Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Հրապարակելը դա միայն հայտարարելը չէ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հրապարակելը դա միայն հայտարարելը չէ

Արմավիրի մարզի 23 համայնքապետ եւս տեղեկացավ, թե ինչպես պետք է հանրությանը տեղեկատվություն տրամադրել ՏԱ օրենքի շրջանակներում: Օգոստոսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր, որտեղ ուսուցում էր կազմակերպել «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով:

ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության դասակարգման կարգն ու անհրաժեշտությունը, մերժման հիմքերը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ այլն:

Ի տարբերություն մեր այցելած մյուս մարզերի, այս մարզում շատ ինտերակտիվ էր գործում մարզպետարան-համայնքապետ կապը: Ինչպես նշեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, տեղեկատվություն տալու հրապարակային ձեւ են ընտրել. համայնքապետերն իրենց աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում մարզպետարան: Եվ ամենօրյա տեղեկատվության արդյունքում մարզպետարանը կարողանում է տիրապետել իրավիճակին:

Բանախոս Մ. Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ համայնքի բնակիչը կարող է չկատարել գյուղապետի որոշումները, եթե այն չի հրապարակվել: «Իսկ հրապարակելը դա միայն հայտարարելը չէ, այլեւ այդ որոշումը պետք է հասու դարձնել յուրաքանչյուրին»:

Արեւիկի գյուղապետ Կարինե Պետրոսյանը համայնքապետի իր փորձը կիսեց քննարկման մասնակիցների հետ: Պարզվեց, որ այս համայնքում գյուղապետարանը որոշումներ ընդունելիս համայնքի բնակիչներին եւս հնարավորություն է ընձեռում մասնակցություն ունենալ այդ որոշումների կայացման գործին:

Ներկաներին հետաքրքրեց տեղեկատվության տրամադրման ծախսատարությունը: Փորձագետ Մ. Հակոբյանը տեղեկացրեց, որ, ճիշտ է առայժմ Կառավարությունը այդ կարգը չի մշակել, սակայն համայնքապետերը կարող են տեղեկատվություն տրամադրելու համար նախատեսվող ծախսերը ներառել իրենց բյուջեներում:

Եվ որպես հանդիպման ամփոփում, ԻԱԿ փորձագետը կոչ արեց ներկաներին իրենց աշխատանքում կիրառել ՏԱ օրենքը: «Քիչ խոցելի եք դառնում, երբ աշխատում եք բաց եւ հրապարակային»:

Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

Skip to content