններով օժտված մարմին է, դատարանը օրենսդրական կազուսի արդյունքում գտել էր, որ “Հայ ազգային կոնգրես” դաշինքը պատշաճ պատասխանող չէ:
Հարցումներին կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքից:
ԲՀԿ հարցում՝ `www.givemeinfo.am
ՀԴԿ հարցում՝ www.givemeinfo.am