Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի անդամ հասարակական 28 կազմակերպություններ 2006թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում Տեղեկատվության ազատության հանձնակատարների 4-րդ միջազգային համաժողովից հետո ընդունեցին Տեղեկատվության մատչելիության Մանչեսթրյան Հռչակագիրը:
Տեղեկատվության մատչելիության Մանչեսթրյան հռչակագիր
Սույնով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ հանդիպելով Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած Տեղեկատվության ազատության հանձնակատարների 4-րդ միջազգային համաժողովի շրջանակներում.
- Վերահաստատում են Կանկունի դեկլարացիան, ըստ որի` տեղեկատվության մատչելիությունը մարդու հիմնական իրավունքներից է և ժողովրդավարական կառավարման, հաշվետու լինելու, ժողովրդավարության ձևավորման և տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման է,
- Կոչ են անում կառավարություններին հարգել տեղեկատվության մատչելիության իրավունքը և լավագույնս կիրառել այն` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,
- Մտահոգությամբ նշում են, որ աճում է տեղեկատվության մատչելիությունը որպես հանրության ապահովությանը և անվտանգությանը սպառնացող վտանգ դիտելու միտումը։ Միաժամանակ հավաստում են, որ տեղեկատվության մատչելիությունն անհրաժեշտ է մարդկանց մյուս իրավունքները պաշտպանելու համար և նպաստում է սոցիալական կայունությանն ու անվտանգությանը,
- Ճանաչում են այն կարևորագույն դերը, որ ունեն տեղեկատվության ազատության հանձնակատարները և համանման անկախ վերահսկողական մարմինները, որոնք պետք է բավարար և կայուն ֆինանսավորվեն,
- Հաստատում են քաղաքացիական հասարակության և տեղեկատվության ազատության հանձնակատարների միջև համագործակցության կարևորությունը, որն անհրաժեշտ է տեղեկատվության մատչելիության վերաբերյալ օրենսդրության կիրառման համար: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը պետք է շարունակի կատարել իր վերահսկող գործառույթը՝ ներառյալ ազգային օրենքների կիրառման եւ տեղեկատվության ազատության հանձնակատարների գործունեության դիտարկումը,
- Ընդգծում են կոռուպցիայի դեմ պայքարում տեղեկատվության մատչելիության դերը, որը հավաստվել է միջազգային պայմանագրերով: Մասնավորապես, մենք կոչ ենք անում բոլոր պետություններին ստորագրել և վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիան, ըստ որի իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն տեղեկատվության մատչելիությունը երաշխավորելու համար,
- Վերահաստատում են, որ տեղեկատվության մատչելիության իրավունքը պետք է ամբողջապես կիրառելի լինի միջազգային բոլոր կազմակերպությունների դեպքում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեր աջակցությունն ենք հայտնում Եվրոպայի խորհրդի կողմից “Տեղեկատվության մատչելիության” մասին համաձայնագրի մշակմանը:
Մենք կոչ ենք անում Եվրոպայի Խորհրդին ապահովել, որ համաձայնագիրն ամրագրի տեղեկատվության մատչելիությունը որպես մարդու հիմնարար իրավունք, համապատասխանի անդամ երկրների օրենսդրությանն ու կիրառման պրակտիկային և սահմանի արդունավետ ու բավարար չափով ֆինանսավորվող մոնիտորինգի մեխանիզմներ:
Մենք պահանջում ենք, որ համաձայնագրի նախապատրաստման գործընթացը լինի բաց և այն պատրաստելիս հաշվի առնվի քաղաքացիական հասարակության կարծիքը:
Բրիտանիա հյուրանոց, Մանչեսթր, 24 մայիսի 2006թ.