Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Մենք բոլորս հասարակությունը կատարելագործողի դեր ենք կատարում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մենք բոլորս հասարակությունը կատարելագործողի դեր ենք կատարում

Տեղեկատվության ազատության հանձնակատարների 4-րդ միջազգային համաժողով

40 երկրների ներկայացուցիչներ մայիսի 22-24-ը հավաքվել էին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում` մասնակցելու Տեղեկատվության ազատության հանձնակատարների ամենամյա 4-րդ համաժողովին, որի նպատակն էր  ամփոփել տեղեկատվության ազատութան ոլորտում ձեռքբերումներն ու բացթողումները։

Համաժողովի կազմակերպիչ Մեծ Բրիտանիայի ՏԱ հանձնակատար Ռիչարդ Թոմասն իր ելույթում առաջ քաշեց այն գաղափարը, որ գործնականում տեղեկատվության ազատության իրավունքը հաճախ է բախվում օրենքով պահպանվող շահերին, ինչպես օրինակ, անձի մասնավոր կյանքի իրավունքին, բիզնեսի շահին, եւ այլն։ Մասնավոր ռեստորանների մասին գրելիս, օրինակ, լրագրողը բախվում է ռեստորանի բիզնեսի առեւտրային շահին, ինչպես նաեւ մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։ Սակայն, եթե հարց է բարձրացնում ռեստորանի կեղտոտ եւ հակասանիտարական պայմանների մասին, ապա այս դեպքում հանրությունը տվյալ ռեստորանի մասին տեղեկատվություն ստանալու իրավունք ունի։

Մեծ Բրիտանիայի սահմանադրական գործերով պետքարտուղար լորդ կանցլեր Ֆալկոներն իր ելույթում նշեց, որ 2005թ. հունվարի 1-ից հրապարակայնության նոր փուլ է սկսվել ՄԵծ Բրիտանիայի համար, երբ վերջապես ուժի մեջ մտավ Տեղեկատվության ազատության մասին 2000թ. ընդունված ակտը։ Այն հիմնարար փոփոխություն է մտցնելու կառավարման մշակույթում։ Շատերն այսօր ակնկալում են, թե տեղեկատվության ազատությունը պետք է ունենա անմիջական դրական ազդեցություն կառավարության վրա, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ ՏԱ-ն արագ փոփոխություններ չի կարող առաջ բերել։ Այն կառավարության հանդեպ վստահությունը մեկ գիշերում  բարձրացնող կախարդական փայտիկ չէ, այլ կառավարության մշակույթը փոխող գործընթացի մի մասն է։

Եվրոպական օմբուցմեն Նիկիֆորուս Դիամանդորուսը ներկայացրեց ՏԱ-ի եվրոպական փորձը` մասնավորապես Եվրամիության 1049/2001 հանձնարարականի կիրառման պրակտիկան, որն ապահովում է Եվրապառլամենտից, եվրախորհրդից եւ եվրահանձնաժողովից տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունը։

ՏԱ միջազգային պաշտպանների ցանցի ղեկավար, «Տեղեկատվության մատչելիություն. Եվրոպա» կազմակերպության  նախագահ Հելեն Դերբիշերը ներկայացրեց տեղեկատվության ազատության հասարակական պաշտպանների առջեւ ծագող հիմնական խոչընդոտները` խիստ կարեւորելով հանձնակատարների դերակատարումը ՏԱ ապահովման գործում։ Ներկայացնելով ՏԱ վիճակը աշխարհի տարբեր երկրներում, բանախոսը կարեւորեց հատկապես կառավարության կնքած պայմանագրերի, ինչպես նաեւ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերի մատչելիության հարցը` բերելով Բուլղարիայի օրինակը, որտեղ վերջերս դատարանը մերժել էր «Տեղեկատվության մատչելիության ծրագրիր» հասարակական կազմակերպության հայցը` կառավարության եւ Մայքրոսոֆթ ընկերության միջեւ կնքված պայմանագրի օրինակը տրամադրելու պահանջի մասին։ Մեծ է հասարակական կազմակերպությունների դերը հատկապես այն երկրներում, որտեղ դեռեւս չկան ՏԱ հանձնակատարներ։

Համաժողովի ավարտին Մեծ Բրիտանայի հանձնակատար Ռիչարդ Թոմասը ամբիոնին մոտեցավ հատակի մաքրիչով` հայտարարելով. «Մենք բոլորս հասարակությունը մաքրողի, կատարելագործողի դեր ենք կատարում»: Չէ՞ որ ՏԱ հանձնակատարները որպես անկախ մարմիններ միջնորդ են կառավարության եւ հասարակության միջեւ` ապահովելով մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքի իրական պաշտպանություն։

Որպես ՏԱ քաղաքացիական պաշտպանների լավագույն ներդրում այս գործընթացին, համաժողովին մասնակից 28 կազմակերպություններ Եվրոպայից, Ասիայից եւ Լատինական Ամերիկայից ընդունեցին ՏԱ Մանչեսթրյան հռչակագիրը։ Հայաստանից հռչակագրին միացել է համաժողովի մասնակից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

Նշվենք, որ Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է «Տեղեկատվության մատչելիության մասին» հատուկ կոնվենցիայի մշակման գործընթացը։ ՈՒստի Հռչակագիրը ստորագրած կազմակերպություններն իրենց աջակցությունը հայտնեցին Եվրոպայի խորհրդի կողմից կոնվենցիայի մշակման նախաձեռնությանը` կոչ անելով, որ համաձայնագրի նախապատրաստման գործընթացը լինի բաց եւ այն պատրաստելիս հաշվի առնվի քաղաքացիական հասարակության կարծիքը:

Skip to content