Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Դատարաններն առջեւում են

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դատարաններն առջեւում են

 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու վերջին հարցումները (մայիս 2007թ.) ցույց տվեցին, որ դատարանները տեղեկատվության ազատության ոլորտում դրական փորձ ձեւավորող մարմիններից են:

 

ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցումներ էր ուղարկել ՀՀ առաջին ատյանի բոլոր 17 դատարաններ` խնդրելով տրամադրել 2007թ.-ի Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված բոլոր դատական ակտերի պատճենները:

 

Հարցումներին պատասխանել են 17 դատարաններից 13-ը, ընդ որում՝ բոլորն էլ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում։ Ամենասեղմ ժամկետում հարցմանը պատասխանել են Արագածոտնի մարզի եւ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանները՝ ընդամենը 3 օր անց։ Ամենաուշ պատասխանն ուղարկվել է մայիսի 24-ին, այսինքն` հարցումն ուղարկելուց 9 օր անց՝ Մալաթիա Սեբաստիա համայնքի եւ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանների կողմից: Եթե հաշվի առնենք հանգստյան օրերը եւ փոստային առաքման վրա ծախսված ժամանակը, ապա հարցումին պատասխանած որեւէ դատարան չի խախտել օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը: Ամենածավալուն պատասխանն ուղարկել է  Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ 55 էջ տեղեկատվությամբ:

 

Հարցումներն անպատասխան է թողել 4 դատարան՝ Շենգավիթ եւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների, Կոտայքի եւ Շիրակի մարզի առաջին ատյանների դատարանները: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանից տեղեկացրին, որ պատճենահանման խնդիր ունեն (դատական ակտերը չեն կարողանում պատճենահանել, քանի որ դատարանի «միակ» պատճենահանման սարքը փչացել է), եւ այն լուծելու դեպքում  հարցումին  անպայման կպատասխանեն: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանից հայտնեցին, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պահանջած դատական ակտերի պատճեններն ուղարկել են, բայց դրանք դեռ տեղ չեն հասել: Շենգավիթ եւ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարաններից տեղեկացրին, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումները չեն ստացել:  Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան կրկնակի հարցում ուղարկվեց հունիսի 4-ին, իսկ Շենգավիթի դատարանից բանավոր հայտնեցին, որ ընտրությունների հետ կապված որեւէ դատական գործ չի լսվել:

 

Արարատի մարզի եւ Դավթաշեն եւ Աջափնյակ համայնքների առաջին ատյանի դատարանները եւս չեն տրամադրել տեղեկատվությունը՝ հղում անելով «ՀՀ Դատական Դեպարտամենտ» կառավարական հիմնարկի վրա` «ՀՀ Դատական Դեպարտամենտ» կառավարական հիմնարկի կանոնադրության 32-րդ հոդվածի «ժդ» կետի համաձայն: Ամեն դեպքում, դատարանները տեղեկատվություն տնօրինող մարմիններ են, եւ եթե նրանք հնարավորություն ունեն տրամադրել տեղեկատվություն, ապա գովելի չէ այլ մարմնի հղում անելը: Այդպիսով, դատարանը քաղաքացուն գցում է քաշքշուկի մեջ՝ նրան ստիպում է ծախսել լրացուցիչ միջոցներ եւ ժամանակ, եւ քաղաքացու իրավունքների վերականգնման համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում:

 

Ելնելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների արդյունքներից` կարելի է հանգել այն եզրակացության, որ սեղմ ժամկետներում լիարժեք ու մեծածավալ տեղեկատվություն տրամադրելը գործնականում հնարավոր է, եւ որոշ դատարաններ դա ապացուցում են` տեղեկատվության ազատության ոլորտում ցուցաբերելով օրինակելի եւ գովելի աշխատանք:

Skip to content