Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 28-ին անցկացրեց «Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն 2010-ը»։ Մրցանակաբաշխության նպատակն է հզորացնել հասարակական վերահսկողությունը պետական մարմինների վրա՝ նրանց ստիպելով առավել բաց աշխատել եւ հաշվետու լինել հանրության առջեւ։
Մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց. «Նման միջոցառումը օգնում է, որպեսզի պետական կառավարման մարմինները ավելի բաց եւ թափանցիկ աշխատեն»: Վարչապետի կարծիքով՝ վերջին շրջանում տասնապատիկ անգամ ավելացել է հասարակությանը մատչելի դարձած տեղեկատվության ծավալները՝ ներառյալ բյուջեներ եւ ֆինանսների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք բաց տեղադրված են ինտերնետային կայքերում։ Սակայն Տ. Սարգսյանի խոսքով՝ կարեւոր է, ոչ միայն տեղեկատվության մատչելիության ծավալների ավելացումը, այլեւ հասարակության կողմից այդ տեղեկատվության կիրառումը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի խոսքով՝ տեղեկատվության ազատության բնագավառում նկատելի է որոշակի առաջընթաց, սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը դեռեւս լիարժեք չի օգտագործվում, իսկ պաշտոնյաները հաճախ միջոցներ են գտնում օրենքով ամրագրված քաղաքացու իրավունքը սահմանափակելու եւ մերժելու համար։
Շ. Դոյդոյանի խոսքով՝ միջոցառումը խրախուսում եւ քաջալերում է քաղաքացիներին, լրագրողներին եւ ՀԿ-ներին՝ դառնալ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպան։ Կենտրոնի գնահատմամբ՝ այս իրավունքից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է եւ առանց այդ ակտիվության անհնարին կլինի դրական փոփոխությունները:
Մրցանակաբաշխության դրական մրցանակն է՝ Ոսկե բանալին, որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ։ 2010թ.-ին Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց
Գորիսի համայնքապետարանին՝ որպես 2010թ. Ամենահրապարակային գործող մարմին, ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքին՝ www.egov.am –ին՝ որպես 2010թ. Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը՝ որպես 2010թ. Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած ՀԿ, Արամ Զաքարյանին («Առավոտ» օրաթերթ)՝ որպես 2010 թ. Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող, «Խոսքի իրավունք» հաղորդաշարին (h2 հեռուստաընկերություն)՝ որպես 2010թ. Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում եւ Հակոբ Թովմասյանին՝ որպես 2010թ. տեղեկատվության ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի:
Մրցանակաբաշխության բացասական մրցանակը Ժանգոտ կողպեքն է՝ որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ։ 2010 թվականին այս մրցանակին արժանացավ Ստեփանավանի համայնքապետարանը՝ որպես 2010թ. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 8-րդ տարին՝ 2003 թվականից սկսած։ Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։
Աղբյուրը` http://www.news.am/arm/news/32474.html