Հանդիպման նպատակն էր կանխատեսել, թե ինչ խնդիրներ կարող են ծագել Մալբերիի գործարկման ընթացքում եւ կանխել դրանք: Այս համակարգն օգնում է ապահովել քաղաքացիների կողմից պետական կառավարման մարմիններին ուղղված դիմումների ընթացքին առցանց հետեւելու հնարավորություն, դիմումների շարժի ընթացքում, տվյալ դիմումով զբաղվող պաշտոնյայից անմիջական տեղեկատվություն ստանալու հնարավորություն, ինչպես նաեւ`առանց պետական մարմին այցելելու՝ դիմումի պատասխանը առցանց ստանալու հնարավորություն:
Մալբերի Էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով առանց դժվարության քաղաքացիները կարող են հետեւել իրենց դիմումներին. դիմումների գրանցման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում է «ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ» ստացականներ՝ դիմումների ընթացքին առցանց հետեւելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ պետական գերատեսչության պաշտոնական կայքերում տեղակայված «ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ» բաժնի միջոցով քաղաքացիները ցանկացած պահի կարող են տեղեկանալ, թե ինչ ընթացքում է գտնվում իրենց դիմումը:
Մարզպետարանների աշխատակիցները փաստում են, որ Մալբերի համակարգը բավականին հեշտացրել է իրենց աշխատանքը, սակայն քաղաքացիները դժվարությամբ են ընդունում նոր համակարգի մուտքը: Մասնավորապես, դիմում ներկայացնող քաղաքացիներին երբ տրվում է հսկիչ համարով ստացական, մարդիկ տարակուսած հարցնում են, թե ինչ են անելու այդ թվերով: Հետեւապես, մարզերում անհրաժեշտություն կա բնակչությանը ծանոթացնելու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր համակարգի հետ:
“Նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է տեղեկատվության ազատությանը: Եթե նախկինում թղթային էր տեղեկատվությունը, դրանց “մոտենալը” բավականին դժվարություններ էր առաջացնում, ապա Մալբերի համակարգի ներդրմամբ արդեն տեղեկատվության ազատության մատչելիությունն ապահովված է”,-նշեց ՀՀ ՏԿՆ Ինֆորտեխնելոգիաների, տվյալների բազաների եւ կապի վարչության պետ Սուրեն Կոշեցյանը:
Նշենք, որ դեռեւս 2009թ. ԻԱԿ-ը Հայաստանի 3 մարզպետարանների` Արմավիրի, Տավուշի եւ Գեղարքունիքի, անհատույց 2-ական համակարգիչներ է տրամադրել Մալբերի համակարգի գործարկման նպատակով, նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար հատուկ ուսուցում է կազմակերպել` ծրագիրը շահագործելու հմտություններին ծանոթացնելու նպատակով:
Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում: