Հրապարակումներ

Հրապարակումներ

Պետական մարմինները 30 հազարից ավել էլեկտրոնային հարցում-դիմումներ են ստացել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Պետական մարմինները 30 հազարից ավել էլեկտրոնային հարցում-դիմումներ են ստացել

2013թ.-ի փետրվարի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմեց 30 պետական մարմինների՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ բոլոր նախարարություններ եւ մարզպետարաններ: Այս անգամ ԻԱԿ-ը հարցումներն ուղարկեց ոչ թե փոստային ծառայության, այլ էլեկտրոնային փոստի միջոցով: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունն ուներ մի քանի նպատակ. նախ ստուգել` արդյոք տեղեկություն տնօրինող պետական կառավարման մարմինները պատշաճ կերպով ընթացք տալիս են էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին եւ դիմումներին, եւ որքանով են օպերատիվ աշխատում այս դեպքում: ԻԱԿ-ը նաեւ նպատակ ուներ ստանալ տվյալներ այն մասին, թե ինչպես են քաղաքացիներն օգտագործում տեղեկատվական տեխնոլոգիաները պետական մարմիններին դիմելու համար, քանի դիմում կամ հարցում է մեկ տարվա կտրվածքով ներկայացվել այս կամ այն պետական մարմին: Եւ վերջապես, ԻԱԿ-ի էլեկտրոնային հարցումները հնարավորություն տվեցին եւս մեկ անգամ պարզել, թե ինչպես են պետական մարմինները կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը, իրականացնում յուրաքանչյուրի տեղեկատվության ազատության իրավունքը:

Տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել էր հայտնել.

  1. Իրականացվու՞մ է արդյոք տվյալ գերատեսչության ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառում,
  2. Եթե այո, ապա էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառումն իրականացվում է առանձին, թե ընդհանուր:
  3. Քանի՞ էլեկտրոնային հարցում եւ դիմում է ստացել տվյալ գերատեսչությունը 2012թ.-ին (եթե էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառումն իրականացվում է առանձին, ապա խնդրում ենք տրամադրել հարցումների քանակն առանձին, դիմումներինը՝ առանձին):

30 էլեկտրոնային հարցումներն ուղարկվել են էլեկտրոնային այն հասցեներին, որոնք նշված են տվյալ մարմիների պաշտոնական ինտերնետային կայքերում: Թեեւ ԻԱԿ-ը բոլոր հարցումներն ուղարկել էր էլեկտրոնային փոստով, սակայն դրանց մեծ մասին պատասխան տրամադրվել է թղթային, կամ նաեւ թղթային տարբերակով: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ չկան ընթացակարգեր էլեկտրոնային հարցումները եւ դիմումները գրանցելու եւ դրանց էլեկտրոնային տարբերակով պատասխանելու համար:

Պատասխանների բովանդակությունը

30 մարմիններից 9-ը չեն պատասխանել էլեկտրոնային հարցումներին։ Դրանք են՝ ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները, ինչպես նաեւ Լոռու եւ Վայոց Ձորի մարզպետարանները։ Պատասխանների վերլուծությունը կներկայացնենք 21 կառույցներից ստացված պատասխանների բովանդակության հիման վրա։

Առաջին հարցը վերաբերում էր տվյալ գերատեսչության ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառմանը: Այս հարցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պատասխանել է, որ նախարարությունը էլեկտրոնային հարցումներ եւ դիմումներ առհասարակ չի ստացել: Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնել է, որ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառում նախարարությունը չի իրականացնում: Գեղարքունիքի մարզպետարանն էլ այս հարցին չէր պատասխանել: ԻԱԿ-ի հարցմանը պատասխանած մնացած բոլոր մարմիններն այս հարցին տվել են լիարժեք պատասխան, ընդ որում` գրեթե բոլորն իրենց պատասխան գրություններում նշել են, որ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության “Մալբերի” համակարգի միջոցով:

Երկրորդ հարցով խնդրել էինք տեղեկացնել, թե տվյալ մարմնում էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառումն իրականացվում է միասին, թե՞ առանձին: Միակ կառույցը, որտեղ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառումն իրականացվում է առանձին, Տավուշի մարզպետարանն է: Մնացած բոլոր մարմիններն այս հարցին ի պատասխան հայտնել են, որ էլեկտրոնային հարցումներն եւ դիմումները միասնական են հաշվառվում: ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների եւ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխաններում այս հարցին անդրադարձ չի կատարվել:

Երրորդ հարցին, որով խնդրվել էր ներկայացնել տվյալ մարմնի ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների քանակը, չեն պատասխանել Արարատի մարզպետարանը, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները: Մնացած մարմինները ներկայացրել են ստացված էլեկտրոնային հարցումների եւ դիմումների կամ ընդհանուր քանակը, կամ էլ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների քանակն առանձին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնել է, որ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառում չի իրականացնում, իսկ Արմավիրի մարզպետարանը էլեկտրոնային հարցումների եւ դիմումների առանձնացված թիվ չի նշել, քանի որ մարզպետարանում իրականացվում է բոլոր եղանակներով ստացված հարցումների եւ դիմումների ընդհանուր հաշվառում: Ուստի, վերոնշյալ մարմինների ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների քանակը չենք կարող համեմատել, քանի որ առանձնացված տվյալներ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների վերաբերյալ չեն տրամադրվել:

Սյունիքի մարզպետարանը նշել է նաեւ իր ստացած գրավոր եւ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների ընդհանուր քանակը. մարզպետարանի ստացած 26 հարցումներից էլեկտրոնային տարբերակով ներկայացված են եղել 11-ը, իսկ 2.431 դիմումներից էլեկտրոնային տարբերակով ներկայացվել են միայն 7-ը:
Ստացված հարցումների եւ դիմումների ընդհանուր թվեր նշել է նաեւ Տավուշի մարզպետարանը. Տավուշի մարզպետարանը ստացել է 6 հարցում, որոնցից ոչ մեկը ներկայացված չի եղել էլեկտրոնային տարբերակով, եւ 1.532 դիմում, որոնցից էլեկտրոնային են եղել միայն 3-ը:

Այսպիսով, ստացված պատասխանների համեմատությունը ցույց է տալիս, որ 2012թ.-ի ընթացքում էլեկտրոնային տարբերակով ամենաշատ հարցումներ եւ դիմումներ ստացել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` 12.765 հարցում եւ դիմում: Հաջորդը ՀՀ ֆինանսների նախարարությունն է, որը 2012թ.-ին ստացել է 8.601 էլեկտրոնային հարցում եւ դիմում: Էլեկտրոնային տարբերակով ամենաշատ հարցումներ եւ դիմումներ ստացած 3-րդ մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է` 5.027 էլեկտրոնային հարցում եւ դիմում:

Մարզպետարաններից էլեկտրոնային տարբերակով ամենաշատ հարցումներ եւ դիմումներ ստացել է Արագածոտնի մարզպետարանը` 2.099 հարցում եւ դիմում:

Այսպիսով, 18 նախարարություններից միայն 3-ի` ՀՀ սփյուռքի, ՀՀ ֆինանսների եւ ՀՀ կրթության և գիտության նախարարությունների` 2012թ.-ին ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների թիվը գերազանցում է 25.000-ը:

2012թ.-ին միայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է, որ էլեկտրոնային որեւէ հարցում կամ դիմում չի ստացել:

2012թ.-ին էլեկտրոնային տարբերակով ամենաքիչ հարցումներ եւ դիմումներ ստացել են Տավուշի, Շիրակի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզպետարանները: Տավուշի մարզպետարանը ստացել է էլեկտրոնային 3 դիմում (էլեկտրոնային հարցում չի ստացել), Շիրակի մարզպետարանը` 16, Սյունիքի մարզպետարանը` 18, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը` 21 հարցում եւ դիմում:

Նախարարություններից էլեկտրոնային տարբերակով ամենաքիչ հարցումներ եւ դիմումները ստացել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը` 77 հարցում եւ դիմում:

ԻԱԿ-ի հարցմանը պատասխանած բոլոր նախարարությունները միասին 2012թ.-ին ստացել են 28.902 էլեկտրոնային հարցում եւ դիմում, իսկ մարզպետարանները` 3.629 էլեկտրոնային հարցում եւ դիմում:

Այսպիսով, Էլեկտրոնային հարցումների մեծ քանակը ենթադրում է պետական կառավարման մարմինների աշխատաոճի որոշ փոփոխություններ.

  • նախ, էլեկտրոնային հարցմամբ դիմած քաղաքացին ակնկալում է էլեկտրոնային պատասխան, ինչն ավելի արդյունավետ է ժամկետների առումով, ուստի ոչ ուշ ապագայում կարիք կառաջանա ստեղծել համապատասխան տեխնիկական պայմաններ պետական կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների համար քաղաքացիների էլեկտրոնային հարցումները եւ դիմումները գրանցելու եւ դրանց էլեկտրոնային տարբերակով պատասխանելու համար,
  • էլեկտրոնային հարցումների լայն կիրառությունը ստեղծում է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն. մինչ օրս “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքում հստակորեն սահմանված չեն էլեկտրոնային հարցումը եւ էլեկտրոնային հարցմանն ընթացք տալու կարգը,
  • վեջապես, անհրաժեշտ է ապահովել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու պաշտոնյաների գիտելիքների բարձրացում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ոլորտում, ինչն արդյունավետ աշխատանքի կարեւորագույն նախապայման է:

Պատասխանների բովանդակությունը ՏԱ տեսանկյունից

Ինչպես նշեցինք, ԻԱԿ-ը ՀՀ Նախագահի աշխատակազմին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ բոլոր նախարարություններին եւ բոլոր մարզպետարաններին ներկայացրել էր 30 հարցում, որոնցից պատասխան ստացել է 21-ը (70%), իսկ 9-ը (30%) մնացել է անպատասխան: Ընդ որում, 9 լուռ մերժումներից 5-ի հեղինակը նախարարություններն են (ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները), 2-ինը` մարզպետարաններ (Լոռու եւ Վայոց Ձորի մարզպետարանները): Էլեկտրոնային հարցումներն անպատասխան են թողել նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմը եւ ՀՀ Ազգային ժողովը:

Հատկանշական է, որ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում առանձին բաժին գոյություն ունի` “Նամակ Նախագահին”: Սակայն կայքի այդ բաժնում նշված է, որ Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության (http://www.president.am/hy/send-letter-to-president/):

Հարկ է նշել, որ լուռ մերժումները բավական մեծ թիվ են կազմում` 30%: ԻԱԿ-ի այս հարցումները ցույց տվեցին, որ էլեկտրոնային հարցումների դեպքում այսօր լուռ մերժումների թիվն այնքան է, ինչքան մի քանի տարի առաջ գրավոր հարցումների դեպքում արձանագրված լուռ մերժումներն էին: Սա կարող է խոսել էլեկտրոնային տարբերակով քաղաքացիների հետ աշխատանքի մշակույթի բացակայության կամ էլեկտրոնային տարբերակով աշխատելու թե գիտելիքների, թե տեխնիկական հմտությունների առումով անպատրաստ լինելու մասին: Իհարկե չի կարելի բացառել նաեւ, որ լուռ մերժումների մեծ թիվը կարող է պայմանավորված լինել էլեկտրոնային փոստին բնորոշ տեխնիկական խնդիրներով:

Պատասխան ստացած 21 հարցումներից 19-ին (ընդհանուր հարցումների 63.3% եւ պատասխան ստացած հարցումների 90.5%) տրվել է լիարժեք պատասխան, որոնցից 17-ին տրվել է ժամանակին լիարժեք պատասխան, 3-ին` ուշացած լիարժեք պատասխան: 2 (ընդհանուր հարցումների 6.7% եւ պատասխան ստացած հարցումների 9.5%) հարցման տրամադրվել է թերի պատասխան: Ընդ որում, թերի պատասխանը ներկայացվել է առանց ժամկետների խախտման:

Թերի պատասխանի հեղինակներն են Արարատի եւ Գեղարքունիքի մարզպետարանները: Արարատի մարզպետարանի պատասխանը համարվել է թերի, քանի որ ներկայացված չեն եղել տեղեկություններ մարզպետարանի ստացած էլեկտրոնային հարցումների եւ դիմումների քանակի վերաբերյալ (ԻԱԿ-ի հարցման 3-րդ հարցի պատասխանը): Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանում բացակայել են տվյալներ էլեկտրոնային հարցումների եւ դիմումների հաշվառման վերաբերյալ (ԻԱԿ-ի հարցման 1-ին եւ 2-րդ հարցերի պատասխանները):

Պատասխան ստացած 21 էլեկտրոնային հարցումներից 12-ին (պատասխան ստացած հարցումների 57.1%) պատասխան տրամադրվել է թղթային տարբերակով` փոստային ծառայության միջոցով: 9 (պատասխան ստացած հարցումների 42.9%) հարցման պատասխանը ներկայացվել է էլեկտրոնային փոստի միջոցով: Նշենք նաեւ, որ որոշ դեպքերում էլեկտրոնային փոստով ներկայացված պատասխան գրությանը զուգահեռ ներկայացվել է նաեւ գրության թղթային տարբերակը` փոստային ծառայության միջոցով: Այս դեպքերում ԻԱԿ-ը պատասխանը համարել է էլեկտրոնային տարբերակով տրամադրված (բնականաբար, պատասխան գրությունների թղթային տարբերակներն ԻԱԿ-ին են հասել էլեկտրոնային տարբերակներից ուշ):

Թեեւ ԻԱԿ-ը բոլոր հարցումներն ուղարկել էր էլեկտրոնային փոստով, սակայն դրանց մեծ մասին պատասխան տրամադրվել է թղթային, կամ նաեւ թղթային տարբերակով: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ չկան ընթացակարգեր էլեկտրոնային հարցումները եւ դիմումները գրանցելու եւ դրանց էլեկտրոնային տարբերակով պատասխանելու համար: Էլեկտրոնային հարցումների հարցը կարգավորված չէ նաեւ ՏԱ մասին օրենքով, ուստի ԻԱԿ-ին պատշաճ պատասխան տրամադրելու համար տեղեկություն տնօրինողները նախընտրում են էլեկտրոնային հարցումներին պատասխանել թղթային, կամ նաեւ թղթային տարբերակով:

Պատասխանների ժամկետները

30 էլ. հարցումներից 9-ը (30%) մնացել են անպատասխան, 18-ին (60%) պատասխան տրամադրվել է ժամանակին, իսկ 3-ին (10%)՝ ժամկետների խախտմամբ: Ինչպես տեսանք, բավական մեծ թիվ են կազմում ժամանակին տրամադրված պատասխանները: Հարկ է նաեւ նշել, որ ժամանակին տրամադրված 18 պատասխաններից 15-ի դեպքում ԻԱԿ-ի հարցմանը պատասխանվել է հարցումն ուղարկելուց հետո 1-ից 3 օրվա ընթացքում:

Ժամկետների առումով լավագույնները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններն են եւ Կոտայքի մարզպետարանը, որոնք ԻԱԿ-ի հարցմանը էլեկտրոնային տարբերակով լիարժեք պատասխան են տրամադրել հարցումն ուղարկելուց 1 օր անց:

Ժամկետների առումով վատագույնը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է, որն իրեն հասցեագրված էլեկտրոնային հարցմանը թղթային տարբերակով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 15 օր հետո:

Մնացած մարմիններն ԻԱԿ-ի հարցումներին պատասխանել են 2-ից 11 օրվա ընթացքում: ԻԱԿ-ի հարցումներին պատասխան տրամադրվել է միջինը 5-4 օրում:

Հարցումներին և դրանց պատասխաններին կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքի համապատասխան պետական մարմնի բաժնում:

Skip to content