Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը

Փետրվարի 5-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի քննությունը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

ՍԴ դիմելու պատճառը ԻԱԿ-ի նախաձեռնած երկու դատական գործեր են (ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿԻ եւ ՊՈԱԿ-ի տնօրենի, ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի), որոնց դեպքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կանգնել է պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու անհնարինության առաջ:

Այսպես, ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով ՀՀ Վարչական դատարանը որոշում է կայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժել: Նախ` ԻԱԿ-ը բողոքարկեց վերադասության կարգով` վարչական դատարանի նախագահին, սակայն բողոքը մերժվեց: Ապա ԻԱԿ-ը բողոքարկեց վճռաբեկության կարգով: Վճռաբեկ դատարանին նաեւ միջնորդություն ներկայացվեց դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 հոդվածի սահմանադրականության, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին համապատասխանության հարցով: ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց մերժել ինչպես վճռաբեկ բողոքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը:

ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի դատական գործի դեպքում էլ ՀՀ Վարչական դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի` Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով, իսկ Նոր Նորքի թաղապետարանին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ համայնքի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասով մերժել: Այս վճռի` հայցը մերժելու մասի դեմ ԻԱԿ-ը ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը վերադարձնել` պատճառաբանելով, որ ՀՀ Վարչական դատավարության 151-153 հոդվածների համաձայն` ՀՀ Վարչական դատարանում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ԻԱԿ-ը այդպիսի լիազորություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ չէ:

Այսպիսով, սպառելով դատական պաշտպանության բոլոր ատյաններ դիմելու հնարավորությունը` ԻԱԿ-ը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան, քանի որ վերոնշյալ երկու դեպքերում բողոքարկվել է ոչ թե դատարանի ապօրինի վճիռը կամ որոշումը, այլ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտող իրավական նորմերի` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածների սահմանադրականությունը:

Skip to content