Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի դեկտեմբերին “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ի և “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, քանի որ վերջիններս խախտել էին ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու իրավունքը: Սակայն, 2012թ.-ի հունվարի 23-ին և 26-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց այս ընկերությունների դեմ ԻԱԿ-ի հայցերի ընդունումն այն պատճառաբանությամբ, թե նշված ընկերությունները հանրային նշանակության կազմակերպություններ և տեղեկատվություն տնօրինողներ չեն:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցմամբ
2011թ.-ի նոյեմբերին դիմել էր “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Ասլանյանին և “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանին` խնդրելով հայտնել արդյոք այդ ընկերությունների կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց, ինչպես նաև տրամադրել ցանկ, թե ընկերությունների կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը` ոչ, և/կամ որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է: Այս հարցումներն անպատասխան մնալուց հետո ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու կրկնակի հարցումներ ուղարկեց “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ին և “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ին: Կրկնակի հարցմանն ի պատասխան` “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ից ստացվեց էլեկտրոնային պատասխան, ըստ որի` ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը մակնշված է կազմակերպության արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա, ինչպես նաև, հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար հղում էր արված կազմակերպության կայքին: Սակայն ԻԱԿ-ի խնդրած տեղեկություններն առկա չէին ոչ կազմակերպության արտադրանքի տուփերի վրա, ոչ էլ կայքում: Ուստի, պատասխանը համարվել է անհիմն: Իսկ “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կրկնակի հարցումը թողեց անպատասխան:
ՀՀ Վարչական դատարանը մերժելով ԻԱԿ-ի հայցերի ընդունումը, պատճառաբանել է, որ նշված ընկերությունները ուղղակի շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) ընկերություններ են, հետևաբար` “ներկայացված հայցապահանջները չեն բխում հանրային իրավահարաբերություններից…”: Այլ կերպ ասած` դատարանը համարել է, որ “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ն ու “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ն հանրային նշանակություն չունեն:
Հայցի ընդունումը մերժած անտեղյակ դատավորներին տեղեկացնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովիկայքում տեղադրված է Հայաստանում ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որում ներառված են նաև “Աշտարակ-Կաթ” և “Դուստր Մարիաննա” ընկերությունները: Իսկ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ապրանքային շուկաներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները համարվում են հանրային նշանակության կազմակերպություններ և տեղեկատվություն տնօրինողներ են:
Ավելացնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է այս երկու որոշումներն էլ: 2012թ. մարտի 5-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Բաբայանի, ԻԱԿ-ի վերաքննիչ բողոքներըը բավարարել է մասնակի: Դատարանը որոշել է “Աշտարակ Կաթ” ՓԲ ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանին և “Դուստր Մարիաննա” ընկերության տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով ԻԱԿ-ի հայցը բավարարել, իսկ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով մերժել է ԻԱԿ-ի հայցը: Այսինքն, վերաքննիչ դատարանի որոշման համաձայն, վերաքննիչ դատարանը պարտավորվում է ընդունել ԻԱԿ-ի հայցերը միայն: