“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ մարդկանց տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պետական մարմինները պետք է պատասխանեն 5-օրյա ժամկետում: Սակայն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձը վկայում է, որ հարցումներին պատասխանելու միջին ժամկետը դեռեւս 10-12 օր է։ Այսինքն, պետական մարմինները օրենքով սահմանված ժամկետից 2 անգամ ավելի դանդաղ են աշխատում:
Այսպես, 2012թ.-ին եւ 2013-ին ամենադանդաղ աշխատող գերատեսչությունները եղել են ՀՀ Ազգային ժողովը (պատասխանել է գրեթե 100 օր ուշացումով), ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը (ավելի քան 2 ամիս ուշացումով է պատասխանել), ՀՀ պաշտպանության նախարարությունը (ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է այն ուղարկելուց 1 ամիս հետո), ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները (երկուսն էլ ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են այն ուղարկելուց 1 ամիս 4 օր հետո), ինչպես նաեւ Ալավերդու եւ Երեւանի քաղաքապետարանները (ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են հարցումն ուղարկելուց համապատասխանաբար 28 եւ 26 օր հետո), “Հայրենիք-սփյուռք կենտրոն” ՊՈԱԿ-ը (ԻԱԿ-ի կրկնակի հարցմանը պատասխանել է այն ուղարկելուց 2 ամիս 9 օր հետո): Նշենք, որ բոլոր դեպքերում էլ պատասխանը ուշացնելիս մարմինները հղում չեն արել ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված` լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկություն տրամադրելու 30-օրյա ժամկետին եւ ուշացման մասին չեն տեղեկացրել, ինչը պարտավոր էին անել ըստ օրենքի։
Միայն 2013թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ԻԱԿ-ն ուղարկած հարցումների 37%-ին պատասխան տրվել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ։ Սա խիստ բացասական ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը գործում է արդեն 10 տարի։
2013թ.-ին ԻԱԿ-ն ամենաձգձգված պատասխանը ստացել է ՀՀ Ազգային ժողովից: ԻԱԿ-ը դեռեւս 2012թ.-ի նոյեմբերի 22-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 13 օր անց ԱԺ-ն էլեկտրոնային փոստի միջոցով միջանկյալ գրություն էր ներկայացրել, հայտնելով, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխան կտրամադրվի նման դեպքերի համար ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում: Հաշվի առնենք, որ միջանկյալ գրություն ներկայացնելու համար օրենքը սահմանում է առավելագույնը 5 օր, եւ ոչ՝ 13: Արդյունքում ԱԺ-ն ԻԱԿ-ի հարցմանը թերի պատասխան տրամադրեց հարցումն ուղարկելուց ավելի քան 3 ամիս հետո (100 օրից ավելի)` մարտի 5-ին: Պատասխանը համարվել էր թերի, քանի որ ըստ հերթական համարների բացակայել են որոշ կարգադրություններ (տես` http://www.givemeinfo.am/hy/case/1093/):
Վատագույն հաջորդ արդյունքը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությանն է։ Նախարարությունը ավելի քան 2 ամիս ուշացումով է պատասխանել 2013թ.-ի ապրիլի 3-ի` ԻԱԿ-ի հարցմանը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները (տես` http://www.givemeinfo.am/hy/case/1181/): ԻԱԿ-ի մեկ այլ` 2013թ.-ի փետրվարի 8-ին էլեկտրոնային փոստով ուղարկված հարցմանն էլ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 10 օր անց: Այս հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել տեղեկություններ 2012թ.-ին նախարարության ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների վերաբերյալ (տես` http://www.givemeinfo.am/hy/case/1146/):
Ժամկետների առումով 3-րդ վատագույնը 2013թ.-ի 1-ին կիսամյակում ՀՀ պաշտպանության նախարարությունն է, որից ԻԱԿ-ը 2013թ.-ի ապրիլի 3-ին ուղարկած հարցմամբ խնդրել էր տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Նախարարությունը տրամադրել էր հիմնավոր պատասխան հղումով հարցումն ուղարկելուց 1 ամիս 10 օր անց (տես`http://www.givemeinfo.am/hy/case/1178/):
Հաճախ ուշացած պատասխանի բովանդակությունը հուշում է, որ ձգձգումը անհարկի է եղել: Ուշացած տեղեկությունները կարող են այլեւս պիտանի չլինել, եւ անհարկի ուշացումը կարող է հնարավորություն չտալ քաղաքացիներին կամ լրագրողներին օգտագործել տեղեկություններն ըստ նշանակության եւ դրանց օգնությամբ իրականացնել իրենց այլ իրավունքները: