Միայն վերջին երեք տարիների ընթացքում` 2007-2009թ.թ.-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ 20 դատական գործ է նախաձեռնել: Բնականաբար, որոշ դատական գործեր ԻԱԿ-ի համար հաջող ավարտ են ունեցել, որոշներն էլ` բացասական: 20 դատական գործերից չորսը դեռ ընթացքի մեջ են: Ավարտված եւ բողոքարկված երկու գործ էլ 2010թ.-ին պետք է քննվեն ՀՀ վճռաբեկ դատարանում: ԻԱԿ նախաձեռնած դատական գործերի բազմազանությունը հնարավորություն է ընձեռում մի շարք վերլուծություններ անել:
Որպես կանոն` ԻԱԿ-ի հիմնական նպատակը եւ հայցապահանջը` տրամադրել պահանջված տեղեկությունները, դատարանի կողմից բավարարվել է: Այս միտումը հավաստում է, որ տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքի իրացումը եւ դատական պաշտպանությունը վերջին երեք տարիների ընթացքում ավելի դրական առաջընթաց է ունեցել:
Սակայն մի այլ հայցապահանջ` տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը, դատարանների կողմից մերժվել է: Բացառություն է կազմում միայն ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետի եւ գյուղապետարանի գործը, որի դեպքում դատարանը (դատավոր` Ա. Պողոսյան) առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկեց պաշտոնյային` տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար:
Պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը դատարանների կողմից մերժվում էր օրենսդրական բացի պատճառով. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը չի սահմանում այն իրավասու մարմինների ցանկը, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավունք ունեն, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152-րդ համաձայն` առանց նման արձանագրության պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելն անհնար է: Օրենսդրական այս բացն արձանագրեց ՀՀ Սահմանադրական դատարանը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152-րդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ԻԱԿ-ի դիմումը քննելիս:
ԻԱԿ-ի դատական գործերի քննության ընթացքում հանդիպած օրենսդրական բացը, ավելի կոնկրետ` տարբեր իրավական ակտերի միջեւ հակասության առկայությունը, եւս մի խնդիր վերհանեց: Որոշ դեպքերում տարբեր իրավական ակտերի միջեւ հակասության առկայության դեպքում դատավորները նախընտրում են դատական գործը կարճել` գործին ըստ էության լուծում տալու փոխարեն: Արդյունքում` տուժում է մարդու իրավունքի պաշտպանությունը: Նմանատիպ դեպք գրանցվեց ԻԱԿ-ն ընդդեմ “Հայ ազգային կոնգրես” դաշինքի դեմ գործով, որի դեպքում ի հայտ եկավ հակասություն ՀՀ Քաղաքացիական դատավարության եւ ՀՀ Ընտրական օրենսգրքերի միջեւ:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա, որոշ դեպքերում միայն դատարան դիմելու փաստը բավարար է լինում տեղեկատվություն ստանալու իրավունքի վերականգնման համար: Մի քանի դեպքում ԻԱԿ-ի դատական գործերը կարճվել են, որովհետեւ դատական քննության ընթացքում ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը տրամադրվել է:
Ըստ էության չի փոխվել նաեւ քաղաքացիների վերաբերմունքը դատարանի նկատմամբ. առկա է դատարանների հանդեպ վստահության պակաս, որի մասին է խոսում այն փաստը, որ չնայած Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տեղեկատվություն ստանալու հարցում օգնելու խնդրանքով բազմաթիվ քաղաքացիներ են դիմում, սակայն նրանք ձեռնպահ են մնում դատական կարգով իրենց իրավունքը վերականգնելու խնդրանքով դիմելուց:
ԻԱԿ նախաձեռնած դատական գործերը ցույց տվեցին, որ առկա են որոշ խնդիրներ անգամ հետդատական` վճիռների կատարման փուլում: Զարմանալիորեն ոչ միշտ է դատարանի վճիռն արագ եւ ժամանակին կատարվում. ավարտված 16 դատական գործերից 2-ի դեպքում ԻԱԿ-ը ստիպված դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը` պաշտոնյային դատարանի վճիռը կատարելուն պարտավորեցնելու համար:
Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության պրակտիկայի վերլուծությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ