Հրապարակումներ

Հրապարակումներ

Նախարարությունների ծառայողական բջջայինների վարձը 2 ամսվա համար գերազանցում է 3 միլիոն ՀՀ դրամը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Նախարարությունների ծառայողական բջջայինների վարձը 2 ամսվա համար գերազանցում է 3 միլիոն ՀՀ դրամը

2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ծառայողական բջջային հեռախոսահամարների օգտագործման վճարն ամենամեծն է բոլոր նախարարությունների շրջանում` 1.558.868 ՀՀ դրամ:

Ի հակադրություն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի միայն մեկ ծառայողական բջջային հեռախոսահամար (ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում), որի համար 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսներին ոչ մի դրամ չի վճարել, քանի որ ծառայողական բջջային կապից չի օգտվել: Նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ ծառայողական բջջային միակ հեռախոսահամարի համար մինչեւ 2013թ.-ի մայիսը ներառյալ վճարը կազմել է 66.475 ՀՀ դրամ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ. սեպտեմբերի 21-ին ուղարկած տեղեկություն ստանալու հարցումներով ՀՀ նախարարություններից փորձել էր պարզել, թե քանի ծառայողական բջջային հեռախոսահամար է գործարկվում յուրաքանչյուր նախարարությունում եւ որքան է կազմել հեռախոսամահարների ծառայությունների վարձը (զանգերի վարձ, կարճ հաղորդագրությունների վճար, ռոումինգ, ինտերնետ) 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար:
2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ծառայողական բջջային հեռախոսային ծառայությունից ամենաշատն օգտվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` երկու ամիսների ընթացքում ծախսելով ավելի քան 1.558.868 (828.993` հունիս եւ 729.875` հուլիս) ՀՀ դրամ: Այսքանը նախարարությունը վճարել է 10 հեռախոսահամար գործարկելով: Ընդհանուր գումարից 698.107 ՀՀ դրամը ռոմինգ ծառայության համար է, եւս 258.284 ՀՀ դրամը ինտերնետ ծառայությունից օգտվելու վճարն է:
ԻԱԿ-ի հարցմանը պատասխանած նախարարություններից ամենաշատ ծառայողական հեռախոսահամարներն ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը` 50 հեռախոսահամար: Այս 50 հեռախոսահամարների`  2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների օգտագործման վճարը կազմել է 458.240 ՀՀ դրամ:
Ամենաշատ ծառայողական բջջային հեռախոսներ` 96 հատ, ունի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ որի պատասխանի դրանք տրամադրված են օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներին: ԱԻՆ-ի ծառայողական բջջային հեռախոսների վարձը հաշվարկվում է մեկ ընդհանրական ծառայության վճարով եւ կազմում է ամսական 103.000 ՀՀ դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2013թ.-ի հուլիսի 15-ից` 48 ծառայողական բջջային հեռախոսահամար է հատկացվել նախարարության աշխատակազմի աշխատակիցներին: Եթե ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում խիստ կարիք է առաջացել աշխատակիցներին հատկացնել 48 հեռախոսահամար, ապա նախարարություններից յոթն ընդհանրապես ծառայողական բջջային հեռախոսահամարներ չունեն՝ ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները:
ՀՀ ֆինանսների նախարարությունից բացի միայն մեկ ծառայողական բջջային հեռախոս ունի նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Այդ հեռախոսի օգտագործման համար նախարարությունը 2013թ.-ի հունիս ամսին վճարել է 4.400 ՀՀ դրամ, իսկ հուլիսին` 3.000 ՀՀ դրամ` ընդհանուր` 7.400 ՀՀ դրամ;
Պարզվում է, որ ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկությունները եւս համարվում են պետական գաղտնիք. միակ նախարարությունը որ մերժել է տրամադրելա այս տեղեկությունները, ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նախարարությունը նշել է, որ դրանք ընդգրկված են գաղտնի տեղեկությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել էր մերժումը հիմնավորող իրավական նորմը` “Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին” ՀՀ կառավարության` 1998թ.-ի մարտի 13-ի թիվ 173 որոշման 11-րդ կետը, ըստ որի` պետական գաղտնիքի շարքն են դասվում զինված ուժերը, այլ զորքերը եւ քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնի-կական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները:
ՀՀ բոլոր նախարարությունները միասին ունեն 246 ծառայողական բջջային հեռախոս, որոնց օգտագործման վճարը 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար կազմել է 3.134.311 ՀՀ դրամ:
Նախարարությունների տված պատասխանների կարգավիճակին (լիարժեք պատասխան, թերի պատասխան, անհիմն մերժում եւ այլն) եւ պատասխանների հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքի համապատասխան նախարարության էջում։
Skip to content