Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 10 տարեկան է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 10 տարեկան է

Անցած տասը տարիների ընթացքում ԻԱԿ-ին հաջողվել է բացել հարյուրավոր փակ դռներ եւ հրապարակայնացնել հազարավոր պաշտոնական փաստաթղթեր: Իր գործունեության 10 տարիների ընթացքում ԻԱԿ-ը 6200 մարդու ապահովել է իրավական խորհրդատվությամբ, տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 28 դատական գործ է հարուցել՝ 90% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը: Այս տարիներին ԻԱԿ-ը հարյուրավոր հոդվածներ, տասնյակ գրքեր, ուղեցույցներ, եւ ժողովածուներ է հրատարակել տեղեկատվության ազատության օրենսդրության եւ իրավունքի վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ակտիվ դերակատարում է ունեցել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի մշակման և ընդունման գործում:

Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը և հմտությունները տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2011թթ ընթացքում 5300 մարդ՝ այդ թվում 2500 պաշտոնյա, ստացել է գիտելիք և հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։ “Կենտրոնը տարեկան 1000 տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` այսպիսով լինելով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը”,- նշում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

2001թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է “Դու տեղյակ լինելու իրավունք ունես” տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Տեղեկագրի յուրաքանչյուր համարում հրապարակվում է այն պաշտոնյաների “Սև ցուցակը”, ովքեր ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը ԶԼՄ-ներով լայնորեն հրապարակայնացնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները:

ԻԱԿ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման նոր մեխանիզմներ ներդնելու, կատարելագործելու և դրանք հրապարակայնության ապահովմանն ու մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանն ուղղելու նպատակով։
Կենտրոնի ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Skip to content