Գեւորգ Հայրապետյան
2005թ.-ի ընթացքում ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ԱրմենՏելի միջեւ կայացած բանակցությունների նիստերի արձանագրություններն ստանալու` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին նախարարությունը տվել է երեք միմյանց հակասող պատասխան։
Նախ, նախարարի տեղակալ պարոն Վ. Առաքելյանը գրավոր պատասխանեց. «Մինչեւ 2006թ.-ի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը Կարգավորողին է փոխանցել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի գրությունում բարձրացված հարցի կարգավորման նպատակով Ձեզ անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»: Կենտրոնը հետեւեց նախարարի տեղակալի խորհրդին եւ դիմեց հանձնաժողովին, որի նախագահ պարոն Ռոբերտ Նազարյանը, սակայն, գրավոր տեղեկացրեց, որ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը 2005 թվականի ընթացքում նախարարության եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջեւ կայացած բանակցությունների նիստերի արձանագրություններ չի փոխանցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»:
Հակասությունն ակնհայտ էր։ Պաշտոնյաներից մեկը ստում էր, մնում էր պարզել, թե ով։ ԻԱ կենտրոնը պատճենեց Ռոբերտ Նազարյանի գրությունը եւ ուղարկեց Տրանսպրոտի եւ կապի նախարարին, որին այլ բան չէր մնում, քան, խոստովանել, որ տեղեկություններն իսկապես նախարարությունում են, բայց, ցավոք, դրանց մի մասը պարունակում է կոմերցիոն գաղտնիք, ուստի պահանջեցին կոնկրետացնել, թե ԻԱ կենտրոնը կոնկրետ ո՛ր արձանագրությամբ է հետաքրքրված։ Երկրորդ գրությամբ, փաստորեն, նախարարի տեղակալ Վ. Առաքելյանը հավաստեց, որ ստել գիտի, բայց օրենք լավ չգիտի։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է գաղտնիք, ապա տեղեկություն տրամադրվում է մյուս մասի վերաբերյալ: Այսինքն, նախարարությունը պարտավոր է տրամադրել բոլոր այն արձանագրությունները, որոնք գաղտնիք չեն պարունակում։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնին ուղարկված երրորդ գրավոր պատասխանով Տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանն ապացուցեց, որ ստելու հետ միաժամանակ նաեւ սկզբունքային է, ինչն օրինավոր գործելուց վեր է դասում: Երրորդ գրությամբ նախարարությունն ուղղակի մերժեց տեղեկությունները տրամադրել` հիմնավորելով, որ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանված չէ կառավարության կողմից, ուստի նախարարությունը չի կարող բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պահանջը:
Վ. Առաքելյանին հիշեցնենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանված է Սահմանադրությամբ, որի նորմերը գործում են անմիջականորեն: Այսինքն, նույնիսկ եթե գոյություն չունենա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, առավել եւս կառավարության սահմանած կարգը, տեղեկությունը պետք է տրամադրվի: