Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքը ԻԱԿ-ի ուսումնասիրության արդյունքների առիթով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքը ԻԱԿ-ի ուսումնասիրության արդյունքների առիթով

Շնորհակալ եմ ընձեռված հնարավորությունից ներկայացնել որոշ նկատառումներ մեր ոլորտի վերաբերյալ: Իմ այսօրվա, ես կասեի միջանկյալ կարգավիճակը, հնարավորություն է տալիս խոսելու ոչ միայն դրսից` հասարակության ներկայացուցչի տեսանկյունից, այլեւ ներսից, քանզի չեմ համակերպվում նախկին բառի հետ:

Բոլորիս համար հայտնի է մեր ոլորտի հատուկ կարեւորությունը հանրային իրազեկման առումով: Ես անգամ կնշեի` պատասխանատվությունը: Այդ մենք` խոսնակներս ենք հասցնում բնակչությանը տեղեկություններ մեր գերատեսչության, ոլորտի եւ մեր դեպքում նաեւ նախարարության գործունեության վերաբերյալ: Եւ մեր պրոֆեսիոնալիզմից է կախված, թե որքան համապարփակ է այդ տեղեկատվությունը, որքան լիարժեք, պահանջված եւ, այսօր ես հատուկ եմ ուզում շեշտել` ճշմարիտ:

Այս հարցում պետական ծառայողները կրկնակի պատասխանատվություն են կրում, քանզի նրանց աշխատավարձը ձեւավորվում լրագրողների, ընթերցողների, տեղեկատվության սպառողների վճարած հարկերից եւ վերջիններս ունեն բոլոր իրավունքները պահանջել` ցանկանում եմ ընդգծել այդ բառը, լիարժեք տեղեկատվություն: Էլ չեմ ասում, որ այդ ամենը համակարգվում է համապատասխան օրենքներով` այսինքն PR մասնագետների պատասխանատվությունը անգամ եռապատկվում է:

Իմ աշխատանքի ընթացքում առաջնորդվել եմ վերոնշյալ սկզբունքներով եւ իսկապես շոյված եմ նման գնահատականի համար: Որպես ԱԳՆ մամուլի քարտուղար կցանկանայի շարունակել այս ոճով իմ աշխատանքը, սակայն, թերեւս ոչ բոլորն են գնահատում ճշմարիտ խոսքի արժեքը: Կամ ժամանակներն են այդպիսին:

Որն է ամենամեծ վտանգը մեր մասնագիտության ներկայացուցիչների համար` իմ կարծիքով միանշանակ` սուտը: Եթե մամուլի քարտուղարը անկեղծ չէ, ավելին` ստում է` առաջին հերթին տուժում է իր ներկայացրած գերատեսչությունը, հիմնարկի ղեկավարը, ինքը պաշտոնյան: Դա նշանակում է, որ անկեղծ չէ գերատեսչության ղեկավարը: Իսկ լրագրողի պարտքն եմ համարում հնարավորինս արագ այդ սուտի բացահայտումը, որովհետեւ մեր հասարակությունը պետք է պաշտպանված լինի անազնիվ պաշտոնյաներից, իսկ պետության ղեկավարությունը` տեղեկացված, թե որ գերատեսչությունն է չարաշահում իր վստահությունը եւ վարքաբեկում իշխանությանը: Սակայն մեզանում նման տրամաբանությունը դեռեւս չի գործում, սուտը դեռ կարողանում է գտնել իր ճանապարհը, իսկ լրագրողները դեռ չեն սովորել իրենց բացահայտումներով, արհամարանքով` պատժել ստախոս խոսնակներին: Ես հավատացած եմ, որ եթե մեկ անգամ բացահայտվի իմ անազնվությունը` ես կկորցնեմ լրատվամիջոցների եւ հասարակության վստահությունը եւ այլեւս չեմ կարողանա աշխատել PR ոլորտում, առհասարակ` պետական ծառայող, որովհետեւ, մասնավորապես լրատվամիջոցները իրավունք կունենան իմ անուն-ազգանունը ամեն անգամ նշելուց ավելացնել` ստախոս: Այս պարագայում ամենաճիշտ որոշումը կլինի անհապաղ հրաժարականը` առաջին հերթին ղեկավարության բարի համբավը չվնասելու համար:

Իսկ ինչ կա մեզանում` ասում են մարտի մեկի հանրահավաքի մասնակիցները զենք են ունեցել` արդեն քառասուն օր է որեւէ մեկին նման մեղադրանք, որքան գիտեմ, ներկայացված չէ, հետո ասում են իրավապահները զենք չուներին` հստակ կադրեր կան զենքը ձեռքին ոստիկանների: Ասում են իրավապահները չեն կրակել` սակայն առնվազն չորս զոհ հրազենի օգտագործման հետեւանքով է: Ասում են երեքն էլ հատուկ միջոցների օգտագործումից են մահացել եւ մենք գիտենք, թե որ ստորաբաժանումներն են օգտագործել այդ միջոցները` սակայն մինչ օրս որեւէ մեկը չի կանչվում պատասխանատվության: Սակայն ամենազավեշտալին գիտեք ինչ է, որ նմանների մամուլի ասուլիսներին կրկին գնում են լրագրողներ ու կրկին տարածում սուտը….

Պետական կառույցներից տեղեկություններ ստանալու այլընտրանքի բացակայությունը` մեր հասարակության հիվանդություններից է: Մեր երկիրը կայացման արդար ուղղու վրա կլինի այն օրը, երբ մրցանակը ստանա ոչ թե ԱԳՆ, այլ ոստիկանության, քաղաքապետարանի, դատախազության մամլո ծառայությունները, երբ այնտեղ աշխատող մամուլի քարտուղարները պատասխանատու եւ հաշվետու լինեն ոչ միայն շեֆի, այլ նաեւ հասարակության առաջ եւ դրանով հանդերձ պաշտպանեն եւ բարձրացնեն նույն ղեկավարի վարկանիշն ու հեղինակությունը:

Եւ մեկ ցանկություն կուզեի հայտնել ԶԼՄ-ներում աշխատողներին` եղեք ավելի նախաձեռնող, ավելի շատ հարցեր ու հարցումներ արեք եւ համագործակցության եզրեր գտեք պետական կառույցներում աշխատող լրատվամիջոցների պատասխանատուների, առհասարակ պաշտոնյաների հետ, լիարժեք օգտագործեք լրատվություն ստանալու վերաբերյալ օրենքով նախատեսված ձեր իրավունքները` չէ որ օրենքը ձեր աշխատանքի համար շատ բարենպաստ դրույթներ է պարունակում: Դա պետք է ոչ միայն ձեզ, այլեւ հենց իրենց` պետական ծառայողներին, իսկ ավելի կարեւորը` հասարակությանը:

Skip to content